Tert.am-ը գրում է.

Որոշ փորձագիտական շրջանակների կանխատեսումները, թե Հայաստանը չի անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), ռուս քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովին հիշեցնում են այն կանխատեսումները, թե Հայաստանի եվրաինտեգրացումն այլընտրանք չունի:

Tert.am-ի հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե ինչպես կգնահատի «սեպտեմբերի 3»-ից անցած մեկ տարին այն խոսակցությունների համատեքստում, որ այն Հայաստանին ոչինչ չտվեց, բացի ԵՄ-ի հետ ասոցացումից հետ պահելուց, Ալեքսանդր Կռիլովը հայտարարեց. «Մեկ տարի առաջ բազմաթիվ քաղաքագիտական շրջանակներ հայտարարում էին, որ Հայաստանն արդեն վերջնական ընտրություն է կատարել դեպի ԵՄ և ԱՄՆ, և որ Ռուսաստանին մնում է միայն այդ փաստի հետ համակերպվել: Պարզվեց՝ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Ու ոչ այն պատճառով, որ Կրեմլն իր նենգ գործողություններով վիժեցրեց «եվրոպական դրախտի» օգտին Հայաստանի ընտրությունը, այլ որովհետև ընտրությունն ինքնին օբյեկտիվորեն բարդ է»:

Ալեքսանդր Կռիլովը նշեց, որ մի կողմում եվրոպական երազանքն է՝ հույսով, որ «Արևմուտքը կօգնի» և կլուծի Հայաստանի բոլոր խնդիրները, մյուս կողմում՝ Հայաստանի իրական աշխարհագրական դիրքը՝ իր բարդ հարևաններով ու տնտեսական-սոցիալական խնդիրներով:

«Հայաստանի ղեկավարությունը ստիպված էր կատարել ընտրություն: Հնարավոր է՝ այս ընտրության հարցում դեր ունեցավ հարևան Վրաստանի փորձը, որի դեպի ԱՄՆ, ՆԱՏՕ, ԵՄ ուղղվածությունը չհանգեցրեց Վրաստանի բնակչության համար խոստացված համընդհանուր բարգավաճմանը: Ավելին՝ այս ընտրությունը էլ ավելի խորացրեց առկա հին կնճիռները, և հիմա Վրաստանի նոր ղեկավարությունը շատ մեծ դժվարությամբ փորձում է վերադառնալ ռուսաստանյան շուկա, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանն ու մեր երկրների՝ Հարավային Օսիայի ու Աբխազիայի հարցում իրարամերժ դիրքորոշումներին»,–ասաց քաղաքագետը:

Նա ընդգծեց, որ ո՛չ Թուրքիան , ո՛չ Եվրոպան ու ԱՄՆ-ն Վրաստանի համար չդարձան ռուսաստանյան շուկայի այլընտրանքը, քանի որ իրենք դեռ մի բան էլ ավելի արտադրում են այն ամենը, ինչ նրանց կարող է առաջարկել Ռուսաստանը:

Ըստ ռուս քաղաքագետի՝ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև առկա սուր ճգնաժամի պայմաններում Հարավային Կովկասի բոլոր երկրների համար ստեղծվել են լրացուցիչ հնարավորություններ՝ դեպի Ռուսաստան իրենց ապրանքատեսակների առաքումների ծավալներն ավելացնելու համար: Ըստ նրա, եթե վերջերս ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիր ստորագրած Վրաստանն օրինակ այս հարցում լրացուցիչ դժվարություններ կունենա, ապա Հայաստանն ու Ադրբեջանը նմանատիպ խնդիրներ չունեն: Ամփոփելով՝ քաղաքագետն ասաց. «Եվ կարող եմ ասել, որ ԵՏՄ մտնել-չմտնելու հետ կապված փորձագիտական որոշ շրջանակների կանխատեսումներն ինձ հիշեցնում են մեկ տարի վաղեմության նույնաբնույթ կանխատեսումները, որ Հայաստանի Արևմուտք գնալն «այլընտրանք չունի»:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել