Օգոստոսի 28-ին տեղի կունենա Թուրքիայի նորընտիր նախագահ Էրդողանի երդման արարողությունը, որով էլ կմեկնարկի այդ երկրի կառավարման մոդելի փոփոխության ու արտաքին քաղաքականության որոշակի մոդելավորման գործընթացը: Թուրքական իշխանությունը, որն ավելի շատ հիմնված է ուժի, քան հեղինակության վրա, էլ ավելի կամրանա նախագահի ուժեղ ինստիտուտի պայմաններում: Այդ առումով, թուրքական իշխանությունը կսկսի ապավինել իր ավանդական <տրադիցիոն լեգիտիմությանը>, որը նրանց սուլթանների իշխանության աղբյուրն էր: Էրդողանը շտապում է օգտվել ուժեղ լիդերի այդ հնարավորությունից՝ նախաձեռնելով մի շարք գործընթացներ. Հյուսիսային Կիպրոս առաջին պաշտոնական այցի ծրագրումից մինչև նախիջևանյան հանդիպում ու Ռուսաստանի հետ էներգետիկ հարցերի քննարկում: Այս կոնտեքստում նա իր երդմնակալության արարողությանը հրավիրեց նաև հայկական կողմին, որը նաև Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 24-ին նրան հրավիրելու հայտարարությանն ուղղված պատասխան քայլ էր: Սրանով Էրդողանը փորձում է լուծել երկու խնդիր. Եթե Հայաստանը մերժեր հրավերը, ապա դա կլիներ լավ պատրվակ ապրիլի 24-ին Հայաստան չգալու համար, իսկ եթե ընդունի (որոշվել է, որ մասնակցելու է Էդվարդ Նալբանդյանը), ապա դա կցուցադրվի իբրև հայ-թուրքական հարաբերությունների բարելավում Ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ: Թուրքիայում լավ են հասկանում, որ Ցեղասպանության հարյուրամյակը մնացել է իրենց կոկորդում, որը և կուլ տալն է ցավոտ, և դուրս հանելը, բայց ցավը մեղմելն անհրաժեշտություն է: Այդ մեղմող երևույթը կարող է լինել Հայաստանի հետ որոշակի հարաբերություններ կառուցելն ու ցույցադրելը: Այդպիսի արդյունքի կարելի է հասնել Հայաստանի նախագահի հետ անձնական որոշակի հարաբերություններ հաստատելով, քանի որ դիվանագիտությունը հաճախ միջանձնային հարաբերություն է, սակայն Սերժ Սարգսյանը չի գնալու Թուրքիա, ուրեմն պետք է այլ առիթ որսալ: Բայց այս ամենի կարևորագույն հարցն այն է, թե արդյո՞ք Էրդողանը կգա Երևան: Սա իրապես նրա համար քաղաքական դիլեմա է. Եթե չգա, կդիտվի ոչ դիվանագիտական պահվածք, իսկ եթե գա՝ ուրեմն ժխտողականության քաղաքականությունը կդառնա էլ ավելի իմաստազուրկ: Բայց նա ունի ընտրության հնարավորություն. հիմք ընդունելով, որ իր երկիր այցելել է արտգործնախարարը՝ ուրեմն ինքն էլ կանի նման մի քայլ: Նա Երևան կուղարկի, ասենք, փոխնախարարի մակարդակով մի պատվիրակություն, որը որքան պաշտոնական է, նույնքան էլ ոչ նշանակալի, և մանևրի դաշտը կպահպանվի: Թուրքական պատվիրակությունը <կցավի> զոհերի համար, կօգտագործի գեներալիզացիայի հնարքը՝ նշելով, որ դա ցավ է թուրքերի համար ևս, քանի որ թուրքեր էլ են զոհվել, սակայն, միևնույնն է, բոլորը գիտեն ապրիլի 24-ի նշանակությունը, և Թուրքիան ստիպված կլինի առերեսվել պատմությանն ու թուլացնել ժխտողական դիրքորոշումը, որը ներկայիս ճկուն արտաքին քաղաքականության ֆոնին այլևս անպտուղ զբաղմունք է: Հետևաբար, Անկարան կսկսի Հայոց ցեղասպանության դիմագրավման համար մշակել նոր մոտեցում, որն իր մարտավարությամբ կլինի <ճկուն զսպման> տեսքով: Հենց նման մեկնարկ էլ դրեց Էրդողանը վարչապետ եղած ժամանակ՝ ցավակցական ուղերձ հղելով Ցեղասպանության զոհերի հիշատակի համար՝ իհարկե, առանց <Ցեղասպանություն> ձևակերպման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել