Tert.am-ը գրում է.

ՀՅԴ-ն ոչ մեկի հետ կոալիցիա կազմելու խնդիր չի դրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նա նշեց, որ Դաշնակցությունը խորհրդարանական համակարգին կողմ է եղել և իրենք պատրաստ են համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր կընդունեն իրենց տեսակետները։ «Եթե ուզում եք խորհրդարանական համակարգի անցնել, անհնար է դա կատարել առանց Սահմանադրական փոփոխությունների»,-ասաց նա։ Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ մասնավորապես քառյակի հնարավոր պառակտմանը՝ պատգամավորը նշեց, թե միությունը քառյակ է այնքանով, քանի համաձայն է 4 քաղաքական ուժ, իսկ եթե 4 քաղաքական ուժ համաձայն չէ ինչ-որ բանի հետ, մնացած բոլոր հարցերում ազատ են տնօրինելու իրենց քաղաքականությունը։ 


-Ի՞նչ կասեք վերջերս շրջանառվող այն խոսակցությունների մասին, որ Դաշնակցությունը հնարավոր է կոալիցիա կազմի իշխանությունների հետ։ 


-ՀՅԴ-ն ոչ մեկի հետ կոալիցիա կազմելու խնդիր չի դրել, այդ նույն հարցը տալիս էին, երբ յոթ կետերն էինք ներկայացնում։ Այն ժամանակ էլ ասացին, որ ՀՅԴ-ն ցանկանում է կոալիցիա կազմել, սակայն մենք մեր տեսակետները ունենք, որոնք արտահայտել ենք 20, 25 տարի և շարունակում ենք դրանք պաշտպանել։ Հիմա, եթե այդ տեսակետներից որևէ մեկը պաշտպանվում է, մենք համարում ենք, որ դա դրական գործընթաց է, և անկախ նրանից, թե ով է դա ընդունում, մենք պատրաստ ենք համագործակցել, որպեսզի այդ տեսակետը և բարեփոխման ուղղությունը մինչև վերջ իր նպատակին հասնի։ Ո՞ւմ համար է նորություն, որ Դաշնակցությունը խորհրդարանական համակարգին է կողմ եղել։ Այսօրվա քաղաքական դաշտում, բացի ՀԱԿ-ից թերևս, եթե հիշենք, որ ՀՀՇ-ն դեմ էր, մնացած բոլորը արտահայտվել են խորհրդարանական համակարգին կողմ, այդ թվում՝ ՀՀԿ-ն, որովհետև վեցյակի նախագծում կար նաև ՀՀԿ-ն։ Եթե նրանք մի բան ասում են, իսկ հետո որոշակի պայմանների բերումով կարող են հրաժարվել դրանից, դա Դաշնակցությանը բացարձակապես չի կարող առնչվել, որովհետև դաշնակցությունը սկզբունքային քաղաքականություն վարող և գաղափարական հիմքի վրա ձևավորված կուսակցություն է։ Այլ բան, թե նրանք մեր առաջարկած մոտեցումների հիման վրա առաջարկ չբերեն, եթե դրա հիման վրա նախագիծ չբերեն, մենք ինքնանպատակ կհամարենք սահմանադրական փոփոխությունները։ Սակայն, եթե դեռ նախագիծը բացարձակապես չկա, ընդհանրապես խոսել նախագծին դեմ լինելու մասին, դա անհասկանալի է։ Մեզ ասում են՝ դուք էլ կողմ եք՝չտեսնելով նախագիծը։ Սակայն մենք ասում ենք շատ պարզ բան, եթե ուզում եք խորհրդարանական համակարգի անցնել, անհնար է դա կատարել առանց սահմանադրական փոփոխությունների։ Մենք դրա համար ենք սահմանադրական փոփոխություններին կողմ, ոչ թե կողմ ենք ինքնանպատակ։ Չենք կարող չէ՞ կողմ չլինել սահմանադրական փոփոխություններին, եթե ցանկանում ենք, որ համակարգը փոխվի։ Սա է մեր մոտեցումը, և ես կարծում եմ, որ այդ մոտեցումը մոտ ժամանակներս կքննարկեն քառյակի մեր գործընկերների հետ և իրենց համար սա նորություն չէ։ 

-Պարո՛ն Ռուստամյան, հաշվի առնելով առանցքային հարցերում քառյակում առկա տարակարծությունները (սահմանադրական փոփոխություններ, «կուտակային»-ի հարցով ՍԴ դիմել- չդիմելու հարց և այլն), հնարավո՞ր է, որ քառյակն ամեն դեպքում բաժանվի, չհաշված գաղափարական տարբեր մոտեցումները։
 

-Նայած, թե ով ինչ է պատկերացրել քառյակ ասվածը, մենք ի սկզբանե նույնն ենք ասել և կրկնում ենք։ Ես բազմիցս եմ հայտարարել՝ քառյակ է այնքանով, քանի համաձայն են 4 քաղաքական ուժ։ Եթե չորս քաղաքական ուժ համաձայն չեն ինչ-որ բանի հետ, մնացած բոլոր հարցերում ազատ են տնօրինելու իրենց քաղաքականությունը, և այդ կուսակցությունները նույնացված չեն։ Մենք էլի պատրաստ ենք, նույն քառյակով կլինի, թե այլ ձևաչափով կլինի, շարունակել այն քայլերը կատարել, որոնք համաձայնեցված են և համատեղ են։ Քառյակը, կարելի է ասել, վեցյակ եղավ, երբ գնացինք սահմանները։ Հիմա ի՞նչ, չգնայի՞նք, որովհետև քառյակ էր, և պետք է քառյակն առանձի՞ն գնար, մյուսներն՝ առանձի՞ն։ Շատ ուրախ ենք, որ վեցն էլ միասին են գնացել, և առաջին հերթին ժողովուրդն է շատ ուրախ, որ սահմանի վրա կանգնած մեր բնակիչը տեսավ, որ այս հարցում բոլորը միակամ են, և այստեղ ընդդիմություն և իշխանություն չկա։ Սա է ճիշտ մոտեցումը և տրամաբանությունը, և սրանով մենք առաջնորդվելու ենք։ Ինքնանպատակ կոալիցիա կազմելու խնդիր երբեք չի ունեցել Դաշնակցությունը, եթե այդպես լիներ, կոալիցիայից դուրս չէր գա։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել