Tert.am-ը գրում է.

Սահմանամերձ և սահմանապահ գյուղերի աշակերտներին դասագրքեր տրամադրվում են վճարովի: Այդ դպրոցներում որոշակի զեղչային համակարգ կա սոցիալապես անապահովներին աջակցելու համար, ինչը, սակայն, խնդրի ամբողջական լուծում չի կարող լինել:

«Այդ աշակերտներին անվճար դասագիրք տրամադրելը կլինի բարոյական և ճիշտ քայլ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը՝ ներկայացնելով Կառավարության կողմից նման որոշում կայացնելու անհրաժեշտության շուրջ իր տեսակետը:

Նրա խոսքով՝ սահմանամերձ բնակավայրերում հանրակրթության հարցը երկրի համար շատ լուրջ խնդիր է հատկապես այն առումով, որ դպրոցներում աշակերտների թիվը շարունակ նվազում է, դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվով, իսկ աշակերտների պակասը բերում է ֆինանսների և ուսուցիչների աշխատավարձերի կրճատման:

«Սահմանամերձ գյուղերի աշակերտները պետք է ոչ միայն անվճար ստանան գրքերը, այլ նաև պետք է այդ դպրոցների ֆինանսավորումը Կառավարությունն առնվազն կրկնապատկի, որպեսզի ինչ-որ չափով բարձրացվի կրթության որակը: Իսկ որ այդ գյուղերում կրթության որակը ցածր է, պարզվում է տարբեր հետազոտություններով»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ հիշեցնելով, որ իրենք աշակերտների թվով դպրոցների ֆինանսավորման կրկնապատկման հարցը բազմիցս բարձրացրել են:

Ինչ վերաբերում է այդ հարցում սոցիալական ծրագրերի կիրառությանը, Անահիտ Բախշյանը նշեց, որ այդ գյուղերում համատարած անապահովություն է, և փորձը ցույց է տալիս, որ այդ սոցիալական ծրագրերըիրենց նպատակին չեն ծառայում. «Այնտեղ ամենաշատը գյուղապետը կարող է երկու կոպեկ ավել գումար ունենալ: Այդ գյուղերում պետք է պետական քաղաքականություն, ոչ թե սոցիալական խնդիրներ»:

Անահիտ Բախշյանը նաև հիշեցրեց, որ պետությունն ամեն տարի 120 մլն դրամ է հատկացնում սահմանամերձ գյուղերի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի համար: Եվ դեպք, որ անապահով ընտանիքի երեխան չստանա գիրք, չպետք է լինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել