Սիրելի҄  ընթերցող, համոզված եմ՝ ինչպես ես, այնպես էլ Դուք սպասման փափագով, Ձեզ մոտ եք կանչել երջանկությանը: Մեր ձգտումները ես անվանում եմ երջանկություն, քանի որ մենք՝ մարդիկս, ձգտում ենք նրան, ինչը մեզ կերջանկացնի: Կարևոր չէ, թե որն է ձգտումը, կարևորը նրա ներգործությունն է մեր կյանքում: Եվ այսպես, մենք անկեղծ սրտով կանչում ենք, բայց նա, չգիտես ինչու, չի գալիս: Սպասում ենք, սպասում, սակայն չկա արդյունք, չկա պատասխան, ու աստիճանաբար ընկնում ենք հուսահատության գիրկը: Այսինքն մենք մեզ ստիպում ենք հավատալ այն անհեթեթությանը, իբր դժբախտ ենք: Ապա սկսվում է սթրես, ինքնագնահատականի ցածրացում, ինչի հետևանքով էլ մեր կյանքը վերածվում է կատարյալ դժոխքի, ուղղակի պակասում է կրակը: Ուրեմն մենք կանչեցինք երջանկությանը, իսկ արդյունքում եկավ դժբախտությունը: Եվ հիմա հարց. որտեղի՞ց ենք մենք կանչում այդ երջանկությանը... Շատերը կպատասխանեն, որ այն մարդկանցից, ում սիրում ենք, այն երազանքներից, որոնց տրված ենք, այն նպատակներից, որոնց կառչում ենք... Բայց ոչ. անհրաժեշտ է կանգ առնել, քանի որ այդպես մտածելով մենք մինչև մահ կսպասենք, իսկ այն այդպես էլ չի գա: Գիտե՞ք ինչու, որովհետև նա ինքը մեր մեջ է: Նա մեզ կանչել է դեռ այն ժամանակ, երբ չկար ոչինչ: Գերագույն երջանկությունը՝ Հիսուս Քրիստոսը՝ մեր Տեր Փրկիչը, մեզ կանչել է, իսկ մենք, չընդունելով նրա հրավերը, ձգտում ենք մեր պատրանքներին, որի ետևում էլ հենց թաքնված է հուսախաբությունը: Շատ եմ լսել այն արտահայտությունը, թե ինչքան մարդ կա, այնքան էլ ճշմարտություն, բայց համամիտ չեմ. չէ҄ որ կարծիքը դեռ հաստատված ճշմարտություն չէ: Ճշմարտությունը միայն մեկն է, որը կհասկանանք այն ժամանակ, երբ սկսենք վայելել մեզ տրված երջանկությունը: Այժմ ես կարող եմ հպարտ ասել, որ երջանիկ եմ, անսահման երջանիկ, որովհետև էլ չեմ կանչում: Ես ընդունել եմ հրավերը, իսկ դո՞ւ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել