Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում այս տարի ոչ մի առաջին դասարանցի չի լինի: Բերքաբերն այն գյուղերից է, որ օգոստոսին ինտենսիվ գնդակոծությունների տակ ընկավ:
Սահմանի պաշտպանությունը միայն բանակի խնդիրը չէ, բացառապես 18-20 տարեկան ջահելների ու նրանց սպաների պարտականությունը չէ:
Բանակն ուժեղ է թիկունքով՝ ինֆրաստրուկտուրայի, մարդկային ռեսուրսի, առաջին հերթին՝ բարոյական աջակցության շնորհիվ:
Թիկունքի առաջին գիծը սահմանամերձ գյուղն է՝ նաև երեխաներով, որ նույն էդ գյուղի ապագայի խոհրդանիշն են, օջախի կրակը պահողը:
Հիմա պատկերացրեք՝ ի՞նչ հոգեվիճակով է սահման պահելու Բերքաբերի առաջին գծում կանգնած զինվորը, երբ թիկունքը դատարկվում է:
Հիմա կասեն՝ գրում ես, որ ի՞նչ, ադրբեջանցիների՞ն ես ուրախացնում:
Չէ, դրա համար չեմ գրում:
Գրում եմ, որ ավելի մեծ թիկունք կոչվածի կառավարությունը Բերքաբերը չհամարի հերթական համայնք՝ իր վիճակագրությամբ, առաջին դասարանցի չունեցող դպրոցի կորուստը չկոմպեսացնի՝ ասելով, որ Երևանի կենտրոնում երկու նոր էլիտար դպրոց է բացվել ու թվերի աճպարարությամբ չքողարկի դատարկվող Հայաստանի, ամայացող սահմանի պատկերը:
Գրում եմ, որ պարզ լինի. բերքաբերցին թողնում է հայրենիքը, որովհետև տեսնում է իր խեղճությունն ու անտերությունը՝ տարին մեկ էդ կողմերով անցնող պաշտոնյաների շքեղ մեքենաների համատեքստում:
...էդ մեքենաների թիվն ավելանում է, նրանց ապակիների մգությունն ավելի անտեսանելի է դարձնում դատարկվող Բերքաբերի ողբերգությունը, ժանտախտին սպասող Երևանի խրախճանքը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել