Tert.am-ը գրում է.

Պատահական չէ, որ Էրդողանն իր պաշտոնավարման ընթացքում առաջին այցելությունը կատարեց դեպի Ադրբեջան. սա նշանակում է, որ իր համար այս պետությունն է ամենից կարևորը, սա պանթուրքիզմի քաղաքականության դրսևորում է: Tert.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն այսպես մեկնաբանեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝Բաքու կատարած այցը, ինչպես նաև այդ այցի շրջանակներում նրա կողմից հնչեցված հայտարարությունները: 

«Սա ցույց է տալիս իրական պատկերը, ինչ-որ ձևով նաև շատ լավ է, որ այդպիսի հայտարարություններ է կատարում Թուրքիան՝ ցույց տալով իր իրական նպատակները և իր քաղաքականության հիմքը: Ես այստեղ որևէ վատ բան չեմ տեսնում: Սա կանխատեսելի էր և անակնկալ հայտարարություն չի, միշտ էլ այսպիսի հայտարարություններ եղել են»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Նշենք, որ երկու երկրների նախագահների հանդիպման ընթացքում Էրդողանն ընդգծել էր, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունները սառեցված կմնան այնքան ժամանակ, մինչև Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը լուծում չստանա:

«Թուրքիան և Ադրբեջանը գործում են որպես ամենամոտ դաշնակիցներ, ավելին՝ Ադրբեջանը փորձում է դառնալ Թուրքիայի մի մասը: Սա պանթուրքիզմի մարմնավորումներից մեկն է: Թուրքիան միշտ էլ այդպիսի հայտարարություններ արել է, սա նոր բան չէ: Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանությունը, ժխտում է, սա էլ է Ցեղասպանության շարունակություն, ամեն ինչ անում են, որպեսզի իրավիճակն ապակայունացնեն: Նույն Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի պետականաշինության կամ քաղաքականության մեջ երկու հարց գոյություն ունի՝ հայկական հարցը և Կիպրոսը: Սա էլ է մեզ համար հստակ ազդակ, թե ինչպիսի պետություն է Թուրքիան, մենք ինչո՞ւ պետք է զարմանանք, որ այդպիսի քաղաքականություն է վարում»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ շարունակելով նաև, թե՝ իհարկե՛, Էրդողանը փորձում է քիթը խոթել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մեջ, խոթելու է ինչքան կարողանա, բայց սա մեզ համար նույնպես ազդակ է մեր քաղաքականությունն ըստ այդմ կառուցելու և այս բոլորը հաշվի առնելու համար:

Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ նման հայտարարությունները պետք է մեզ սթափեցնեն, քանի որ, ըստ նրա՝ մեր պարագայում վտանգավոր է կորցնել իրականության զգացումը. «Մենք միշտ պետք է սթափ լինենք, երբեք չմոռանանք և չփորձենք իլյուզիաներով տառապել և ինչ-որ ձևով փորձենք իրականությունը պատկերացնել այնպես, ինչպես կա, այլ ոչ թե երևակայորեն»:

ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակը դրական է համարում այն, որ մեր հարևանները բացեիբաց հայտարարում են իրենց նպատակները մեր պետության նկատմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել