(պատմվածքի սևագիր տարբերակ)

Բանտախցի երկաթի դուռը շրխկոցով փակվեց, ու փոքրիկ տոպրակով երիտասարդ կինը մի ընդհանուր հայացք գցեց ոչ լավ լուսավորված սենյակին; Չորս երկհարկանի մահճակալներ կային: Հենց այդպիսին էլ պատկերացրել էր բանտախցերը:
-Անունդ ի՞նչ է,- լսվեց մահճակալներից մեկի կողմից:
-Ազնիվ,- պատասխանեց նորեկը:
- Դու էն Երևանյան լճի մոտ կանգնող Ազնիվը չե՞ս,- շարունակեց ձայնը:
-Հա, ես եմ:
Ազնիվը փարթամ մազերով, քիչ մուգ մաշկով հաճելի երիտասարդ կին էր: Զուսպ, բավական խելացի հայացք ուներ
-Առաջ արի,- ասաց նույն ձայնը:
Ազնիվը գնաց ձայնի ուղղությամբ: Ձայնի տեր կինը կողքի թեքվեց մահճակալի վրա, վեր կենալու շարժում արեց:
- Չստերս տակն են, կռացիր, հանիր:
Ազնիվը կարծես անորոշ թմբիրից արթնացավ: Հայացքը սրվեց, հետ քայլ արեց:
-Ինքդ կռացիր, վերցրու:
Կինը հանկարծակի եկավ:
-Յաաաաաաա,- ու ճարպկորեն վեր ցատկեց մահճակալից:
Անսպասելի հարվածից Ազնիվը հայտնվեց գետնին: Քիչ անց, երբ ուշքի եկավ, սենյակում լռություն էր: Նստեց տեղում:
-Ազնիվ, այստեղ արի,- լսվեց մի փափուկ ձայն պատը տակ դրված մահճակալից;
Ազնիվը բարձրացավ հատակից, ուղղեց շորերը, մոտեցավ;
- Նստիր,- իր մահճակալին տեղ բացեց պառկած կինը:
-Դրսում եղանակը ո՞նց էր:
- Անձրևը քիչ առաջ կտրվեց,- քթի տակ պատասխանեց Ազնիվն ու ձեռքով սեղմեց հարվածից տնքացող քունքը:
- Ի՞նչ ես արել:
- Մարդ եմ սպանել,- կտրուկ պատասխանեց Ազնիվը:
-Արժանի՞ էր,- սևեռուն նայեց կինը:
- Արժանի էր,- չուշացավ պատասխանը:
- Բարձրացիր, իմ վերևում կքնես,-ասաց կինը, ու Ազնիվն զգաց, որ խոսակցությունն ավարտված է:
Պառկեց, բայց քունը չէր տանում: Աշխատում էր տեղում հնարավորինս քիչ շուռումուռ գալ: Այդպես էլ քնեց:
Հաջորդ օրը կանանցից ոչ ոք չէր նկատում Ազնիվի ներկայությունը: Միայն ճաշարանում իր առաջին հարկի հարևանուհին՝ Արաքսին, ձեռքով նշան արեց.
- Նստիր կողքիս:
Աչքի տակով սկսեց ուսումնասիրել սեղանակից կանանց, բայց հարվածողի դեմքը այդպես էլ չհիշեց:
ՈՒտելիքը կուլ չէր գնում:
- Հը՞, դուրդ չի՞ գալիս,- քմծիծաղեց Արաքսին,- կեր, լավ-վատ մի արա, սոված կմնաս:
- Չէ, լավ-վատ չեմ անում, Ղարաբաղում պատերազմի ժամանակ ավելի տհաճ բաներ եմ կերել:
-Ղարաբաղու՞մ,- հարցական նայեց Արաքսին: 
Խոսակցությունը շարունակվեց արդեն բանտախցում, երբ փակվեց մետաղյա ծանր դուռը:
-Ասում ես, պատերազմի ժամանակ Ղարաբաղու՞մ ես եղել: Քանի՞ տարեկան էիր:
- Քսան,- պատասխանեց Ազնիվն ու հասկացավ, որ Արաքսին սպասում է, որ ինքը շարունակի:
Մյուս կանանցից մի երկուսն էլ տեղավորվեցին դիմացի մահճակալի եզրին: Զգաց, որ ինքն էլ պատմելու, խոսելու ցանկություն ունի, ինչը հազվադեպ էր պատահում: Ընդհանրապես չէր սիրում իր մասին խոսել, բայց հիմա գուցե Արաքսու փափուկ ձայնն ու ջերմ մայրական աչքերն էին տրամադրում խոսելու: Հիսունն անց այդ կնոջ մեջ, չնայած մեղմությանը, մի տեսակ ուժ կար, որ վստահություն էր առաջացնում:
- Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երրորդ կուրսում էի, երբ Դուշամբեում բռնկված հայտնի հակահայ հիստերիայի ժամանակ հորս բարձրաստիճան տաջիկ ընկերը օգնեց, որ մեր ընտանիքը ապահով տեղափոխվի Հայաստան:- առանց այլևայլության սկսեց Ազնիվը:- Հայրս ծնունդով ղարաբաղցի էր, գերազանց տիրապետում էր ադրբեջաներենի նույնիսկ բարբառային ձևերին; Իշխանությունների խնդրանքով նա աշխատանքի անցավ հատուկ ծառայություններում: Ես չցանկացա այլևս ուսումս շարունակել, քանի որ ինձ հետ չունեի ոչ մի փաստաթուղթ: Երևանն ինձ համար նոր աշխարհ էր, նոր մոլորակ և բավականին տարբեր իմ իմացածից: Ես դժվար էի ընտելանում: Հայրս երկար ժամանակով հաճախ էր տանից բացակայում: Մենք երբեք չէինք իմանում նրա գտնվելու վայրը: Վերջին անգամ նրա բացակայությունը շատ երկարեց: Լուր առանք, որ Բաքվում նա բացահայտվել ու ձերբակալվել է: Ամենաբարձր մակարդակով անգամ մարդիկ խառնվեցին, բայց հորս մասին որևէ ստույգ տեղեկություն այդպես էլ չհաջողվեց ստանալ: Անորոշությունը սպանում էր մեզ: Գիշերները հաճախ էի արթնանում մորս հեկեկոցներից, որքան էլ նա աշխատում էր լացը թաքցնել քրոջիցս ու ինձանից: Հենց այդպիսի մի գիշեր էլ որոշեցի՝ պիտի գնամ բաքու, ինքս գտնեմ հորս: Այդ միտքը դարձավ իմ կյանքի գերագույն նպատակը:
Սկսեցի ամեն օր գնալ, շրջել մոտակա զինկոմիսարիատի բակում: Ես արդեն Բաքու հասնելու պլան ունեի: Այդ օրերին զինկոմիսարիատները հանգիստ չունեին, աշխատում էին օր ու գիշեր, ազատամարտիկների խմբեր էին կազմում, ինչով հնարավոր էր օգնում էին նրանց, ավտոմեքենաներ տրամադրում՝ նրանց Ղարաբաղ հասնելու համար:
Գնացող-եկող ազատամարտիկներից շատերին արդեն դեմքով էի ճանաչում: Պլանս իրագործելու համար պետք է ծանոթանայի նրանցից որևէ մեկի, երիտասարդ կամավորականի հետ:Ընտրությունս կանգնեց մի համակրելի տղայի՝ Համիկի վրա: Ծանոթացա, մի քանի հանդիպումից հետո իմացա, որ նրանց ջոկատը պատրաստվում է Ղարաչինար գնալ: Առանց այս ու այն կողմ ընկնելու, հայտարարեցի, որ սիրահարված եմ իրեն, առանց նրա կյանք չունեմ, այնպես որ, իր հետ ես էլ մեկնելու եմ Ղարաչինար: Դժվար էր, բայց իրեն էլ, ջոկատի հրամանատարին էլ համոզեցի: ճիշտ է անփորձ, լավ պահած աղջիկ էի, բայց միշտ էլ, դեռ փոքրուց, աչքի էի ընկնում իմ համարձակ, ինքնուրույն, նույնիսկ արկածախնդիր որոշումներով, ինչը վախեցնում էր մորս, բայց հորս կողմից արժանանում էր խրախուսանքի;
Մի խոսքով, երբ ջոկատի տղաներով փակ բեռնատարը շարժվեց, ես հենց ընթացքի ժամանակ թռա, բարձրացա մեքենայի թափքը; Այսպես հասանք Ղարաչինարի կողմերը: Տանը մայրս ու քույրս ոչինչ չգիտեին, միայն մեկ շաբաթ անց հաջողվեց նրանց լուր ուղարկել գտնվելու տեղիս մասին;
Համիկը՝ իմ առաջին տղամարդը, կարգին տղա դուրս եկավ; Նա շատ էր անհանգստանում ինձ համար, հոգ էր տանում, թվում էր՝ իսկապես սիրահարվել էր: Բայց ես չէի գնացել այնտեղ սեր-սեր խաղալու: Մի քանի օրից ասացի, որ գնում եմ, վերադառնում Երևան ու հեռացա; Բայց Երևան գնալու փոխարեն, գնացի այլ ուղղությամբ: Փնտրում էի այնպիսի մի վայր, որտեղից հեշտ կլիներ անցնել որևէ ադրբեջանական գյուղ ու իմ իմացած ադրբեջաներենի պաշարով
հասկացնել, որ տաջիկ եմ, փախել եմ հայ ամուսնուցս, ուզում եմ վերադառնալ իմ մուսուլման եղբայրների մոտ; Ահա, այդպիսին էր իմ ծրագիրը: Հասա մի դիրքի, որտեղից պարզորոշ երևում էր ադրբեջանական գյուղը: Շրջանից եկած կամավորական մի ջոկատ էր դիրքը պահում: Ազնիվ, քաջ, նվիրյալ տղաներ էին: Ասացի, որ ուզում եմ իրենց հետ մնալ, օգնել ինչով, ինքանով կարող եմ: Դժվարությամբ համոզեցի ջոկատի հրամանատարին, բայց նա խոստացավ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում, ինձ վերադարձնել Երևան, պատերազմը աղջկա տեղ չէ: Հետո, գիշերը քնած ձևանալով, լսեցի, թե նա ինչպես էր զգուշացնում տղաներին, որ զուսպ մնան, հանկարծ չմոտենան ինձ, ինչ իմանան, գուցե ես տառապում էի վեներական կամ ինչ-որ վատ հիվանդությամբ, այդ պատճառով էլ, մահն աչքիս առած, հայտնվել եմ այդտեղ:
Երեք օր այդտեղ մնացի: Մի օր էլ կեսօրին , երբ կրակոցներ չկային, առանձնացա, իբրև հիգիենայի հարցերով; ՈՒ գնացի: Մի ժամից հայտնվեցի ադրբեջանական համարյա դատարկ գյուղում: Տներից մեկի բակում պառավ տեսա, մոտեցա , ջուր խնդրեցի: Հետո հորինած ,,հեքիաթս,, պատմեցի հայ ամուսնուցս փախչելու մասին; Խնդրեցի, թույլ տա՝ մի քանի օր իր մոտ մնամ: Պառավս նույնիսկ ուրախությամբ համաձայնվեց: Այդ ընթացքում թուրքերենիս պաշարը բավական լավացրի: Մի օր էլ համոզեցի պառավին, թե ՝ որտե՞ղ բարեկամ ունի, տանեմ իրեն իր բարեկամի մոտ, ապահով տեղ: Համոզվեց: Գնացինք, երեկոյան կողմ հասանք մի քանի գյուղ ավելի խորքում գտնվող ավանի: Բարեկամն ընդունեց մեզ, բայց առաջին իսկ պահից զգացի, որ կասկածանքով է նայում ինձ; Եվ իսկապես, առավոտը շուտ հայտնվեցին երկու ասկյար, թևիցս քաշեցին, թե՝ գնացինք, նստեցրին մեքենան: Հայտնվեցինք ինչ-որ ռազմական բազայում; Ստուգելուց հետո գցեցին մի սենյակ ու կարծես մոռացան իմ մասին: Զգում էի, որ դրսում մի բան է կատարվում: Ասկյարները իրար խառնված՝ տանում-բերում էին; Կեսօրին դարպասները բացվեցին, նեղլիկ պատուհանից տեսա ավտոմեքենայից իջնող մի քանի բարձրաստիճան սպաների, որոնցից մեկը , ինչպես հետո համոզվեցի, ուկրաինացի էր; Արդեն երեկոյանում էր: Գրասեղանի վրա պառկած՝ ննջում էի: Ոչ վախ կար մեջս, ոչ անհանգստություն, անասնական մի անտարբերություն էի զգում, ինչը տարօրինակ է թշնամու որջում գտնվող քսանամյա կնոջ համար; Դռան մեջ բանալու չխկոց լսեցի, արագ իջա սեղանի վրայից: Դուռը բացվեց, մի ասկյար ձեռքով կանչես ինձ.
- Գյալ;
Հանգիստ, լուռ ու մունջ հետևեցի նրան: Հաջորդ պահին հայտնվեցի մի մեծ սենյակում, ուր օղու և ուտելիքի տհաճ հոտը խփեց քթիս; Բազմոցին փռված բարձրաստիճան ասկյարներից մեկը մոտեցավ ինձ, հարցրեց անունս;
- Գյուլնար: - իբրև ամաչելով՝ գլխիկոր պատասխանեցի ես:
Ասկյարը ոտից գլուխ տնտղեց ինձ, ինչ-որ բան ասաց մյուսներին, որը չհասկացա, բայց նրանք հռհռացին, հետո դարձավ ինձ սենյակ բերող ասկյարին:
- Տար սրան, նստեցրու մեքենաս:
Ասացի, որ զուգարան եմ ուզում, ինչի վրա ուկրաինացին անզուսպ քրքջաց, հավանաբար հասկանում էր ադրբեջաներեն և ուկրաիներեն մի հիշոց շպրտեց իմ հասցեին: Կես ժամից շարժվեցինք: Անցնում էինք գյուղերի միջով, մոտենում ճակատային գծին: Եվ իսկապես, ռմբակոծությունից տեղ-տեղ վնասված մի գյուղում մեքենայից ինձ իջեցրին երկհարկանի տան բակում: Մոտեցող թուրք կնոջը վարորդը ինձ հետ կապված հանձնարարություններ տվեց, իսկ բարձրաստիճան ասկյարը մտավ շտաբ ծառայող հարևան տունը: 
Թուրք կինը ինձ ուղեկցեց տուն, ցույց տվեց լոգարանը, նոր սպիտակեղեն բերեց: Ես լողացա, կարգի բերեցի ինձ: Թուրք կնոջ հետ ճաշեցինք, բայց զգուշացա նրան հարցեր տալուց; Հետո նա ինձ տարավ մի սենյակ, ասաց, որ դա Զաիրի սենյակն է, այստեղ նստեմ, սպասեմ նրան; Հասկացա, որ Զաիրը ինձ այստեղ բերող բարձրաստիճան սպան էր: Հանգիստ էի, ոչ մի բանի մասին չէի մտածում, բայց ներսս տակնուվրա էր լինում: Չէ՞ որ ես ծրագրել էի հասնել Բաքու, բայց նորից հայտնվում եմ ճակատային գծում: Քիչ հետո եկավ Զաիրը: Գլխիկոր կանգնեցի նրա առաջ, կցկտուր պատմեցի ՙՙհեքիաթս՚՚, ասացի, որ ուզում եմ հասնել Բաքու, այնտեղից էլ՝ հարազատ Տաջիկստան: Զաիրը ուշադիր լսում էր , հետո դանդաղ մոտեցավ, բռնեց մազերիցս ու ատրճանակը դրեց քունքիս:
-Ո՞վ ես:
Կողմնորոշվելու համար ընդամենը մի պահ էր ինձ պետք: ես աղիողորմ լացով խնդրեցի, որ խնայի ինձ, չսպանի, ես կդառնամ նրա հարճը, աղախինը; Ես կպա նրա կրծքին , սկսեցի համբուրել տհաճ քրտնքահոտ արձակող վիզը, կուրծքը, հագուստը: Հավանաբար նրան դուր եկան իմ համբյուրները: Ատրճանակով ձեռքը իջեցրեց: Ես ընդարձակեցի իմ համբյուրների տարածքը, մինչև արդեն հայտնվեցինք անկողնում;
Ողջ գիշեր չէին լռում կրակոցները: Առավոտյան շատ վաղ Զաիրը գնաց: Քունս չէր տանում: Սենյակից դուրս եկա, անցա խոհանոց: Թուրք կինը՝ Ասյան, դեռ չէր արթնացել: Շրջեցի տան մեջ, նայեցի քունջ ու պուճախը, անաղմուկ բարձրացա երկրորդ հարկ: Ասյայի ննջարանի դուռը կիսաբաց էր, իսկ ինքը արթուն էր, բայց դեռ անկողնում, աչքերն անթարթ հառած՝ նայում էր առաստաղին: Հետո կամացուկ վեր կացավ, սպիտակ շապիկի տակից ուրվագծվեց նրա ոսկրոտ մարմինը: Առանց հագնվելու, բարձի տակից մի լուսանկար հանեց, համբուրեց և օ՜, զարմանք հայերեն մրմնջաց.
-Տեր Աստված, աչքդ իմ բալեքի վրան լինի:
Անսպասելիությունից քարացա: Զգույշ, անաղմուկ ու լուռ հեռացա: 
Երբ Ասյան իջավ խոհանոց, ես արդեն հանգիստ նստած էի, զարմացավ, որ այդքան վաղ եմ արթնացել:
Հաջորդ օրը Զաիրի վարորդը Ասյային հանձնարարեց՝ Բաքվից եկող բարձրաստիճան հյուրի համար սենյակ պատրաստել, ճաշի պատրաստություն տեսնել: Հյուրը իսկապես բարձրաստիճան էր՝ գեներալ-մայոր, թե ինչ էր կորցրել կրակի տակ գտնվող այդ գյուղում , չհասկացա: Զաիրը նրա մոտ քութիկի պես էր իրեն պահում:
Ասյան ճաշի լավ պատրաստություն էր տեսել: Ես արձակել էի հավաքած մազերս, դեմքիս անհոգ ուրախություն նկարել ու ինձ պահում էի համարյա թեթևաբարո կնոջ պես: Սեղանի մոտ օգնում էի Ասյային, գինու դատարկված շշերը արագ փոխարինում նորերով: Երբ երկուսն էլ այլևս ի վիճակի չէին հոդաբաշխ խոսք ասելու, ճարպոտ գեներալին ուղեկցեցի իր համար նախատեսված սենյակը, որտեղ նա հենց հագուստով փռվեց մահճակալին ու սկսեց խռմփացնել: Ես վերադարձա Զաիրի մոտ: Վերջինս նույնպես արդեն խռմփացնում էր: Նստեցի աթոռին ու չէի կողմնորոշվում՝ ինչ անել: Մահճակալի ոտքի մոտ նկատեցի գեներալի կաշվե պայուսակը, որ փոխանցել էր Զաիրին: Զգույշ վերցրեցի, բաց արեցի: Փաստաթղթեր էին, նշումներով քարտեզներ: Մերոնց դրանք շատ պետք կգային: Հանկարծ քարտեզների արանքից սահեցին ու գետնին թափվեցին մի քանի լուսանկարներ: Արագ հավաքեցի, աչքի անցկացրի: Բայց հաջորդ պահին ավելի ուշադիր նայեցի: Ցնցվեցի: Զաիրն էր, նրա դիմաց՝ ծնկաչոք, շղթայակապ մի տղամարդ էր: Հաջորդ նկարում տղամարդու արդեն գլխատված մարմինն էր, մյուսում մարմինն էր՝ կրծքին դրած գլխով:
Խորը քնի մեջ գտնվող հարբած տղամարդուն այնքան էլ դժվար չէր բարձով խեղդելը: Հետո , որքան էլ ջանում, չէի կարողանում հիշել, թե այդ որոշումն ինչպես կայացրեցի, կարծես մի գերբնական ուժ էր եկել վրաս: Երբ ուշքի եկա, անաղմուկ բարձրացա Ասյայի ննջարանը: Հավանաբար ծանր, անհանգիստ շնչառությունիցս իսկույն արթնացավ: Մատս շուրթերիս տարա, որ սուս մնա ու ականջին հայերեն շշնջացի:
- Դու ինձ պետք է օգնես:
-Ի՞նչ է պատահել:
- Զաիրին սպանել եմ, գեներալին պետք է կենդանի հասցնել մերոնց:
Նա արագ սկսեց հագնվել ՝ առանց ավելորդ հարցերի:
Երկու առողջ կնոջ համար հարբած գեներալին ապահով կապկպելը նույնպես դժվար չէր:
Բայց ես մի այլ, ավելի սոսկալի պլան նույնպես ունեի՝ Զաիրի գլուխը պետք է տանեի: Ասյան սոսկաց: Ես նրան ուղարկեցի հարմար պարկ կամ տոպրակ բերելու: Երբ վերադարձավ, հենց Զաիրի սեփական սվին-դանակը սառնասրտորեն իր գործն արել, վերջացրել էր:
Մութ կեսգիշեր էր: Տան ետնաբակով դուրս եկանք: Ասյան գնում էր առջևից՝ պարկը շալակած: Մութը չէր խանգարում, նա անգիր գիտեր տեղանքի քար ու թուփը: Լուսանում էր, մոտեցել էինք արդեն մեր դիրքերին: բայց այստեղ խնդիր ծագեց՝ ինչպես մոտենալ մերոնց, որ կրակի տակ չընկնեինք: Ես հանել տվեցի Ասյայի սպիտակ շապիկը, կապեցի մի ճյուղի: Սպասեցինք, որ լավ լուսանար: Սպիտակ դրոշը թափահարելով ՝ մոտեցանք դիրքին: Դեպի օդ կրակոցներ արձակվեցին: Ես բղավելով վազեցի առաջ:
- Մի կրակեք, մի կրակեք...
Միայն երք օր անց ուշքի եկա Ստեփանակերտի հոսպիտալում: Երեք օր պառկած եմ եղել բաց աչքերով, բայց ոչ տեսել եմ, ոչ՝ լսե, ոչ՝ խոսել: ԵՎ երեք օր Ասյան կողքիս է եղել:
Մի քանի օրից Ասյան գնաց Երևան, որտեղ օգնել էին, գնար-հասներ Մոսկվայում գտնվող իր զավակներին: Նկատի ունենալով մոր հայուհի լինելու հանգամանքը, նրանք ժամանակին հեռացել էին երկրից: Հիվանդ ամուսնուն թաղելուց հետո Ասյան նույնպես պատրաստվել է միանալ որդիներին, բայց վախեցել է, որ հանկարծ օդանավակայանում կբացահայտվի իր հայուհի լինելը ու մնացել էր դատարկված գյուղում:
Կնքվեց հրադադարի պայմանագիրը, և ես վերադարձա Երևան: ՈՒրախ էի, երջանիկ: Վերադառնում էի հաղթանակած ու հորս վրեժը լուծած:
Բայց, ինչպես միշտ , չար մարդկանց կողմից կեղծ ու չափազանցված լուրերը ավելի շուտ են տեղ հասնում և իրենց ավերիչ գործն անում:
Մայրս դուռը չբացեց իմ առաջ: Նա չկարողացավ հաշտվել իրեն հասցված այն չափազանցված լուրի հետ, որ հարգված, ճանաչված պրոֆեսիոնալի աղջիկը կարող էր դիրքից դիրք շրջել, իր մարմինն առաջարկեր կռվողներին, նույնիսկ չցանկացավ լսել ինձ, իմ մարտական ընկերներին:Քույրս ամուսնացել, ընտանիք էր կազմել: Ինձ արգելվեց անգամ մոտենալ քրոջս ընտանիքին:
Ես հայտնվեցի փողոցում: Հենց այսպիսի ժամանակներում, երբ մերժված ես, հուսալքված, դառնացած, հիասթափված, հայտնվում են մարդիկ, որոնք էլ դնում են ապագայիդ հիմաքարը: Իսկ ես արդեն ուժեղ չէի, ես ինձ տվեցի նրանց, որոնք ինձ կերակրեցին, անկյուն տվեցին ու մի գեղեցիկ օր էլ...տարան Երևանյան լճի տարածք:
Եվ...Սկսվեց:
Վերջերս շատ քիչ էի գնում այնտեղ: Մի տարօրինակ , վախի՞, թե անհանգստության զգացում ունեի: Անգամ փողոցում քայլելիս՝ կողքերս էի նայում, ստուգում: Այդ օրն էլ գնացի Երևանյան լիճ նույն զգացումով: Դեռ մի քանի րոպե էր, որ աղջիկներին բարևում էի, երբ մայթեզրին մի մեքենա կանգնեց, դուռը բացվեց: Ներսի տղամարդը մի ոտքւ դուրս դրեց ու ձայնեց.
- Էյ, դու, արի:
- Էդ դու ի՞նձ հետ ես,- հարցրի:
-Հա, հա , հենց քո հետ եմ, Ազնիվ,- արհամարհանքով շարունակեց նա:
Զգացի, որ արյունը գլխիս է խփում:
- Դու արի, տեսնեմ, ասածդ ի՞նչ է:
Մեքենայի միջից հայհոյանքներ լսվեցին: Տղամարդը դանդաղ, ծանրորեն իջավ, կաղալով մոտեցավ:
- Այ պոռնիկ, հիմա ի՞նչ ես ասում, էս բոլորի մոտ ասեմ, իմանան ու էս ջրի մեջ քեզ խեղդեն, սատկացնե՞ն:
Առաջին պահ տեղը չբերեցի, հաջորդ պահին հիշեցի Ղարաբաղում եռամսյա հավաքներով բերած մի ճիճվի, , որ հենց աչքիս առաջ կրակեց սեփական ոտքին, իբրև թե թշնամու գնդակն եկավ, կպավ; Ես էլ, առանց նայելու արնածոր վերքին, բռունցքով հարվածեցի քիթ ու մռութին, ասելով, որ հիմա բոլորին կպատմեմ ճիշտ եղելությունը, թող այդպես բաց վերքով մնա ու սատկի;
Հաջորդ պահին կաղացող տղամարդը ձեռքը գցեց մազերիս ու բղավեց.
- ժողովուրդ, իմացեք, էս պոռնիկը Ղարաբաղում, պատերազմի ժամանակ անցել էր ազերիների կողմը, քարշ էր գալիս, կայֆավատ էր լինում նրանց հետ: Գիտե՞ք, քանի հայ տղու գլուխ է կերել, տվել ազերու ձեռքը:
Զաիրից մնացած սվին-դանակը միշտ մոտս էի պահում; Էլ բան չեմ հիշում: Ասում են, որ ինչ-ոչ բան էի գոռում ու հարվածում: Ոչ ոք չի համարձակվել մոտենալ, կանգնեցնել, տասնհինգ հարված եմ հասցրել: Ասում են, որ լաց էի լինում ու գոռում, որ սուտ է, սուտ է, սուտ է:
...
Բանտախցում երկար ժամանակ լռություն էր: Կանայք կամաց-կամաց քաշվեցին դեպի իրենց անկողինները:
Հաջորդ օրը ճաշից առաջ բանտապահուհին բացեց խցի մետաղյա դուռն ու ձայնեց,
- Ազնիվ, պետի մոտ: Մոսկվայից մորաքույրդ է եկել, ինչ-որ Ասյա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել