Tert.am-ը գրում է.

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հստակ չի կարող ասել՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցմամբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը խնդիրներ կունենա՞, թե՞ ոչ։ 

«Ոլորտը բազմազան է. կան ընկերություններ, որոնք իրենց վաճառքը իրականացնում են ինտերնետի միջոցով, և պայմանական ասած՝ ոլորտին ոչինչ չի սպառնում: Դրա համար, սա դատարկ թեմա է, մոդայիկ է, բայց՝ դատարկ։ Սակայն պարզ չէ, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ԱՄՆ-ի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ ո՞նց է լինելու, ԱՄՆ-ի հետ աշխատող ընկերություններին ի՞նչ է սպասվում»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ քանի որ ինժեներական ոլորտի ընկերությունների մի զգալի մասը Ռուսաստանի Դաշնության հետ է աշխատում, ապա այդ առումով դրական փոփոխություններ կլինեն՝ ՄՄ երկրներում վաճառքի ժամանակ ձևակերպումները կհեշտանան։ Սակայն մյուս կողմից՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում արտադրվող տարբեր տեսակի սարքավորումներ գնելիս խնդիրներ կառաջանան։ Այնպես որ, ըստ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրենի՝ միանշանակ ոչինչ ասել հնարավոր չէ:

Բանախոսին մտահոգում է այն, որ երկրում բացակայում են ինստիտուտները, որոնք կարող են ադեկվատ քաղաքական և տնտեսական վերլուծություններ ու քննարկումներ անել, այդ պատճառով նույնպես հնարավոր չէ հստակ պնդել՝ ՏՏ ոլորտը կտուժի՞, թե ոչ, կամ ո՞ր ոլորտը կտուժի, որը՝ ոչ:

«Մեր մոտ քննարկումները, կանխատեսումները՝ Վանգայի կամ զառ գցողի մակարդակում են»,-ասաց Կարեն Վարդանյանը:

Այդուհանդերձ, Կարեն Վարդանյանը կարծում է, որ Հայաստանը պետք է ցանկացած վայրիվերումների ժամանակ աշխատանքի հոսք կարողանա ապահովել. եթե մի շուկան փակվի, պետք է կարողանալ մյուս շուկային համակերպվել և արտադրանք տալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել