Tert.am-ը գրում է.

ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության նվազումը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, տնտեսագետ Միքայել Մելքումյանը և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համարում են հիմնականում երկրի տնտեսության պասիվության, ինչպես նաև ներքին շուկայի վճարունակության նվազման արդյունք: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, թե ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը բոլոր առումներով նվազել է. արտահանումը պակասել է 9, ներկրումը՝ 3,1 տոկոսով: Ընդ որում, նվազել է Հայաստանի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն՝ 6,4 տոկոսով իսկ ներկրումը ավելացել է 1,4 տոկոսով: Նվազել է ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նաև Եվրամիության անդամ երկրների հետ. արտահանումը՝ 7, ներկրումը՝ 0,2 տոկոսով: Սրանք, թերևս, համարվում են Հայաստանի հիմնական գործընկերները»։ 

Ստեղծված իրավիճակում Միքայել Մելքումյանին ավելի շատ մտահոգում է ներքին շուկայում վճարունակ բնակչության պահանջարկի նվազման խնդիրը: «Չնայած աշխատավարձերը հուլիսի մեկից բարձրացել են, բայց առևտրի շրջանառության ծավալները չեն աճում: Այս խնդիրները բավական մտահոգիչ են»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա: 

Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, նա արձանագրեց, որ ՀՀ արտահանման ծավալների մոտ 85%-ը պղնձի խտանյութն է, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, սննդի արտադրանքի մասով՝ խմիչքներն են, ծխախոտը և մյուս ապրանքները: Պղնձի մոլիբդենն ամբողջապես Եվրոպա է գնում, կիսաթանկարժեք և թանկարժեք քարերը նույնպես Եվրոպա են գնում, մնում է սննդային արտադրանքը և ծխախոտը: 

Ներքին ցուցանիշների առումով էլ նշեց, որ արդյունաբերական արտադրանքը հունվար-հուլիսին 1,5 տոկոսով է աճել, գյուղատնտեսականը՝ 3 տոկոս, սակայն դրանք շատ ցածր են: «Տեսնենք, թե դեպքերն ինչպես կզարգանան, բայց ես առանձնապես ցուցանիշների էական զարգացում չեմ կանխատեսում, բայց որ ջանքեր է գործադրվում, որ որոշակի ակտիվություն մտցվի տնտեսության մեջ, ակնհայտ է»,- ասաց նա: 

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ նվազել են նաև Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները: «Եթե որպես երկիր նայենք, մեր արտահանման ծավալների ցանկում Ռուսաստանն առաջին տեղում է, բայց իջեցման միտումներն ընդհանուր տնտեսական ակտիվության հանգամանքով եմ պայմանավորում»,- մեկնաբանեց տնտեսագետը՝ շեշտելով, որ ընդհանուր առմամբ Հայաստանում տնտեսական ակտիվությունը լավ վիճակում չէ: 

Հարցին, թե արդյոք ԵՏՄ-ին անդամակցելու հույսով կարող են այդ թվերը փոխվել հօգուտ Հայաստանի, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Ես այդ հարցում ևս բավականին խնդիրներ եմ տեսնում, առայժմ մինչև 2015թ.-ի հունվարի 1-ը որևէ բան չի փոխվի: Իսկ դրական կլինի, թե՝ ոչ, պայմաններից է կախված: Զգայուն ապրանքներից մենք 800-900 ապրանք ունենք, որ չգիտենք դրանց հետ ինչ կլինի»: 

ԲՀԿ պատգամավորն արձանագրեց նաև, որ լուրջ խնդիր կա Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ կապված, այսինքն՝ երրորդ երկրներից ներկրումը Հայաստան պետք է փոխհատուցվեն, իսկ երբ մաքսատուրքերն ավելանում են, խախտվում են ԱՀԿ-ի կանոնները. «Ես դեռևս լուծված չեմ տեսնում այդ խնդիրները»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ևս հավատում է, որ այդ թվերն իրականում գոյություն ունեն, ինչը մի քանի հանգամանքով է պայմանավորված. «Առաջին հերթին դա պայմանավորում եմ երկրում ստեղծված իրավիճակով, երկրորդը՝ այն իրավիճակի հետ, որը կա ԱՊՀ տարածքում, ուստի այդ ամենը հաշվի առնելով ակնհայտ է, որ մենք պետք է եվրոպական ուղղությունը զարգացնենք, հատկապես, որ այն դինամիկ ձևով զարգանում էր մինչև Ասոցացման համաձայնագիրը: Հաջորդը՝ ցանկացած պարագայում որքան էլ ուզենք կամ չուզենք, Հայաստանում տեղի է ունենում տնտեսական անկում, ինչպես նաև բնակչության նվազում է տեղի ունենում, ինչն արտադրական հնարավորություններն է նաև նվազեցնում, մասնագիտական առումով են խնդիրներ ունենում»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել