Օգոստոսի 16-18-ը հոգևոր ապրումների և ուխտի նորոգության օրեր էին Ռումինիայի Հայոց Թեմում: Ռումինիայի հայ համայնքը մեծ շուքով նշեց սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Տոնին ընդառաջ, օգոստոսի 16-ին տեղի ունեցավ Բոտոշան քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծումը`ձեռամբ Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի: Այս մեծագույն իրադարձությանը ներկա էին Ռումինիայում ՀՀ կոնսուլ Արսեն Միքայելյանը, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Բոտոշանի մարզպետ Մակալեց Կոստիկը, Ռումինիայի Ազգային Ժողովի երեսփոխան Չոֆու Տամարան , թեմի ողջ հոգևոր դասը, բազմաթիվ ուխտավորներ` ժամանած Ռումինիայի հայաշատ քաղաքներից: Եկեղեցին 14-րդ դարի կառույց է, կառուցվել է 665 տարիներ առաջ և համարվում է Եվրոպայի հնագույն հայկական եկեղեցին: Այս մեծագույն իրադարձությունը հնարավոր դարձավ շնորհիվ Ռումինիայի խորհրդարանի մեջ ազգային փոքրամասնությունները ներկայացնող երեսփոխան Վարուժան Փամբուկչյանի միջնորդության և ռումին պետության նյութական օժանդակության, ինչպես նաև Բոտոշանի ծխական խորհրդի անդամ Վիորիկա Պոպայի, ով տարիներ շարունակ հետևել է շինարարության ընթացքին: Նույն օրը երեկոյան ժամը 17.30-ին Սուչավայի Սուրբ Խաչ եկեղեցում ուխտավորները մասնակցեցին երեկոյան ժամերգությանը, կատարվեց նախատոնակ: Ավարտին եկեղեցու բակում Տաթև սրբազանն օրհնեց մատաղի աղը և պատրաստվող ականջապուրը, որն ավանդույթի ուժով ամեն տարի պատրաստվում է հենց ուխտավորների ձեռքով՝ Հաճկատարի ուխտագնացությանն ընդառաջ: Օգոստոսի 17-ին, կիրակի օրը, սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնին, ուխտավորների հոծ խմբեր իրենց ճամփան բռնեցին դեպի հռչակավոր Հաճկատարի վանքը, որը սուրբ Մարիամ Աստվածածնի անունն է կրում: Վանքը հիմնադրվել է 1512 թվականին Տոնավագ եղբայրների բարերարությամբ և հռչակված է իր հրաշագործ զորությամբ: Բազում հրաշքների և բժշկությունների վկայություններ կան կապված վանքի անվան հետ: Այսօր էլ այն ուխտավորի պակաս չի զգում: Տոնական սուրբ պատարագ մատուցեց Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Պատարագին ներկա էին Ռումինիայի Հայերի Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի խորհրդարանի մեջ ազգային փոքրամասնությունները ներկայացնող Վարուժան Փամբուկչյանը և հարյուրավոր ուխտավորներ: Պատարագի ավարտին կատարվեց խաղողօրհնության կարգ: Օրհնված խաղողը բաժանվեց ուխտավոր ժողովրդին: Օգոստոսի 18-ին, ժամը 10:00-ին, տեղի ունեցավ Սուչավայի Սուրբ Սիմեոն եկեղեցու վերաօծումը` ձեռամբ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի: Եկեղեցին կառուցվել է 1513 թվականին՝ Տոնիկ բարերարի միջոցներով: Տոնական իրադարձությանը մասնակցելու համար Սուչավա էին ժամանանել ուխտավորների խմբեր Բուխարեստից, Կոստանցայից և Ռումինիայի մի շարք այլ հայաշատ քաղաքներից: Եկեղեցին վերանորոգվել է ռումին պետության օժանդակությամբ և Սուչավայի ռումին ուղղափառ եկեղեցու միջնորդությամբ: Եկեղեցին այս պահին տրված է ռումին եկեղեցուն առ ի գործածություն: Սրբազանը շնորհակալություն հայտնեց նաև սուրբ Սիմեոնի մեջ ծառայող ռումին քահանային՝ հայկական հնամենի եկեղեցին խնամելու և այնտեղ առ Աստված աղոթքներ հնչեցնելու համար: Պետք է նշել, որ եկեղեցուն կից ձեռագրատուն է եղել, որը ցավոք սրտի չի պահպանվել: Նույն օրը Զամկայի հայոց վանքում Տաթև Սրբազանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն և աղոթք բարձրացվեց առ Աստված ննջեցյալ հոգիների հանգստության և փրկության համար: Հոգեհանգստյան կարգ կատարվեց նաև՝ Ռումինիայի Հայոց Թեմի նախկին առաջնորդ՝ Երջանկահիշատակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Կաթողիկոսի հոգու հանգստության համար, որի մահվան 20-րդ տարելիցն էր: Վերջում Սրբազան հայրն իր հայրական օրհնությունները բերեց ուխտավոր ժողովրդին և մաղթեց, որ Աստված ընդունելի անի ամենքի ուխտը և կատարի բոլորի բարի խնդրվածքները: Զամկան նշանավոր է ոչ միայն իր հնությամբ, այլև որպես վանական համալիր ամենամեծն է ռումինահայության եկեղեցական համալիրների շարքում նաև որոշ շրջան ծառայել է, որպես առաջնորդանիստ վանք: Ռումինացի նշանավոր ճարտարապետ-պատմաբան Լ.Շիմանսկին Զամկայի մասին գրում է. «Զամկան անկասկած հանդիսանում է Սուչավայի հայերի կառուցած ամենակարեւոր հոգեւոր հուշարձանը` գերազանցելով մնացյալ բոլորին ինչպես իր մեծությամբ, այնպես էլ իր արվեստով: Գտնվելով Սուչավայի արեւմտյան ծայրամասի Արենի կոչված բարձրավանդակում՝ նա ստացավ լեհական Զամեք կամ հոգնակի` Զամքի անունը, որ լեհերեն նշանակում է բարդ, ամրություն կամ ամրոց»: 1663թ. գրված մի ձեռագրի հիշատակարանում Զամկան անվանվում է «բարձրահայաց հռչակավոր տաճար»: Զամկան այսօր ևս քաղաքի վրա ունի նույն իշխող դիրքը, եւ մինչեւ վանք մտնելը անառիկ մի ամրոց մտնելու զգացողություն ես ունենում, որին վանքի դարպասից ներս մտնելուն գումարվում է նաև հոգեւոր խորունկ մի զգացում, և կարծես դարերը ետ են գնում: Այս զգացողությանը նպաստում է նաև դեպի Զամկա տանող ճանապարհը, որը Սուչավայի եզրով անցնում է իրապես զմրուխտյա մարգագետինների միջով բացված մի հին ճանապարհով, որով ժամանակին անցել են «Հայկական» անվանված քարավանները: Սիրով՝ Տեր Հեթում քահանա Թարվերդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել