«Երևանում գործող գիշերային ակումբներն իսկական պատուհաս են դարձել դրա մերձակայքում ապրող քաղաքացիների համար: Դրանցից շատերը տեղակայված են բազմաբնակարան շենքերի առաջին կամ նկուղային հարկերում ու մեծ անհարմարություններ են ստեղծում տեղի բնակիչների համար:

«Իրատես de facto»-ին դիմած մի խումբ քաղաքացիներ փաստեցին, որ իրենց շքամուտքերում ամեն առավոտ կարելի է հայտնաբերել պահպանակներ ու ներարկիչներ, ինչը թույլ է տալիս պատկերացում կազմել այդ ակումբ այցելողների մասին: Այս հանգամանքը, թերևս, ամենաքիչն է հուզում տվյալ օբյեկտների տերերին, քանի որ քաղաքացիների դժգոհությունը նրանք, մեղմ ասած, «բանի տեղ» չեն դնում ու շարունակում են իրենց եկամտաբեր բիզնեսը:
Իրավիճակը, սակայն, լուրջ կանոնակարգման խնդիր ունի, ընդ որում օրենսդրական մակարդակով: Այնինչ, այս առումով ոչ մի դրական միտում չկա:

Ավելին, երբեմն գիշերային ակումբներ են բացվում դպրոցամերձ տարածքներում, ինչն արդեն շրջանցում է բոլոր սահմանները: Եթե հաշվի առնենք նաև այդ ակումբներում հաճախակի դարձած ծեծկռտուքներն ու կրակոցները (ի դեպ, երբեմն դրանց հրահրիչները պաշտոնյաներ են կամ նրանց զավակները), լիովին պարզ է դառնում, թե ինչ օրի են այդ ակումբների շրջակայքում ապրող բնակիչները»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել