Վերջին շրջանում սահմանային լարվածությունը հանգեցրեց երկրի հասարկական կյանքում ազատամարտիկների դերի բարձրացման: Եվ մասամբ դրանով պայմանավորված ավելի ակտիվացան թե’ ԵԿՄ-ն, թե’ ազատամարտիկ-պատգամավորներ Ռուստամ Գասպարյանի ու Ռուբեն Գևորգյանի` ազատամարտիկների շահերը պաշտպանող նորաստեղծ միությունները:

Հասկանալի է, նշված նորաստեղծ կառույցները նախ և առաջ ստեղծված են քաղաքական դաշտում որոշակի խնդիրներ լուծելու համար և մոբիլիզացնում են ԵԿՄ-ից դուրս մնացած ազատամարտիկներին: Կան նաև տեղեկություններ, որ նրանք հովանավորվում են ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի կողմից, թեև իրենք հերքում են այդ լուրերը: Բայց այդ տեղեկատվությունն ավելի համոզիչ է դառնում, երբ հաշվի ենք առնում, որ Ռուբեն Գևորգյանն ու Ռուստամ Գասպարյանը ԲՀԿ անդամներ են:

Ազատամարտիկների այսպիսի ակտիվացումը երկու բացասական տարր է իր մեջ պարունակում: Նախ այն, որ ստեղծվում են կազմակերպություններ, որոնք մասնատում են ազատամարտիկների ուժերը: Ամիսներ առաջ Գասպարյանն ու Գևորգյանը միասին ստեղծել էին «Նվիրյալների միություն» ՀԿ-ն, որում կենտրոնական դիրքում էր Ռ. Գասպարյանը, ինչը, ըստ երևույթին դուր չի եկել Ռ. Գևորգյանին, և, վերջինս որոշել է ստեղծել իր «անձնական» միությունը: Այսպիսով, միանգամայն պարզ է դառնում, որ մեկ միասնական կազմակերպություն ստեղծելուն ուղղված ջանքերին խանգարել են ազատամարտիկ-պատգամավորների քաղաքական նկրտումները:

Արդյունքում «Նվիրյալների միություն» ՀԿ-ն դադարեցրեց գործունեությունը և առաջացան Ազատամարտիկների դաշինքը, որի նախագահն է Ռ. Գասպարյանը և «Երդվյալ ազատամարտիկներ» միությունը, որի ղեկավարն է Ռ. Գևորգյան:

Երկրորդ բացասական երևույթն այս ամենում այն է, որ քաղաքականացվում է առհասարակ ազատամարտիկ հասկացությունը, ինչը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեցող արժեք է: Ինչ-ինչ կուսակցական-քաղաքական շահերից ելնելով` ազատամարտիկ-պատգամավորները օգտագործում են ազատամարտիկների հեղինակությունն ու ռեսուրսները` քաղաքական կապիտալ կուտակելու համար:

Եվ այս շարժումների ակտիվացման ու ազատամարտիկների սոցիալական խնդիրների բարձրացման քողի ներքո հասարակական կազմակերպություններում հավաքվում են բազմաթիվ այլ անձինք, ովքեր որևէ առնչություն չունեն ազատամարտի երևույթի հետ, փորձում են լուծել իրենց ֆինանսական խնդիրները և ընտրությունից ընտրություն ակտիվանալով, ծառայում են այս կամ այն քաղաքական ուժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել