Վերջին երկու տասնամյակներում Հայաստանում և, առհասարակ, մի շարք հետխորհրդային երկրներում ի հայտ եկավ և լայն տարածում ստացավ նախկինում հանրությանն անհայտ մի նոր մասնագիտություն կամ, ավելի ճիշտ, գործունեության տեսակ՝ թիկնապահը: Բազմաթիվ պաշտոնյաներ և գործարարներ իրենց հարկն են համարում շրջել ոչինչ չասող երեսներով թիկնապահների խմբերով, որոնցից արհեստավարժության հոտ անգամ չի փչում:
Ավելին՝ ի տարբերության 90-ականների սկզբների, երբ ընթանում էին միջխմբային պատերազմներ և նման սուբյեկտները գոնե ինչ-որ գործ ունեին, այսօր նրանց ողջ գործունեությունը սահմանափակվում է բացառապես «շեֆին» ուղեկցելով: Նայում ես՝ առողջ տղամարդիկ են, մի բան չեն անում, բայց գումար են վաստակում, ու հավանական է, որ ոչ քիչ: 
Խնդիրն այն է, որ առկա է վերջիններիս ծառայությունների պահանջարկ: Ըստ էության, նման թիկնապահները ոչ իրավապահ մարմինների աշխատակիցներից են ի վիճակի պաշտպանել, ոչ էլ քիչ թե շատ կազմակերպված բանդիտական խմբից: Բայց նրանց առջև նման խնդիր դրված էլ չէ՝ նրանց խնդիրն է հարբեցողին, աղմկարարին, մուրացկանին, անհանգստացնողին «վնասազերծելը»: Ու քանի նման վտանգ կա՝ պահանջարկը կլինի:
Իսկ նման վտանգի, ու, հետևաբար, պահանջարկի առկայության պատճառը մեկն է՝ սոցիալական արդարաության բացակայությունը: Եթե յուրաքանչյուր ոք գոհ լիներ իր վաստակածից ու կեմնսակերպից, ապա չէր ծագի նաև այդ խնդիրը:
Ու երբ այդ խնդիրը լուծվի, ապա ներկայիս թիկնապահների մի զգալի մասը հանգիստ խղճով կտեղափոխվի դաշտ կամ հաստոցի մոտ:
Իսկ առայժմ՝ ունենք այն, ինչ ունենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել