Tert.am-ը գրում է.

Տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին, մասնավորապես՝ Ադրբեջան, Վրաստան և Թուրքիա ռազմական և քաղաքական համագործակցությանը, նշեց, որ բնական է, որ Վրաստանն իր անվտանգությունից ելնելով՝ հարևան երկրների հետ փորձում է խողովակաշարային և այլ կոմունիկացիոն համակարգերի անվտանգության համատեղ ապահովում ստեղծել։ Դավիթ Շահնազարյանը հարևան երեք պետության պաշտպանության նախարարների հանդիպումից առանձնացրեց հանդիպման վայրը՝ Նախիջևանը, և կարծիք հայտնեց, որ Նախիջևանի ընտրությունը հնարավոր է, որ համաձայնեցված էր Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով Մոսկվայի և Անկարայի ներկայիս բազմակողմանի սերտ հարաբերությունները։ «Այլապես կարծում եմ՝ որոշակի պաշտոնական արձագանք Մոսկվայից պետք է հնչեր»,- նշեց նա։

-Պարո´ն Շահնազարյան, Նախիջևանում տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ռազմական ուսումնավարժանքներ անցկացնելու մասին։ Ի՞նչ զարգացումներ կարող է բերել տարածաշրջանում այս համագործակցությունը։

-Այստեղ պետք է 2 մաս առանձնացնել. նախ՝ 3 երկրի պաշտպանության նախարարների հանդիպումը և նրանց համատեղ ջանքերը՝ միասին ստեղծելու խողովակաշարային և այլ կոմունիկացիոն համակարգերի անվտանգության համատեղ ապահովում: Այսինքն, ըստ էության՝ ձևավորվում է առայժմ ոչ ֆորմալ համագործակցություն պաշտպանության և կոմունիկացիոն անվտանգության ոլորտներում։ Եվ երկրորդ կարևոր պահն այն է, որ հանդիպումը տեղի է ունեցել Նախիջևանում, ինչը կարծում եմ՝ նույնպես պատահական չէ։ Չեմ բացառում, և նույնիսկ՝ համարում եմ հավանական, որ Նախիջևանի ընտրությունը համաձայնեցված է Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով ներկայիս սերտ բազմակողմանի հարաբերությունները Մոսկվայի և Անկարայի, ինչպես նաև՝ Բաքվի միջև, այլապես որոշակի պաշտոնական արձագանք պետք է լիներ Մոսկվայից։ Վրաստանի իշխանություններն էլ այսօր ամեն ինչ անում են Մոսկվայի հետ որևէ նոր խնդիր չստեղծելու համար։ Բացի այդ, ըստ 1921թ. ռուս-թուրքական պայմանագրի՝ Նախիջևանի անվտանգության և կարգավիճակի երաշխավորը Ռուսաստանն ու Թուրքիան են։

- Մասնավորապես՝ Հայաստանին ի՞նչ խնդիր կարող է սպառնալ այդ հնարավոր դաշինքից։

- Իհարկե, որոշակի հիմնավոր մտահոգություններ ՀՀ-ի իշխանությունները պետք է ունենան: Կարծում եմ՝ Վրաստանի վարչապետի` Հայաստան կատարելիք այցի շրջանակներում նաև Նախիջևանի հանդիպման թեման կարող է քննարկվել։ Բազմիցս նշել եմ, որ հայ-վրացական հարաբերությունները և դրանց զարգացումը մեզ համար չափազանց կարևոր, առաջնահերթ են։ Հայաստանի իշխանության քաղաքականությունը՝ ներգրավել ռուսական, այսպես կոչված, «ինտեգրացիոն» կառույցներին, նկատի ունեմ՝ Մաքսային միություն, Եվրասիական տնտեսական միություն, անկասկած պաշտոնական Թբիլիսիում լուրջ անհանգստություն է առաջացնում։ Վրաստանն ընթանում է դեպի եվրոպական և ատլանտյան կառույցներ, փոխում է արդեն այլ պետությունների քաղաքացիների՝ Վրաստանում մնալու վիզային ռեժիմը, այսինքն՝ բավական լուրջ մտահոգվելու առիթ կա, որի պատճառը ՀՀ իշխանությունների՝ 2013թ. սեպտեմբերի 3-ից սկսված քաղաքականությունն է, որը չի բխում ոչ միայն ՀՀ-ի շահերից, այլև՝ տարածաշրջանային անվտանգությունից: Հուսանք, որ այդուհանդերձ՝ հայ-վրացական հարաբերությունները կզարգանան, որովհետև դա երկկողմանի ցանկություն է թե´ Հայաստանի, թե´ Վրաստանի իշխանությունների համար, բայց իրականությունը մի քիչ այլ է, որի մասին խոսեցի։

-Իսկ Հայաստանն ունա՞կ է համարժեք պատասխանել հարևանների նման համագործակցությանը, բավարա՞ր է ռուսական աջակցությունը։

-Այս խնդիրները գնալով ավելի ու ավելի խորանում են ոչ միայն հարևանների հետ, այլ՝ միջազգային հանրության։ Մենք ընկալվում ենք որպես Ռուսաստանի կցորդ, այն Ռուսաստանի, որը գնում է ինքնամեկուսացման, որն անտեսում է միջազգային հանրությանը, ժողովրդավարական համակարգերը, և փորձում է ստեղծել «ռուսական աշխարհ»: Նորանոր բարդություններ ենք ունենալու ոչ միայն այս տիպի խնդիրներում, այլև՝ միջազգային ատյաններում, որովհետև մենք ընկալվում ենք որպես կցորդ մի երկրի, որն այսօր լրջագույն սպառնալիք է միջազգային անվտանգությանը։ Պետք է հրաժարվել այն քաղաքականությունից, որն սկսվեց անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին: Օբյեկտիվ են այս խնդիրները, դրանք կախված չեն Վրաստանի իշխանությունների ցանկությունից։ Ըստ էության՝ Հայաստան-Վրաստան սահմանը սպառնում է դառնալ Վրաստան-Ռուսաստան սահման, և անհանգստությունը, որ կա Վրաստանում, նույնպես հիմնավոր է։ Մեր անվտանգությանն առնչվող խնդիրներն առաջացել են սեպտեմբերի 3-ից հետո, քանի որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել հակաքաղաքակրթական, իրեն աշխարհի հետ հակասության մեջ դնող այդ միությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել