1953թ. ի վեր Կորեական թերակղզին բաժանված է երկու մասի: Պարբերաբար դրվում է Կորեաների միավորման խնդիրը, սակայն, որպես կանոն, բանը խոսակցություններից այն կողմ չի անցնում: Իսկ չի անցնում այն պատճառով, որ Հարավային Կորեայում գտնվում են ԱՄՆ զորամիավորումները և բնական է, որ ԱՄՆ-ին ամենևին էլ ձեռնտու չէ Կորեաների միավորումը, քանի որ այդ պարագայում, անկախ ապագա միացյալ Կորեայի սոցիալ-տնտեսական համակարգից, ի հայտ կգա մի նոր հզոր խաղացող, որը, ինչը շատ հավանական է, կունենա նաև միջուկային զենք: 
Այս հանգամանքը, անշուշտ, գիտակցում են հակամարտության բոլոր կողմերը: Մասնավորապես, օրերս իր հրապարակած հայտարարությունում ԿԺԴՀ-ի Հանուն Կորեայի խաղաղ միավորման ազգային կոմիտեն պահանջել է ԱՄՆ-ից դուրս բերել իր զորքերը Հարավային Կորեայից, իսկ Հարավային Կորեայի իշխանություններից՝ վերանայել իրենց հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Հայտարարվում է (և միանգամայն իրավացիորեն), որ եթե Հարավային Կորեայի իշխանությունները իրապես շահագրգիռ են խաղաղության և վերամիավորման հարցում, ապա պետք է բացառեն որևէ երրորդ կողմի մասնակցությունը հարցի կարգավորմանը և ապահովեն հարցերի լուծումը բացառապես երկու կորեաների ներկայացուցիչների մասնակցությամբ: Որպես առաջին քայլ առաջարկվում է միավորել երկաթուղիները, իրականացնել հումանիտար համագործակցության ծրագրեր, ապամոնտաժե երկաթբետոնե պատը և բացառել փոխադարձ այցերը խոչընդոտող մեխանիզմները:
Թե ինչպես կարձագանքեն Հարավային Կորեայի իշխանությունները՝ ցույց կտա ժամանակը: Այնուամենայնիվ, պիտի նկատել, որ, իհարկե, այստեղ հաշվի են առնված կորեական առանձնահատկությունները, սակայն հիմնարար գաղափարը նույնն է բոլոր առկա հակամարտությունների պարագայում՝ միշտ առկա է որևէ երրորդ ուժ, որի շահերից, որպես կանոն, չի բխում հակամարտության կարգավորումը, և այդ ուժը պատրաստ է դիմելու ցանկացած միջոցի այդ կարգավորումը կանխելու համար:
Ուստիև ցանկացած հակամարտության կարգավորման առաջնային պայմաններից է երրորդ ուժի միջամտության բացառումը (խոսքը չեզոք և տարածաշրջանում շահեր չունեցող միջնորդների մասին չէ): Միայն այդ դեպքում է իրատեսական փոխշահավետ պայմանավորվածության գալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել