Ո՞ւր ենք մենք գնում: Այո, այո: Այսօր առավելապես այս հարցն է ամենաառաջնայինն ու ամենահուզողը: Բնականաբար մենք պետք է հասկանանք, որտեղից ենք գալիս, ինչի միջով ենք անցել և ուր ենք հասել: Բայց որքան էլ ցանկանանք, այս հարցերը 100% պարզաբանել չենք կարողանա, քանի որ անցյալը կիսամոռացվելու հատկություն ունի: Դա մի կողմից օգնում է առաջ շարժվելուն, քանի որ անընդհատ սխալվելու վախը դրա արդյունքում բթանում է, մյուս կողմից էլ խանգարում է, քանի որ կիսամոռացության արդյունքում հստակ նպատակներն ու ուղիները նույնպես բթանում և մթագնում են…

Հիմա փորձենք պարզաբանել այս հարցերի էությունն ու հասկանալ, թե ո՞ւր ենք գնում: Ասում ենք գերհզոր անցյալ ենք ունեցել, գերհզոր արիական գաղափարախոսություն, քաղաքակրթության վրա գերհզոր ազդեցություն ենք թողել, գերհզոր բարոյահոգեբանական հասարակարգ ենք ունեցել և այլն: Հիմա մի հարց, ո՞ւր կորավ այդ գերհզորությունը: Ինչո՞ւ այդքան հեշտ ճկվեց և կոտրվեց քրիստոնեության քամուց: Անդրադառնանք իմ կողմից գերհզոր որակված բառերից վերջինին՝ բարոյահոգեբանությանը: Իմ կարծիքով մարդկային հասարակարգում ամեն ինչի լավ ու վատ լինելը կախված է հենց այս հասկացության մակարդակից: Ու ամեն ինչ անկում է ապրում հենց այս հասկացության անկման պատճառով: Վերջերս դիտեցի Կալիգուլա ֆիլմը ու անկախ նրանից, թե այդ ֆիլմը իրականությունն էր արտացոլում, թե սուտ էր, եկա այն համոզման, որ քաղաքակրթությունները վերանում են նրա արժեհամակարգի բարոյազրկման արդյունքում: Ես բացահայտում չեմ արել, այս միտքը մարդկության մոտ հասունացած է եղել դեռ անտիկ ժամնակաշրջանից: Ուղղակի ես դա տեսա կոնկրետ օրինակի վրա ու զգացի դրա խորությունն ու էությունը: Օրինակները հզոր բաներ են, բայց ինչպես արդեն ասացի դրանք կիսամոռացվելու հատկություն ունեն, որը միաժամանակ և լավ է և վատ…

Անցնենք քրիստոնեությանը: Քրիստոնեությունը հիմքում սեր դնելով՝ մահակը վերցրեց իր ձեռը, և սկսեց մահակով բարոյական արժեհամակարգի վերականգնում իրականացնել: Ինչպես տեսնում ենք, այս մոտեցումը նույնպես հանգում է անկման, քանի որ վաղ թե ուշ կամ մահակը կկոտրվի, կամ էլ ձեռքը կհոգնի: Մարդը իսկզբանէ ազատության և հակադրման մոլուցք ունի: Եվ ինչպես ցանկացած մոլուցք, այս մոլուցքները նույնպես ինքնակործան են ու դրանց բանականության հունի մեջ դնող գործիք է պետք: Ժամանակին արիականությունը, այնուհետև քրիստոնեությունը, զուգահեռաբար իսլամ բուդդիզմ և այլն, կատարել են այդ գործիքի դերը, բայց այսօր կարծում եմ դրանք սպառել են իրենց: Մարդը հասել է այն աստիճանին, երբ նրան այլևս չես կարող սաստել, ոչ արիական վերամբարձ գաղափարախոսությամբ, ոչ մահակով: Նա ցանկանում է ինքնուրույն հասկանալ չիկարելինելի մեկնությունը: Իսկ հասկանալը իրականացվում է միայն բանականության միջոցով…

Հիմա ինչպե՞ս արթնացնել բանականությունը: Մարդկության պատմությունը ապացուցեց, որ նախկին մեթոդները անարդյունավետ են: Պետք է նոր մոտեցումներ, նոր ուղիներ գտնել: Ու կարծում եմ հենց ինքը բանականությունը ցույց է տալիս այդ ուղին: Նա արդեն իսկ ձևավորել է այդ ուղին: Մնում է միայն տեսնել և բռնել այդ հունը: Եկենք մի հեռակա, թռուցիկ հայացք գցենք պատմության վրա ու փորձենք տեսնել, թե քաղաքակրթությունների վայրիվերումների մեջ այդ ո՞ր գիծն է, որը ուղիղ, ինքն իր համար, հանդարտ առաջ է ընթացել, անկախ մնացյալի վայրիվերումներից: Իմ կարծիքով դա մշակույթն է: Եկեք չխառնենք արվեստ և մշակույթ հասկացությունները: Արվեստը դա էքսցենտրիկ, ծայրահեղությունների մեջ լողացող, կապանքներ չճանաչող մի երևույթ է, որը սակայն հենց ինքն էլ ձևավորում է մշակույթին: Այն արժեքավորը, այն մնայունը, որը զտվում է արվեստից, մտնում է հասարակ մարդկանց մեջ և ապրում է հազարամյակներ, հենց դա էլ կոչվում է մշակույթ: Մշակույթը նստած է մարդու ենթագիտակցական մակարդակի վրա, դրա համար էլ վերածվում է սովորույթի, բնավորության և դիմագծի:

Մշակույթի կորուստն է, որ կարող է հանգեցնել տվյալ ազգի ձուլմանը: Իսկ մշակույթի կորուստը կարող է լինել երկու դեպքում: Երբ տվյալ ազգին ֆիզիկապես ոչնչացնում են, կամ երբ տվյալ ազգը դադարում է այդ մշակույթի կրող լինել: Այսինքն, երբ մշակույթը չի կիրառվում հասարակ մարդկանց կողմից, այլ միայն գտնվում է որոշ անհատների մեջ, կամ լավագույն դեպքում դառնում է թանգարանային նմուշ: Հիմա անդրադառնանք մեր ազգին: Մեր ազգը ապրել է ֆիզիկական ոչնչացում, որը հանգեցրել է փրկված մասի իր մշակույթի կրող լինելու խեղման, և արդյունքում կարող է հանգեցրել վերջնական կորստի: Շատ ու շատ բաներ դեռ հնարավոր է վերականգնել և ազգին կրկին դարձնել այդ մշակույթի կրող: Եվ միայն դրանից հետո կարելի է խոսել այդ մշակույթի զարգացման մասին: Որի զարգացումն էլ, իմ կարծիքով, կհանգեցնի ազգի զարթոնքին և զարգացմանը: Մնում է վերականգնումը իրականացնել շատ զգույշ և ճիշտ, որից հետո մշակույթը կարթնացնի բանականությանը, որն էլ կբացի առաջ ընթանալու հունը:

 հ.գ.

Իմ կարծիքով կա ազգը ձևավորող, պահպանող և իդենտիֆիկացնող երեք գործոն, դա լեզուն է, մշակույթը և հողը, որի վրա ձևավորվել է այդ ազգը: Մնացյալը այս երեքի ածանցյալներն են և ամեն ինչ այս երեքի հիման վրա և այս երեքի շուրջ պիտի կետրոնանա ու կառուցվի…

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել