Tert.am-ը գրում է.

600 տարուց ավելի անկախություն չունենալուց հետո ուղիղ 24 տարի առաջ՝ 1990թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը՝ «արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը»:

Սրանով սկիզբ դրվեց անկախության գործընթացին. Անկախության հռչակագրով Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն կամ՝ Հայաստան:

ՀՀ անկախության իրավական հիմք ընդունվեց 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը։

Խորհրդային նախկին հանրապետության անկախության ձեռքբերման հաջորդ փուլով` 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեով , (մասնակիցների 94,99 %-ը «այո» ասաց Հայաստանի անկախությանը) այս գործընթացն ավարտվեց:

ՀՀ-ն դարձավ միջազգային իրավունքի ենթակա (Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ, որի ողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները), ունեցավ պետականությանը հարիր խորդանիշներ՝ պետական դրոշ, օրհներգ, զինանշան ստեղծեց ազգային կառույցներ( ՀՀ-ն իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծեց Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ), օրենսդրություն, իսկ հետագա տարիներին անդամակցեց միջազգային տարբեր կառույցների:

Անկախության հռչակագրի նախագծի բնօրինակը (ցավոք, այն գողացվել է Արամ Մանուկյանի մեքենայից, և օրինակը պահվում է Պատմության թանգարանում) Գերագույն Խորհրդում և Ազատության հրապարակում՝ ժողովրդի առաջ կարդացած Արամ Մանուկյանը վերհիշելով 24 տարվա վաղեմության դեպքերը, մթնոլորտը որակեց «աստվածային», «հեքիաթային» բառերով:

«Անբացատրելի ոգևորություն և՛ դահլիճում, և՛ դահլիճից դուրս, այդ օրը Խորհրդարանում Անկախության հռչակագրի կարդալուց հետո ժողովուրդը ինքնուրույն, էսօրվա բառերով՝ ինքնաբուխ տասնյակ հազարներով հավաքվել էր Ազատության հրապարակում, և Վանո Սիրադեղյանը ինձ զանգեց, ասեց՝ ժողովուրդը հավաքել է Օպերայում, արի կարդա ժողովրդի համար, քանի որ էն ժամանակ տրանսլացիա չկար: Դա տոնախմբություն էր, տոնախմբությունը, որ լցված էր սիրով, պատասխանատվությամբ, հավատով, հումանիզմով, լրիվ ուրիշ մթնոլորտ, որովհետև այդ փաստաթուղթը դարերի երազանքի կատարում էր, հավաքական երազանքի ամբարված փաստաթուղթ էր »,- վերհիշեց Արամ Մանուկյանը:

Նրա կարծիքով՝ այդ փաստաթուղթը մեր պատմության մեջ կմնա որպես գլխավոր, իդեալական, գեղեցիկ, իրատեսական ծրագրային հզոր փաստաթուղթ:

Արամ Մանուկյանը շնորհավորում է Անկախության օրվա առթիվ և ցավով նշում, որ ՀՀ-ն այսօր որպես ինքնիշխան պետություն չունի անկախության այն ծավալն ու պաշարը, որ ուներ սկզբում: «Որովհետև անկախ լինելու համար մի քանի բան է անհրաժեշտ, անկախությունը նախ հասկանալու բան է, ինչ դժվարություններ կան, ինչ մարտահրավերներ, ինչ ռիսկեր, հետո՝ սիրելու բան է: Առանց սիրելու չես կարող անկախության տեր լինել, պիտի հոգաս, պիտի փայփայես»,- ասաց Արամ Մանուկյանը։

Ըստ Արամ Մանուկյանի՝ անկախությունը կարող է սիրել ազատ ու համարձակ մարդը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հիշեց, որ 24 տարի առաջ Անկախության հռչակագիրը ընթերցվում էր բոլորովին այլ մթնոլորտում, բոլորովին այլ հասարակական իրավիճակում, բոլորովին այլ ակնկալիքներով:

«Կար այն գիտակցումը, որ գործընթացները, որոնք տեղի են ունենում դեռևս ԽՍՀՄ-ի օրոք, հոգեվարքի ժամանակ, բայց մարդկանց մեջ կար ազատության և ազատության ձգտման զգացում: Ցավոք սրտի, ժամանակի ընթացքում այդ ազատության զգացումը, որը նաև պատասխանատվություն է ենթադրում, առաջին հերթին՝ առանց որևէ մեկի վրա հենվելու, քո կյանքը, երկիրը կառուցելու ձգտումը, սկսեց նվազել։ Եվ վերստին հիմնական կարևոր նշանակություն ունեցող հարցերի լուծումը կապում են ՀԱՊԿ-ի հետ, Ռուսաստանի Դաշնության հետ, կամ տնտեսական ոլորտում՝ «Գույք պարտք դիմաց»-ի միջոցով»,- ասաց նա։

Այսինքն՝ ըստ Սաքունցի հատկապես 98 թվականից հետո տեղի ունեցավ ազատության գաղափարի մետամորֆոզ, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում, շատ ակնառու երևաց դրա վերացական լինելը:

«Եվ նորից ունենք նույն խնդիրները, ինչ ունեինք 24 տարի առաջ, բայց ավելի վատ վիճակում, որովհետև կա հիասթափություն և կա անորոշություն»,- նշեց իրավապաշտպանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել