Ազգային շահ արտահատությունը արտաբերելիս երբեմն դրա հիմքում փորձում ենք պատկերացնել շատ մեծ ու բարձրարժեք, բայց շատ հեռու ու երբեմն մեզ համար անհասկանալի ու անհասանելի մի բան: Սա է պատճառը, որ այն պաշտպանելն ու հանուն դրա գործելը շատ դժվար մի բան ենք պատկերացնում: Իրականում դա նույնիսկ ամենահասարակ բաների մեջ է, միայն դրա գիտակցումն է պետք: 
Սեպտեմբերի մեկը՝ Գիտելիքի օրը, դա յուրովի զգալու եւ գիտելիքը հենց այդ շահի տեսանկյունից գնահատելու առիթ է: Հենց սա է պատճառը, որ սեպտեմբերմեկյան բարեմաղթանքների ու ուղերձների մեջ մի բան առանձնակի ուշադրություն գրավեց: Պատահական չէ, որ սեպտեմբերմեկյան ուղերձների թվում էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը: «Իմ ու յուրաքանչյուր զինվորականի համար դասարանը վաղվա դասակն է, դպրոցը` վաղվա խոշոր ստորաբաժանումը, որովհետև այսօրվա դպրոցականն է Հայկական բանակի վաղվա օրը, և, ի վերջո, բանակն է դպրոցի շարունակությունը: Հայտնի արտահայտություն կա՝ «Բանակը կյանքի դպրոց է»: Բայց բանակը միաժամանակ ամենաիսկական ուսումնական հաստատություն է, ուղղակի որոշ յուրահատկություններ ունի. բանակը կոլեկտիվ ջանքերի ու բոլորի կարողություններն ու հնարավորությունները ներդաշնակելու և առաջադրված դժվարին խնդիրները համախմբվածության միջոցով լուծելու վայր է,- նշված է ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձում»: Սա գործնականում արտացոլում է այն կապը, որ կարող է լինել մի կողմից կրթության ու գիտելիքի, մյուս կողմից՝ պաշտպանության ու անվտանգության ապահովման միջեւ: Հաղթանակները հենց դրանից են կախված: Թերեւս դրա լավագույն ապացույցը ընդամենը մեկ ամիս առաջ ճիշտ այս օրերին տեղի ունեցած հնգօրյա պատերազմն էր, որի արդյունքները մինչեւ պարզապես հպարտության տեղիք են տալիս: Սովորական մարդու համար այդ հպարտությունը զուտ մնում է էմոցիոնալ մակարդակում, հրճվանքի ու սեղաններին էլ կենացներ բարձրացնելու առիթ է տալիս; Մասնագիտական ու պրոֆեսիոնալ մակարդակում դա ուղղակիորեն մի քանի բաղադրիչների համակցված ու համակարգված աշխատանքի արդյունք էր: Պատերազմական գործողությունները պարզապես հնարավորություն տվեցին. 
1. գնահատել ռազմական կրթական մեթոդների ու միջոցների արդյունավետությունը: Մի քանի օր շարունակ տեղի մեր դեմ կիրառվող հետախուզադիվերսիոն գործողությունների տապալումը, տեղային մարտերում ունեցած փայլուն հաջողությունները, հակառակորդի մեծաթիվ կորուստները դրանց վառ ապացույցն են: 
2. արձանագրել, որ ռազմական պլանավորման մակարդակում արդարացված են այն ժամանակից մարտահրավերների ընկալումները, հետեւաբար իրականացվող գործողությունները ադեկվատ են: 
3. Եթե տարիներ շարունակ մամուլը հաճախ էր գրում ոչ կանոնադրային հարաբերությունների եւ դրանց հետեւանքով առաջացած խնդիրների մասին, եւ թերահավատորեն վերաբերվում այն հավաստիացումներին, որ ամեն ջանք գործադրվում է այդ խնդիրները լուծելու համար եւ դրանք իսկապես նվազագույնի են հասցած, ապա պատերազմական այս գործողությունները իրականում ցույց տվեցին, որ այդ հարթությունում եւս ներդրված ջանքերն իզուր չեն: Միայն զինվոր – սպա լավ հարաբերությունների դեպքում է հնարավոր հասնել արդյունավետ աշխատանքի, հետեւաբար նաեւ հաղթանակի: 
4. Կիրառական մակարդակում ցույց տալ ոչ միայն սպաների, այլեւ սովորական ժամկետային զինծառայողի մասնագիտական ու կրթական պատրաստվածությունը եւ կոտրել այն միտքը, թե բանակի երկու տարիներին զինվորը գրեթե ոչինչ չի անում եւ ոչինչ չի սովորում: 
5. Գործնականում բանակը բազմապատկեց ու ամրապնդեց վստահության իր աստիճանը, դրանով նաեւ առաջատարի ու առաջնորդողի դեր ստանձնելով հասարակական համակարգում: Լավի, հզորության, ուժեղի պրոֆեսիոնալի մասին պատկերացումները ցույց տալու համար հիմա առավել հաճախ է բերվում հենց հայկական բանակի օրինակը՝ սկսած բակային մանկական խաղերից, վերջացրած ամենալուրջ քաղաքական քննարկումերով: 
Այս շարքն, իհարկե, կարելի է դեռ երկար թվարկել: Բայց այս ամենի հիմքում մեկ կարեւոր բան է. ՀՀ բանակի զարգացումը ընթանում է բազմուղի ձեւաչափում: Թերեւս հենց այդ տրամաբանությամբ են անվտանգության ու պաշտպանության գործի իրականացնողները ուշադրություն դարձնում այն «հումքին», որը երեկ, այսօր, վաղը կազմում է բանակը: Խոսքն այստեղ ոչ միայն ռազմահայրենասիրական գաղափարներ կրող սերնդի դաստիարակումն է, այլեւ կոնկրետ մասնագիտական պատրաստվածությու ունեցող նոր կադրերի ներգրավումը բանակի զարգացման գործում: Այդ է պատճառը, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը այս տարի առաջին անգամ մի ծրագիր իրականացրին, ըստ հենց պաշտպանության նախարարության պատվերով են պատրաստվելու մասնագետներ: Սա առաջին փորձն է այս մակարդակում համագործակցելու՝ հաշվի առնելով ՀՀ զինված ուժերում առկա կապի միջոցների վերանորոգման և սպառազինության ու ռազմական տեխնիկայի էլեկտրոնային համակարգերի վերանորոգման մասնագետների պահանջարկը:

Բացի այս ամենից մասնագիտական ուսումնասիրությունները նաեւ մեկ այլ եզրահանգման տեղիք են տալիս: Չնայած իր յուրահատկություններին՝ պաշտպանության բնագավառը հատկապես վերջին մեկ տարում աչքի ընկավ աշխատանքի թափանցիկության ու բաց լինելու մակարդակի ավելացմամբ: Մասնավորապես այս տարվա ամռանը Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայաստանյան ԶԼՄ-ների շրջանում հարցում անցկացրեց՝ նպատակ ունենալով պարզել լրագրողների և լրատվամիջոցների կարծիքով ՀՀ ամենափակ և բաց կառույցները։ Լրագրողներին եւ լրատվամիջոցնեի խմբագիրներին տրվել է հետևյալ հարցը. "Որոնք են լրագրողներին տեղեկություն տրամադրելու տեսանկյունից ամենափակ և ամենաբաց մարմինները": Ըստ այդ հարցման՝ նկատի առնելով ռազմական գործում գաղտնիքների մեծ քանակի առկայությունը ՀՀ պաշտպանության նախարարությունը նույնիսկ փակ կառույցների ցուցակի ամենավերջին տեղերում տեղ չէր գտել: Լրագրողներն այն ընդհգրկել էին բաց աշխատող մարմինների ցանկում՝ ընդ որում բավական բարձր տեղ հատկացնելով: Սա թերեւս խոսում է հասարկությանը ոչ միայն պաշտպանելու, այլեւ տեղեկատվական առումով պատասխանատու լինելու բավական բարձր որակի մասին: 
Այս ամենը ամենեւին չի նշանակում, թե այլեւս չկան խնդիրներ, եւ պետք չէ դրանց անդրադառնալ, պարզապես այս ամենը այն հիմքն է, որը կարող է ուժ տալ ցանկացած տեղում բացառելու թույլ օղակները եւ առավել ուժեղ ու պատասխանատու համակարգ ստեղծելու՝ ուշադրություն դարձնելով անգամ առաջին հայացքից բանակի ու զիմված ուժերի հետ կապ չունեող երեւույթին: Իսկ դրա համար պատասանատու ենք մենք՝ բոլորս մեր գործառույթների, մեր հնարավորությունների չափով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել