Why Not to Eat After 7 P.M.Մենք բոլորս էլ գիտենք, որ ճարպոտ սննդամթերքը կարող է հանգեցնել քաշի ավելացման, սակայն գիտնականները նշում են, որ կարևոր է ոչ միայն, թե ինչով ենք մենք սնվում, այլև երբ ենք սնվում: Տեխնիկայի զարգացմանը զուգընթաց մարդիկ սկսել են ավելի ու ավելի երկար ժամեր անցկացնել համակարգչի կամ հեռուստացույցի առջև՝ հաճախ չկարողանալով կտրվել էկրանից մինչև ուշ գիշեր: Գիշերային ժամերին որևէ ֆիլմ դիտելուն կամ ինտերնետում որևէ բան փնտրելուն զուգահեռ մարդիկ սկսում են սնվել զանազան մթերքներով: Ամերիկացի գիտնականների կողմից վերջերս անցկացված հետազոտության տվյալները վերահաստատել են այն համոզմունքը, որ ուշ ժամերին սնվելը հանգեցնում է գիրացման: Գիտնականները գիտափորձ են անցկացրել մկների վրա: Նրանք մկներին բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի մկներին թույլ են տվել ուտել օրվա ընթացքում,  սակայն ուշ ժամերին նրանց կեր չեն տվել: Մյուս խմբի մկները ազատ են եղել ուտել ցանկացած ժամի, այդ թվում՝ ուշ երեկոյան և գիշերը: Երկու խմբի մկներին էլ տվել են միևնույն կալորիականությամբ և միևնույն քանակությամբ կեր: Հետազոտության ավարտին պարզվել է, որ ի տարբերություն առաջին խմբի մկների՝ երկրորդ խմբի մկները ճարպակալել են:  Հետազոտական թիմի գլխավոր գիտնական Սաթչիդանանդա Փանդան նշել է, որ օրվա որոշ ժամերի մարդու մարսողական օրգանները գտնվում են ակտիվ վիճակում, իսկ այլ ժամերի դրանք «քնած» են: Անկանոն կերպով սնվելը կարող է խախտել օրգանիզմի ներքին ժամացույցը:

Եթե մինչև ժամը 19.00-ն արդեն հասցրել եք երեք անգամ ճաշել, այդ ժամից հետո որևէ բան ուտելով՝ Դուք կարող եք գերազանցել օրգանիզմին անհրաժեշտ կալորիաների քանակը: Եթե ուշ ժամերին սնվելու պատճառով սկսեք ավելի շատ կալորիաներ ընդունել, քան Ձեր օրգանիզմն այրում է, Ձեր օրգանիզմում աստիճանաբար կկուտակվի կալորիաների ավելցուկ, որն աստիճանաբար կվերածվի ավելորդ կիլոգրամների:   

http://www.ultimatelifespan.com/images/hungry-woman-at-fridge-nighttime-snack.jpg

Եթե Դուք ճաշից հետո ուտում եք չիպս, աղանդեր կամ բլիթներ, Դուք Ձեր սննդակարգին ավելացնում եք զգալի քանակով կալորիաներ: Օրինակ՝ մեկ բաժակ շոկոլադե պաղպաղակը միջին հաշվով ավելի քան 375 կալորիա է պարունակում, 25 գրամ շաքար ու 25 գրամ ճարպ: Ուստի պետք է մի փոքր չափավորել ճաշից հետո ընդունվող սննդամթերքի օգտագործումը: Գիրանակու վտանգը մասնավորապես ակնառու է այն դեպքում, եթե Դուք ուտելիս դիտում եք հեռուստացույց կամ զբաղվում որևէ այլ գործով, որը շեղում է Ձեզ սննդից:  

Հաճախ մարդիկ ուշ երեկոյան և գիշերային ժամերին ուտելու պահանջ են զգում այն պատճառով, որ օրվա ընթացքում չեն հագեցնում իրենց քաղցը: Որոշ մարդիկ ողջ օրվա ընթացքում փորձում են զսպել իրենց քաղցը, իսկ օրվա վերջում չեն դիմանում ու այսպես ասած տեղը հանում են: Կոլումբիայի համալսարանի դասախոսները նշել են, որ դա բացասաբար է ազդում օրգանիզմի վրա. կիսաքաղցած անցկացված օրվա վերջում շատերն ավելի շատ սննդամթերք են օգտագործում, քան եթե ժամանակին նորմալ սնվեին:  Որոշ մարդիկ ուշ ժամերին սնվում են անգամ այն դեպքում, երբ անոթի չեն: Սա պարզապես բացասական սովորույթ է, որից պետք է ազատվել, եթե չեք ցանկանում ավելորդ քաշ հավաքել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել