Tert.am-ը գրում է.

ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում օգոստոսի 28-ին ականի պայթյունից տարբեր բարդության մարմնական վնասվածքներ ստացած զինվորականները, ովքեր այս պահին գտնվում են Մուրացանի զինվորական հոսպիտալում, պատրաստվում են ապաքինվելուն պես հրամանատարի գլխավորությամբ դիրքեր վերադառնալ: Ասում են՝ երկար պառկել չեն կարող, ծառայակիցներն իրենց են սպասում:

Tert.am-ն այցելեց հոսպիտալ՝ հետաքրքրվելու նրանց առողջական վիճակով. «Հատուկ գնդի» ազատամարտիկ, այժմ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, ով պայթյունի հետևանքով կորցրել է ոտքերից մեկի կեսը, այսուհետ ևս չի պատկերացնում իրեն ծառայությունից դուրս: «Ինչպե՞ս եք, հրմանատա´ր» հարցին ուրախ ժպիտով պատասխանեց. «Ա´յ, դուք ո՞նց կլինեք, որ արձակուրդում լինեք: Ես հիմա արձակուրդում գտնվող մարդ եմ, հանգստանում եմ, էս ուրբաթ օրն արդեն դուրս կգրվեմ ու կգնամ իմ ընկերների մոտ: Փետից հարմարանք եմ սարքիլ տվել, որ հլա մինչև կաստիլ սարքիլը կապեմ ոտիս, գնամ տղերքի մոտ: Օրգանիզմս առողջ է, շուտ կլավանամ: Մեր սարերի ամեն առվից ջուր եմ խմում, ո՞նց առողջ չլինեմ»:

Հոսպիտալում գտնվելու ժամանակ ևս հրամանատարը չի մոռանում զինվորներին, և ինչպես ինքը պատմեց, զինվորներն էլ՝ իրեն. «Զինվորներս զանգում են, ասում՝ հրամանատար, մենք ոնց որ թուխսին կորցրած ճտեր լինենք: Ասում եմ՝ տղե´րք ջան, մինչև մի ամիսը ձեզ մոտ եմ: Հիմա ես իրավունք չունեմ չծառայելու: Ես ծառայում եմ ամենաչնաշխարհիկ վայրում»:

 Իսկ թե ֆիզիկական նման խնդրից հետո ինչպես է պատկերացնում ծառայությունը, հրամանատարը պատասխանեց. «Շատ լավ, ես բացարձակ չեմ կարող առանց ծառայության: Ոտքս կպրոթեզավորեն, ի՞նչ կա դրա մեջ: Ու ավելի եռանդով պիտի ծառայենք, եթե սահմանին երկրորդ ականին էլ հանդիպենք, մի պրոթեզը կհանենք, կշպրտենք, նորը կդնենք»:

 Հայ զինվորականի ոգին՝ ոգի, բայց ամեն դեպքում՝ փոխգնդապետ Բաբայանը հիշեցրեց, որ իրենք իրավունք չունեն հակառակորդին թերագնահատել: «Ճիշտ է, մենք կանոնավոր բանակ ունենք, բայց նրանց մեջ էլ լավ տղերք կան»,-ասաց նա և իր խոսքն ուղղեց Հայոց բանակին. «Մեր բանակին ցանկանում եմ խաղաղ ծառայություն, բայց Աստված չանի՝ եթե երբևէ մեր սահմանների գլխին ամպեր կուտակվեն, թող դրանք ցրվեն միմիայն Բաքվի մոտակայքում»:

Մեր այցի ժամանակ հրամանատարին տեսակցելու էր գնացել պահեստազորի մայոր Հրաչիկ Գրիգորյանը, ով նրա հետ 7 տարի ծառայել է նույն գումարտակում: Վերջինս զարմանքն արտահայտեց, որ հիմա էլ ընկերը հոսպիտալից որոշ առումով կառավարում է դիրքերը:

«Նրա տղաները երբեք չեն ընկճվի ու չեն զգա, որ իրենց հրամանատարը վիրավոր պառկած է: Ես կարող եմ վստահ ասել, որ ինքը պահում է Հայաստանի ամենաանառիկ սահմանն՝ արդեն 12 տարի: Ես հպարտ եմ իմ հրամանատարով, որ ինքն էս վիճակում նորից պատրաստ է գնալ սահման»,-ասաց նա և ավելացրեց. «Ես հիմա զինղեկ եմ դպրոցում և միշտ հրամանատարի մասին պատմում եմ իմ աշակերտներին, ու երբեք չհավատաք, որ մեր սահմաններով կարող է թուրքն անցնել, որովհետև ունենք էսպիսի քաջարի տղաներ»:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել