Նոր եմ վերադարձել Ղարաբաղից, որտեղ բախտ ունեցա այցելել նաև զորամասեր և զրուցել զինծառայողների հետ, ընդ որում՝ առավելապես սպաների: Այս վերջին միկրոպատերազմը, որին մենք ականատես եղաանք օրեր առաջ, հստակ ցույց տվեց մեր բանակի ինչպես մի շարք անհերքելի առավելությունները, այնպես էլ մի շարք անհանգստացնող թերությունները, որոնց մասին կուզենայի կիսվել:

Նախ, արդեն ակնհայտ ա, որ գոնե երկու հարցում, մեր բանակը արդեն զբաղեցնում է որակական բարձր սանդղակ. սննդով և մեր պես փոքր երկրի համար գերհզոր հրթիռային սպառազինությամբ ապահովվածությունն հարցում, ինչի համար պետք է ևս մեկ անգամ գլխուխ խոնարհենք անձամբ Սեյրան Օհանյանի և որքան էլ տարօրինակ հնչի, բայց ՀՀ իշխանությունների առջև, որովհետև հասկանալի է, որ Սեյրան Օհանյանը իր միջոցներով չի գնում անհրաժեշտ քանակությամբ պարենամթերք և զենք:

Մյուս կողմից, որքան էլ կարևոր լինեն կուշտ ու լավ սնված զինվոր ունենալու և Ադրբեջանի տարածքում ցանկացած թիրախ խոցելու հնարավաորության գործոնները, չի կարելի անտեսել, որ մեր բանակը ակնհայտորեն կաղում է զինվորների անհատական միջոցների ապահովվածության հարցում: Ակնհայտ է, որ 21-րդ դարում դիրքերում հույսները միայն կախված մետաղյա բանկաների ու շների վրա դնելը անախրոնիզմ է ու պետք է դիրքապահներին ապահովել ժամանակակից գիշերային և ջերմային տեսողության սարքերով, կալիմատրներով և նշանոցներով, որոնց առկայության դեպքում մեր մարտունակությունը անգամներով կբարձրանա, որովհետև տեխնիկական միջոցների առկայությանը կգումարվի մեր զինվորի ոգին ու խիզախությունը:

Սա նախ կբերի նրան, որ գրեթե կբացառվի դիվերսիոն գործողությունների հաջող ելքը՝ հակառակորդի համար ու որպես հետևանք՝ կնվազեն մեր մարտական կորուստները: Հասկանալի է, որ դա էժան հաճույք չէ, բայց նման վերազինումը կարելի է անել աստիճանաբար. սկզբում ապահովել հատուկ նշանակության զորքերը, հետո առաջնագծում հերթապահություն իրականացնող զորքերը (սկզբի էտապում, կարեի է ուղղակի ամեն դիրքում թողնել համապատասխան կոմպլեկտ՝ որը հերթափոխները կփոխանցեն միմյանց), հետո նոր արդեն մնացած բանակը: Կարծում եմ, որ մեկ զինվորի հաշվարկով միջինում 2-3 հազար դոլար «ծախսելը» լրիվ արդարացված ներդրրում կլինի մեր զինված ուժերում և զարգացման նոր հորիզոններ կբացի մեր պանծալի բանակի համար:

Հ.Գ. Ի դեպ, որպեսզի հասկանք նման սարքավորումների կարևորությունը ժամանակակից պատերազմներում, ասեմ, որ Ադրբեջանի հատուկ նշանակայինների ամենախայտառակ կորուստներ կրելու գիշերը նրանց դարանակալել էին մեր հատուկ նշանակության զորքերի համապատասխան ստորաբաժանումները, որոնց էկիպիռովկայում ներկա էին վերոնշյալ գիշերային տեսողության սարքերն ու ժամանակակից նշանոցները, ինչի արդյունքում հակառակորդի երկու խմբերը ոչնչացվել էին գրեթե ամբողջական կազմով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել