Նորից ու նորից վերադառնում եմ այն մտքին, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն այսօր ուղղակի անհրաժեշտ է Եկեղեցական ատյանի գոյությունը: Ուղղակի զարմանալի է, որ դարեր ի վեր «Դատաստանագիրք» եւ «Կանոնագիրք» ունեցող Եկեղեցին այսօր չունի Եկեղեցական դատական համակարգ: Մի՞թե մեզանում խախտումներ չկան, կամ չկա՞ն հիմնավոր եւ անհիմն բողոքներ: Որտե՞ղ պետք է քննվեն այդ խնդիրները:

Այս կապակցությամբ Պողոս առաքյալը գրում է կորնթացիներին. «Ձեզնից մեկը, եթե խնդիր ունենա իր ընկերոջ հետ, կհամարձակվի դատվել անիրավների առաջ, թե՞ սրբերի առաջ. չգիտե՞ք, թե սրբերն են դատում աշխարհը: Եւ եթե ձեզնով է դատվում աշխարհը, ապա արժանի չե՞ք չնչին բաներ դատելու: Չգիտե՞ք, թե մենք հրեշտակներին էլ ենք դատելու, ուր մնաց թե՝ երկրավորներին: Իսկ դուք, երբ այս հարցերի մասին վեճեր ունեք, որպես եկեղեցու դատավորներ նստեցնում էք մարդկանց, որոնք անարժէք են: Համոթ ձեզ եմ ասում: Ձեր մեջ չկա՞ այնչափ իմաստուն մեկը, որ կարողանա արդար դատ անել իր եւ եղբոր միջեւ» (Ա Կորնթ. 6, 1-5):

Այսինքն՝ արդեն իսկ առաքյալների շրջանում Եկեղեցում ծագում էին զանազան բնույթի սոցալական եւ կենցաղային խնդիրներ, որի համար Պողոս առաքյալը առաջարկում է եկեղեցիներին՝ ընտրել իրենց միջից իմաստուններ եւ կարգել ատյանում՝ արդար դատ վարելու համար, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն դիմել անօրեններին, իրենց խնդիրներով:

Եկեղեցին կենդանի օրգանիզմ է՝ կազմված տարաբնույթ մարդկանցից, որոնց միջեւ կարող են ծագել զանազան խնդիրներ, եւ ծագում են: Պետք չէ փակել աչքերը եւ ասել, թե մեզանում ամեն ինչ գերազանց է, եւ մենք կարիք չունենք ատյանների: Իրականում ունենք, եւ ոչ միայն ատյանների այլեւ զանազան բնույթի հանրային լսումների: Այսօր մենք պարտավոր ենք վերականգնել Եկեղեցու դատական համակարգը եւ անհրաժեշտության դեպքում հանրային լսումներ կազմակերպել ծագած հարցերի շուրջ:

Եթե այսօր այդ համակարգը գործեր, ապա մենք ականատես չէինք լինի այն ցավալի փաստին, թե ինչպես են կարգից զրկված հոգեւորականները միայնակ, առանց հանրության եւ ընկերների աջակցության, բախում զանազան դռներ, մեզ հայտնելու համար եղելության եւ արդարության իրենց ընկալումը: Եթե մենք այսօր անտարբեր մնանք նրանց խնդիրներին, վաղը մեր խնդիրներով ո՞ւմ դուռն ենք ծեծելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել