Նորից բարձրագույն կրթության և աշխատանք գտնելու մասին եմ ուզում գրել: Այսօր լավ լուր իմացա. համակուրսեցիներիցս մեկը, ով ինձ հետ ուսումնական պրակտիկա էր անցնում Գայի անվան դպրոցում, աշխատանքի ընդունվել նույն դպրոցում՝ իր մասնագիտությամբ, այսինքն՝ դպրոցի հոգեբան է աշխատում այսօրվանից:

Ասեմ ավելին, մի քանի ամիս է անցել, ինչ ավարտել ենք ԲՈՒՀ-ը (ընդ որում՝ հեռակա ոսուցման բաժինը) և իմ այն կուրսեցիները, ովքեր անպայմանորեն ուզում էին աշխատել ըստ մասնագիտության, մեծամասամբ արդեն գտել են աշխատանք: Հատկանշական է, որ պետական ավարտական քննության ժամանակ դեռ հանձննաժողովի անդամներից անգամ աշխատանքի առաջարկներ էին ստանում նրանք, ովքեր լավ էին պատասխանում:

Առակս ի՞նչ կցուցանե. Հայաստանում իրոք կա զբաղվածության խնդիր, բայց այն մի քիչ աղավաղված է ներկայացվում: Ըստ իս, առաջին և ամենամեծ աղավաղումը կայանում է նրանում, որ մարդիկ խառնում են թափուր աշխատատեղերի առկայության խնդիրը՝ իրենց ակնկալիքներին բավարարող աշխատատեղերի պակասության կամ բացակայության հետ: Որպեսզի սարուձոր չընկնեմ, հենց իմ մասնագիտության օրինակով բերեմ. ինքս ստացել եմ մի քանի առաաջարկկ՝ աշխատելու ըստ մասնագիտության: Ստացել եմ թե՛ պետական սեկտորից (դպրոց), թե՛ մասնավոր: Չեմ ընդունել, որովհետև վարձատրությունն ըստ իս քիչ է: Կարող եմ իհարկե ավելի լավ աշխատավարձով ու սոցիալական փաթեթով տարբերակի էլ փորձել դիմել՝ անցնեմ զինծառայության և լինեմ զորամասի հոգեբան, բայց առայժմ նման նպատակ չունեմ...

Մյուս աղավաղումը նրանում է, որ աշխատանքի շուկայում որոշ մասնագիտական սեգմենտներ գերհագեցած են, որովհետև այս տարիների ընթացքում հայաստանյան ԲՈՒՀ-երը այնքան օրինակ տնտեսագետ ու իրավաբան են բաց թողել (լավ, վատ, սահմռկեցուցիչ վատ), որ 15 հատ Հայաստանին էլ շատ կլիներ, բայց մարդիկ զարմանում են, թե ինչու իրենք չեն կարողանում գործ ճարեն:

21-րդ դարում և վայրի կապիտալիզմի պայմաններում պետք է լինել ճկուն ու հեռատես: Եթե անպայմանորեն ուզում ես բարձրագույն ուսում ստանալ ու այդ մասնագիտությունով աշխատել, փորձիր հասկանալ, թե աշխատանքային շուկայում ո՞ր սեգմենտն է ոչ այդքան ծանրաբեռնված, ինչպես նաև պատրաստ եղիր, որ համենայն դեպս կարիերայիդ սկզբնական փուլում դու դժվար թե լավ վարձատրվես: Ես դա ամենևին չեմ արդարացնում, բայց դա մեր օբյեկտիվ իրականությունն է ու եթե ուզում ես լավ վարձատրություն, պետք է ձեռք բերես լավ աշխատանքային փորձ, հմտություններ և հեղինակություն: Եվ վերջապես, եթե տեսնում ես, որ այսքանով հանդերձ, էլ մի բան դուրս չի գալիս, մի վախեցիր փոխել գործունեությունդ: Հատկապես առողջական խնդիրներ չունեցող տղաների համար Հայաստանում միշտ էլ աշխատանք կա՝ դիրքերում պայմանագրային զինծառայողներին միշտ էլ ուրախ են...

Այնպես որ, նվնվալուց ու գանգատվելուց զատ, մի քիչ ավելիշատ է պետք ադապտացվել մեր ոչ այնքան հաճելի, բայց միակ իրականությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել