Վրաստանի վարչապետի այցը Հայաստանի Հանրապետություն կրում էր ճանաչողական բնույթ: Նա արդեն հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների բավական լայն շրջանակ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, մի շարք ոլորտներում ձեռք են բերվել համաձայնություններ և հնչել են կարևոր հայտարարություններ: Կան նաև խնդիրներ, որոնց շուրջ ընթացել են քննարկումներ, թեև վերջնական պայմանավորվածություններ դեռևս չկան:

Ի. Ղարիբաշվիլու արտահայտած դիրքորոշման առավել կարևոր հատվածն այն է, երբ նա վստահություն է հայտնել, որ երկու երկրների՝ տարբեր ինտեգրացիոն միավորներին անդամակցությունը որևէ արգելք չի հանդիսանա հայ-վրացական տնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցության վրա: Վրաստանի վարչապետը նշել է, որ տարբեր միավորներին անդամակցության հնարավորությունը Հայաստանն ու Վրաստանը պետք է կարողանան օգտագործել ի օգուտ երկու երկրների: Իրակլի Ղարիբաշվիլիի համոզմամբ՝ դա լավ օրինակ կհանդիսանա միջազգային հանրության համար:

Հիրավի, կարելի է միջազգային հանրությանը տարածաշրջանային համագործակցության ու երկկողմ հարաբերությունների արդյունավետ օրինակ ցուցադրել: Հարկավոր է սպասել հետագա զարգացումներին` գաղափարը գործի վերածելու համար: Բայց այն, որ Վրաստանի վարչապետը նման միտք է հայտնել, դա երկու երկրների տնտեսական հարաբերությունների ընկալումը մի նոր մակարդակի է բարձրացնում: Թեև պետք է նշել, որ առաջիկայում ինտեգրացիոն գործընթացների խորացմանը զուգահեռ հարկավոր կլինի քաղաքական կամք ցուցաբերել` հայտարարված սկզբունքը պահպանելու և կյանքի կոչելու համար: Վրացական կողմի` խոսքը պահելու երաշխիք է տնտեսական այն աշխուժությունը որը կարող է մղվել Հայաստանից դեպի Վրաստան` ապահովելով կոնկրետ ֆինանսական եկամուտներ: Եվ Վրաստանի վարչապետի երեկվա հայտարարության մեջ վրացական կողմի այդ հետաքրքրվածությունը պարզորոշ ընդգծվում է:

Կարևոր խնդիր էր միջկառավարական հանձնաժողովի աշխատանքերին «նոր թափ հաղորդելու» մասին պայմանավորվածությունը: Նշենք, որ հանձնաժողովի հանդիպումները դադարեցվել էին 2011 թվականից ի վեր: Սա, իսկապես, բաց էր երկկողմ հարաբերություններում, ինչը, գուցե, պետք է համարել Սաակաշվիլու քաղաքականության հետևանքներից:

Ի. Ղարիբաշվիլու այցում հետաքրքիր դրվագ է նաև սահմանային անցակետերի շինարարության ու արդիականացման խնդրի, ինչպես նաև «Բարեկամության» կոչված կամրջի շինարարության մասին պայմանավորվածությունների ձեռքբերումը:

Պետք է ընդգծել, որ թեև վարչապետները քննարկել են նաև մշակութային խնդիրներ, բայց այդ ոլորտում մեզ համար ցավոտ հարցերի շուրջ վերջնական պայմանավորվածություններ դեռևս չկան: Այն իր մեջ քաղաքական մեծ բաղադրիչ է պարունակում և այլ գործիքների կիրառություն ակնկալում: Պետք է հուսալ, որ տնտեսական համագործակցության աճը կնպաստի մշակութային խնդիրներում քաղաքական բաղադրիչի նվազեցմանը:

Այսպիսով, ընդհանուր առմամբ` Ի. Ղարիբաշվիլու ՀՀ կատարած այցի գոնե առաջին հատվածը կարելի է հաջողված ու արդյունավետ համարել` հաշվի առնելով երկու երկրների համար կարևոր մի շարք պայմանավորվածությունների ձեռքբերումը, ինչպես նաև Վրաստանի վարչապետի` Ծիծեռնակաբերդ կատարած այցը, որի մասին հասկանալի պատճառներով նախօրոք նշված չէր վրացական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ և որոշակի շահարկումների էր հանգեցրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել