Հայտնի զույգերից քչերին է հաջողվում պահպանել ընտանեկան երջանկությունը, վայելել հայտնիության դափնիներն ու անթաքույց ուրախությամբ հպարտանալ մեկը մյուսի հաջողություններով ու ձեռքբերումներով: Լուիզա Ներսիսյան և Հրանտ Թոխատյան զույգը հենց այդ քչերից է: Դրանով հանդերձ Լուիզան գտել է կնոջ երջանկության իր բանաձևն ու որպես իսկական աստվածուհի վայելում ամուսնու ողջ սերն ու ուշադրությունը:
- Լուիզա, քանի որ արդեն մեկնարկել է կանանց միամսյակը, մեր զրույցը սկսենք հենց դրանից` ի՞նչ առանձնահատուկ անակնկալ էր Ձեզ համար պատրաստել Հրանտը, թե՞ այն ոչնչով չտարբերվեց նախորդ միամսյակներից:
- Ասեմ, որ Մարտի 8-ն ու կանանց միամսյանկն ընդհանրապես ինձ համար սկսվեց հենց կեսգիշերին` 12-ը խփելուն պես: Հրանտն ինձ մեծ անակնկալ մատուցեց, երբ երեք ծաղկեփնջով մտավ ներս, քանի որ մեր տանը երեք կին է ապրում` ես, մեր դուստրը և մայրս: Բացի դա, Հրանտը շրջանակի մեջ դրված յուրօրինակ պատվոգիր էր պատրաստել` շնորհելով ինձ որպես տաղանդավոր, գեղեցիկ կնոջ` «Ты просто богиня»վերնագրով, որի տակ Հրանտի ստորագրությունն էր` որպես ժյուրիի նախագահ : Ես շատ շոյված էի այդ անակնկալից ու հենց դրանով այս տարվա Մարտի 8-ն առանձնացավ ինձ համար, քանի որ կարծում եմ, որ այս տարի ինձ արդարացրել էի ոչ միայն որպես կին, այլևս ստեղծագործական առումով մի քայլ էի արել դեպի առաջ, ինչը գնահատվեց նաև ամուսնուս կողմից:
- Մի առիթով Հրանտի համար ասել եք, որ նա Ձեր կուռքն է, նա էլ Ձեզ աստվածուհի է անվանում, այս փոխադարձ «որակումները»պարզապես խոսքե՞ր են միմյանց հաճոյանալու համար, թե՞ իրենց գործնական կիառումն ունեն նաև առօրյայում:
- Ի տարբերություն Հրանտի` ես խոսքերում շռայլ չեմ: Նա կարող է անգամ կատակով արտահայտել իր սերը. մեկ էլ կհարցնի` այսօր ամսի քանիսն է, երբ ասում եմ ամսաթիվը, պատասխանում է` այսինչ օրը քեզ չեմ ասել, չէ, որ սիրում եմ և որ դու շատ գեղեցիկ ու տաղանդավոր ես: Նա ամեն օր մի խոսքով, մի նախադասությամբ ոգևորում է ինձ, ինչը շատ եմ իր մեջ գնահատում: Ընդհանրապես, Հրանտն այնպիսին է, որ եթե մի բան ներսից բխեց, անպայման լեզվի ծայրին է, նա չի ամաչում իր զգացմունքներն արտահայտել: Ես էլ փորձում եմ նրանից սովորել լինել առավել շռայլ խոսքերում:
- Կնոջը նվերներ անելու հարցո՞ւմ էլ է շռայլ, թե՞ իրեն կոնկրետ առիթներ են պետք դրանց համար:
- Հրանտը շատ լավ խոսք ունի, ասում է` չեմ ընդունում, որ միամսյակ է հայտարարված, այլ ողջ տարին է կանանց համար, ու դա գործով էլ է ապացուցում: Չի եղել մի արտասահմանյան հյուրախաղ կամ գործուղում, որ նա առանց անակնկալի վերադառնա` լինի օծանելիք, թե զարդ: Մեր տանը երկուսս էլ հավասար ենք, չկա մի բան, որ դա հենց կնոջ անելիքն է ու ամուսինը դրան չպետք է խառնվի: Երբեք ամենածանր բեռն իմ ուսերին չի բարդում:
- Դա նաև կենցաղի՞ն է վերաբերում:
- Կենցաղում այն, ինչ պետք է անի տղամարդը, Հրանտը շատ լավ գլուխ է հանում: Սիրում ենք միասին գնումների գնալ և միասին որոշել` ինչ առնել տան համար: Ինչ վերաբերում է խոհանոցին, ընթրիք պատրաստելուն, դրանք իմ պարտականություններն են, քանի որ սիրում եմ համեղ պատրաստել, իսկ նա միշտ իր գոհունակությունն է արտահայտում:
- Գործնականում կարողացե՞լ եք համոզվել այն մտքի ճշմարտացիությա մեջ, որ տղամարդու սիրտ տանող ճանապարհն անցնում է ստամոքսով:
- Հրանտն իհարկե համադամասեր է, սակայն դա նրան չի խանգարում սոված ժամանակ սխալներ թույլ տալ: Նա միշտ կայուն է իր զգացմունքներում, արտահայտչամիջոցներում, պարզապես որպես սիրող կին ես ցանկանում եմ նրան համեղ կերակրատեսակներով հագեցնել, գեղեցիկ հագցնել, քանի որ դա նաև ինձ է հաճելի: Այսինքն` համեղ պատրաստած ընթրիքով ես ցանկություն չունեմ իր սիրտը գերել ստամոքսի միջոցով: Ստույգ մի բան ասեմ. մենք երբեք կես ժամից ավելի միմյանցից նեղացած չենք եղել և չի եղել մի դեպք, որ մենք մեր որևէ արարքով ակնարկենք նեղացած լինելու մասին: Դրանք շատ փոքրիկ վիճաբանություններ են եղել, որոնք շատ շուտ էլ հարթվել են, չեն անդրադարձել մեր կենցաղի վրա ու երբեք չեմ փորձել Հրանտին պատժել` առանց ընթրիքի թողնելով կամ, հակառակը, սիրաշահել դրանով: Իր սիրտը ես ամեն օր եմ շահում:
- Ձեր համատեղ կյանքի ընթացքում եղել են պահե՞ր, որ զգացել եք ընտանիքը խանգարում է կարիերային կամ կարիերան` ընտանիքին: Հեշտությա՞մբ եք համատեղում այդ երկուսը:
- Երբ շատ պարտականություններ ես վերցնում քեզ վրա` սկսած կենցաղայինից մինչև ստեղծագործականը, ավելի շատ բան ես հասցնում անել, քան երբ մեկ գործով ես միայն զբաղվում: Կինն ի վերուստ գերբնական ուժով է օժտված, որ կարողանում է ամեն ինչ հասցնել. մեր կանանց պատասխանատվության զգացումն այնքան մեծ է, որ երբեք կարիերայի պատճառով ընտանիքը չի տուժում: Ես` որպես դերասան, որպես մասնագետ կարողանում եմ ընտանիքն ու բեմն այնպես համատեղել, որ մեկը մյուսի պատճառով չտուժի և վստահ եմ, որ երկուսն էլ չեն տուժում:
- Տնային գործերում, բացի մայրիկից, կա՞ մեկը, ով օգնում է Ձեզ:
- Ինչպես շատերի դեպքում, մենք էլ տան աշխատող ենք ժամանակ առ ժամանակ հրավիրում տնային մեծ գործերն անելիս:
- Այնուամենայնիվ, կա՞ մի բան, որ նյարդայնացնում է Ձեզ, խանգարում Ձեր ընտանեկան երջանկությանը:
- Կարող եմ ասել, որ չկա այդպիսի բան, որ կխանգարի մեզ, մեր ընտանեկան երջանկությանը: Ես կարողանում եմ ճիշտ տեղում ինձ ճիշտ դրսևորել. երբեք չի եղել, որ խոհանոցի համար հատկացված ժամանակն օգտագործեմ իմ արտաքին տեսքի կամ շպարի վրա և հակառակը. կարողանում եմ ժամանակս այնպես տնօրինել, որ մեկը մյուսի պատճառով չտուժի: Բացի այն, որ պարտավոր եմ խոհանոցում լինել, նաև հաճույքով եմ դա անում, քանի որ սիրում եմ իմ ընտանիքը, սիրում եմ ամուսնուս ու հենց դրա համար միշտ ուզում եմ գեղեցիկ ու խնամված լինել: Սիրում եմ երեխայիս ու հենց դրա համար ամեն ինչ անում եմ, որ ստեղծագործական կյանքում էլ հաջողակ լինեմ, որ ապագայում իր համար օրինակ ծառայեմ` ոչ միայն որպես մայր, այլև հասարակության համար պիտանի մասնագետ: Սիրում եմ մորս ու փորձում եմ տնային գործերում էլ նրան օգտակար լինել, թեթևացնել նրա հոգսը ու կարծում եմ` չեմ թերացել սրանցից և ոչ մեկում, որոնք կարող են խանգարել իմ ընտանեկան երջանկությանը: Ամեն մարդ պետք է փորձի երջանկություն գտնել նաև իր մեջ: Կարծում եմ` մեր կանանց համար դա լուրջ խնդիր է, քանի որ երբ տղամարդն ինչ-ինչ պատճառներով զբաղված է իր գործերով և քիչ ուշադրության է արժանացնում իրենց, նրանք իրենց դժբախտ են համարում, կարծում են` ամեն ինչ կործանված է: Իմ կարճ ապրած կենսափորձից մի խորհուրդ կարող եմ տալ. կինը պետք է կարողանա իրեն ճիշտ «իրացնել՚, եթե աշխատանք չունի, պետք է կարողանա իրեն մի զբաղմունք գտնել, որում կկարողանա ճիշտ ինքնադրսևորվել, դրանից հաճույք ստանալ, լցվել սիրով ու այդ սերը փոխանցել ամուսնուն, ընտանիքի մյուս անդամներին, և դա հաստատ անպատասխան չի մնա:
- Հյուրախաղերի պատճառով, աշխատանքի բերումով սիպված եք լինում հաճախ բացակայել երկրից, հեռու լինել միմյանցից: Տարածությունը չի «սառեցնում»ձեր սերն ու հարաբերությունները:
- Երբ ինքնաբավ ես, քո վստահությունն ու ոգևորվածությունը փոխանցվում է նաև դիմացինին: Մենք երկուսս էլ ինքնաբավ ենք և ուժեղ բևեռներ ենք, որոնց հարաբերություններում այդ խնդիրն իսպառ բացակայում է, ժամանակն ու տարածությունն էլ ոչինչ անել չեն կարող: Եթե հանկարծ մեր ընտանիքում վերանան հարգանքն ու սերը, միայն հասարակության համար մենք հաստատ միասին չենք մնա: Եթե չկա ամուր սեր, չի կարող լինել ուրիշ ոչ մի փոխհարաբերություն:
- Բացի ձեր համատեղ երեխան` Լիլիթը, Հրանտը որդիներ էլ ունի. երբևէ զգացել եք, որ Հրանտի սերը ձեր հանդեպ «կիսվում է»:
- Հրանտի երեխաներին երբեք ինձ մրցակից չեմ համարել: Գիտեմ, որ նրա սրտում յուրաքանչյուրիս համար տեղ կա հատկացված ու ոչ մեկիս հանդեպ սերը դրանից չի պակասում: Նույնն է թե` մտահոգվեմ` ինչու է Հրանտն իր ծնողներին ավելի շատ սիրում, քան ինձ, բայց ծնողներն իրենց տեղն ունեն, նույնը նաև երեխաների դեպքում. պետք չէ երեխաների հանդեպ սերը համեմատել կնոջ հանդեպ սիրո հետ: Հրանտը շատ հոգատար հայր է, ու ես շատ ուրախ եմ դրա համար. ինքս էլ փորձում եմ նույնքան հոգատար լինել, որքանով կկարողանամ` երբեք չմտածելով սիրո պակասի մասին: Ես Հրանտի և իր որդիների փոխհարաբերությունները տեսնելով եմ հասկացել, որ նա իմ իդեալն է:
- Մինչ Հրանտի հետ ամուսնանալը մտավախություն չե՞ք ունեցել, որ Ձեր ամուսնությունն էլ կարող է շուտ ավարտվել` հաշվի առնելով Հրանտի ամուսնալուծությունները:
- Պետք չի կապել մեկը մյուսի հետ: Կյանք է, ամեն ինչ էլ կարող է պատահել, սակայն պետք է կարողանաս այնքան ճիշտ ծրագրել կյանքդ, որ դրանից չտուժի ընտանիքդ: Ես չեմ մտածում այդ մասին, այլ ապրում եմ այս օրով` փորձելով գեղեցկացնել ու երջանկացնել, սեր տալ իմ սիրած մարդկանց: Իսկ թե ինչ կլինի վաղը, ոչ ոք չի կարող երաշխիք տալ:
- Հայ տղամարդիկ լուրջ առանձնահատուկ վերաբերմունք ունեն զոքանչների նկատմամբ: Ձեր մայրը ձեզ հետ է ապրում, ինչպես են Հրանտի և զոքանչի հարաբերությունները:
- Շատ լավ, երբեմն նրանք միանում են ու իմ դեմ դուրս գալիս (կատակում է): Իրականում, մայրս այնքան կիրթ, դաստիարակված մարդ է, որ երբեք իրեն թույլ չի տալիս խառնվել իմ ու Հրանտի հարաբերություններին: Երկուսն էլ շատ լավ հասկանում ու հարգում են միմյանց, քանի որ երկուսն էլ խելացի են ու դաստիարակված:
- Ձեր դստեր համար` ինչպիսի՞ մայր եք:
- Ժողովրդավար: Ես նրան միշտ վերաբերվել եմ մեծի պես, երբեք իր հետ մանկան լեզվով չեմ խոսել, ու այսօր արդեն նա լրիվ ձևավորված անհատականություն է: Լիլիթն արդեն 5 տարեկան է, ու մենք ընկերուհիների նման ենք իրար հետ, խոսում ենք, կիսվում: Եթե երկար ժամանակ պետք է թատրոնում լինեմ, նա անպայման ինձ հետ է լինում: Կարող է երկու ժամ կլանված ներկայացումը դիտել, հետո իր մեկնաբանություններն անել: Այնպիսի փորձառությամբ է կերպարը վերլուծում, ասենք, ինչու այսինչ հատվածում ձեռքս այդպես բարձրացրի, հետո եմ հասկանում, որ շատ ճիշտ դիտողություն է անում, ու այդ դրվագում անիմաստ էր այդ ժեստը… Բայց հիմնականում հավանում է խաղս, ինձ ոգևորում:
- Որպես դերասան, գործընկեր` ի՞նչ ներդրում է ունեցել Հրանտը ձեր մասնագիտական կյանքում:
- Կարող եմ վստահաբար ասել` ոչ մի, քանի որ նա երբեք չի կարող լինել խնդրողի դերում: Երբեք չի եղել մի դեպք, որ նա իր ծանոթություններն ու կապերն օգտագործի ի շահ իր ընտանիքի: Նա պարզապես զբաղված է իր գործով, փորձում է դա անել լավ ու երբեք կողքից օգնություն չի ակնկալում, ինչը փորձում եմ անել նաև ես: Տեսակով այնպիսին եմ, որ որոշեցի ընդունվել թատերական, ընդունվեցի, որոշեցի դառնալ լավ դերասան, ամեն օր, քայլ առ քայլ համոզվում եմ, որ մի խոչընդոտ էլ հաղթահարեցի, մի քայլ էլ առաջ գնացի իմ մասնագիտության մեջ: Ինձ համար անընդունելի և վիրավորական է, երբ առաջ գնալու համար որևէ մեկը պետք է բարեխոսի: Ես կայացած տղամարդու կայացած կին եմ:
- Կան դերեր, որ մինչև ընդունելը, համաձայնություն տալը, նախապես քննարկեք Հրանտի հետ, որից հետո միայն հայտնեք Ձեր դրական կամ բացասական պատասխանը:
- Քննարկումներ բնականաբար լինում են, սակայն նա երբեք կատեգորիկ դեմ չի լինում որևէ բանի` հատկապես, երբ քննարկումներից հասկանում ենք, որ դերը, կերպարը շատ շահեկան են: Նա միայն մի դեպքում է դեմ (չնայած ինքս էլ եմ այդպիսի դեպքերում դեմ լինում), երբ դերն անարժեք մի բան է լինում, երբ դրանում իզուր էներգիա ու ժամանակ պետք է ծախսեմ:
Հարցազրույցը` Օֆելյա Քոչարյանի
Նյութը` Esyes.am-ից