Tert.am-ը գրում է․

Երևան քաղաքի նախկին գլխավոր հոգեբույժ Հարություն Մինասյանը, ով հայտնի է ԱԺ պատգամավորների համար հոգեկան առողջության և ինտելեկտուալ կրթական ցենզ սահմանելու, նաև՝ հոգեբուժական «փորձաքննության» մասին առաջարկ-կոչով, անդրադառնալով ԱԺ-ում հաճախ հանդիպող կոնֆլիկտային իրավիճակներին, նշեց. «Նրանք սթրեսները ծանր են տանում, ադապտացիայի հետ կապված խնդիրներ ունեն, դրա համար էլ կոնֆլիկտներ են առաջանում: Այ դրա համար էլ լրագրողների վրա հարձակվում են, չեն կարողանում իրենց զսպել, վերահսկել, և այդտեղից առաջանում է հայհոյանքը կամ բռնությունը, սպառնալիքը, որովհետև նրանք չունեն ինտելեկտ: Մարդն ինչքան ինտելեկտով բարձր է, այնքան կարողանում է իրեն վերահսկել իրեն»։ 

-Պարոն Մինասյան, Դուք 20 տարի շարունակ բարձրաձայնում եք այն մասին, որ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու փաստաթղթերի մեջ պետք է լինի նաև, այսպես ասած՝ հոգեկան առողջության ցենզ: Նշենք, որ գարնանային նստաշրջանն առանձնացավ լրագրողների վրա պատգամավորների հարձակումների դեպքերով, իսկ աշնանայինի ժամանակ էլ նման վարք դրսևորեց ԱԺ անվտանգության ծառայության պետը՝ հարձակվելով լրագրողուհու վրա: Հետևելով ԱԺ աշխատանքներին, կարո՞ղ եք ասել՝ նորից ակտուա՞լ է Ձեր առաջարկը:

-Ճիշտ արձանագրեցիք, որ արդեն 20 տարի է՝ այդ հարցը բարձրացնում եմ, ու ասեմ, որ ոչ միայն «Թոխմախի Մհերի» կամ «Շմայսի» նման մարդիկ չպետք է լինեն ԱԺ-ում, այլ` ընդհանրապես շատերը, որովհետև ԱԺ-ն երկրի օրենսդիր մարմինն է, որտեղ էլ է որոշվում երկրի ճակատագիրը: Եվ եթե, Աստված չանի, այնտեղ մեծամասնություն կազմեն հոգեպես անհավասարակշիռ, ոչ նորմալ, նույնիսկ՝ հոգեկան հիվանդ, հաճախ՝ թմրամոլ, ալկոհոլիկ մարդիկ, ապա մեր ԱԺ-ի ընդհանուր որակը, բնականաբար, կընկնի և, կրկնում եմ՝ երկրի վիճակն էլ կարելի է պայմանավորել Ազգային ժողովի մակարդակով: Մեկ-մեկ մարդիկ կան, ոչ նորմալ մարդիկ, որոնց ոչ միայն իմ աչքն է տեսնում Ազգային ժողովում՝ ես մասնագիտությամբ հոգեբույժ եմ՝ իմ աչքը սուր է, այլև հասարակ քաղաքացիները, ժուռնալիստները, որ կան մարդիկ, որոնց տեղը ոչ թե այնտեղ է, այլև ինչո՞ւ ոչ՝ բժշկական հաստատություններում: 

-Բայց կարծեմ, օրենսդրությամբ, նույնիսկ եթե մարդը հաշվառված է հոգեբուժական հաստատություններում, ունի ընտրելու և ընտրվելու իրավունք:

-Եթե մարդը հաշվառված է, հոգեկան հիվանդ է, դա դեռևս չի նշանակում, որ ինքը ընտրելու և ընտրվելու իրավունք չունի, քանի որ նրա՝ ընտրելու և ընտրվելու իրավունքը որոշվում է դատարանի միջոցով: Այսինքն՝ պետք է, որ այդ անձը կամ նրա հարազատները դիմեն դատարան, որը նրան ճանաչի գործունակ կամ անգործունակ: Իրավաբանական նման տերմին կա: Այսինքն՝ մարդը կարող է լինել հիվանդ (հոգեկան առողջության խնդիրներ ունեցող), բայց քանի որ դատարանի կողմից չի ճանաչվել անգործունակ, կարող է ընտրել և ընտրվել: Օրինակ՝ նախորդ Ազգային ժողովներից մեկում ես ճանաչում էի մի ընկերոջ, նա արդեն մահացել է, ով ծանր հոգեկան հիվանդ էր և առաջադրված էր որպես պատգամավորության թեկնածու: Իհարկե, ձայներ հավաքեց, բայց չընտրվեց, պատգամավոր չդարձավ: Մի ուրիշին էի ճանաչում, որը ալկոհոլիկ էր, հարբեցող, քանի որ մասնագիտությամբ հոգեբույժ եմ, մարդկանց ճանաչում եմ ու նաև գիտեմ նրանց կենսագրականները։ Նա էլ, կարծեմ, երկու անգամ առաջադրվեց պատգամավորության թեկնածու և չանցավ: Բայց կարող է նաև անցնել, և հիմա էլ, ոչ ոք չգիտի, թե մեր ԱԺ-ում ով ինչ առողջական վիճակ ունի: Եվ ոչ միայն նրանց հոգեկան առողջության հարցերն են կարևոր, այլև մարմնական, որովհետև շատերը, ովքեր տառապում են այս կամ այն ծանր մարմնական հիվանդությամբ, նրանց հոգեբանությունը շեղվում է: Այնտեղ՝ Ազգային ժողովում կան նաև ինտելեկտի իջեցմամբ մարդիկ՝ դեգրադացվածներ: Անձի դեգրադացիան հաճախ առաջանում է ալկոհոլի չարաշահումից և ոչ միայն հայհոյում են, ծեծում են... Ես մեկ մեկ կարդում եմ նրանց հարցազրույցները, այսպես ասած՝ հաջողված, այսինքն՝ համաձայնել են ժուռնալիստին հարցազրույց տալ, ոչ թե կոպտել են, հայհոյել են, ժուռնալիստն էլ գրանցել է, և երբ նրանց լեքսիկոնին ծանոթանում ես, ուղղակի զարմանում ես, որովհետև փողոցում աղբ հավաքող մարդն այդպիսի բառապաշար չունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել