Tert.am-ը գրում է

Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Վերափոխումն Սբ Աստվածածնի, որը ժողովրդի մոտ ավելի լայն տարածում ունի որպես Խաղողօրհնեք, տոնվում է այսօր: Սա Տիրամորը նվիրված տոներից մեկն է, որը համարվում է ամենահինը:

Տարիների ընթացքում տոնի վերափոխման և ընկալումների մասին Tert.am-ի հետ զրուցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ներկայացրեց, որ Խաղողօրհնեքը դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում ամառային ուրախ, ժողովրդական տոներից էր: Այդ տոների շարքում այն մասամբ Նավասարդի տոնի ժառանգորդն է, իսկ Նավասարդի տոնի ծիսակարգը կարելի է ասել, որ կիսվել է Վարդավառի և Վերափոխման տոների միջև։

«Իհարկե, տոնը շատ է փոխվել: Ժամանակին այն նվիրված լինելով մայրության հովանավոր Անահիտին և ջրի հովանավոր Աստղիկին՝ հետո փոխանցվել է Անահիտ աստվածուհու ֆունկցիաները ժառանգած Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնին: Բայց ծիսակարգը մասամբ նավասարդյան էր»,- ասաց նա:

Ազգագրագետի խոսքով՝ 19-րդ դարում տոնի նախօրեին դեռևս կատարվում էին ուխտագնացություններ դեպի Անահիտի մեհյանների վրա կառուցված Մարիամ Աստվածածնի եկեղեցիները: Խաղողի օրհնությունն էլ հիմնականում դաշտում էր կատարվում, այլ ոչ եկեղեցում: Նման տոները նաև սահմանաբաժան էին բերքի և բերքի ընկալման հայկական ժողովրդական պատկերացումների միջև. «Այսօր այդ ուխտագնացությունները չկան, դրանք խաղեր են, մրցություններ, զոհաբերություններ, այսինքն՝ տոնին նախորդող մեկօրյա հանգիստ: Այսօր այդ ընկալումն այլևս չկա, այսօր միայն մնացել է խաղողօրհնեքի ծիսակարգը»:

Իսկ խորհրդային տարիների համեմատ տոնի վերափոխման մասին Հրանուշ Խառատյանը նշեց, որ, անկասկած, եկեղեցական ծիսակարգով ժողովրդական շատ տոներ են այսօր վերաձևավորվում, որոշ ծեսեր ուղղակի վերադառնում են, և ընդհանրապես ժողովրդական տոնահանդեսի երևույթներն այսօր սկսել են բավականին ինտենսիվ կերպով շրջանառվել հայ ժողովրդի կյանքում: «Խաղողօրհնեքի բառն անգամ խորհրդային տարիներին շատերի գիտակցությունից դուրս էր»,- ասաց նա:

Տոնի ծիսակարգերի վերափոխման շուրջ մեզ հետ զրույցում իր տեսակետը հայտնեց նաև Կոտայքի թեմի Առինջ գյուղի Սուրբ Աստվածածին և Սուրբ Հովհաննես եկեղեցիների հոգևոր հովիվ տեր Սմբատ քահանա Սարգսյանը՝ նշելով, որ եկեղեցական տոները փոփոխությունների չեն ենթարկվում, դրանք սահմանվում են տոնացույցով և եկեղեցական կարգով: «Տոնացույցում եղած կարգերը փոփոխության չեն ենթարկվում, մենք չենք համարձակվում խմբագրել դրանք: Սակայն ժողովրդական սովորություններ կան, որոնք կարող են փոփոխության ենթարկվել, այսինքն՝ բանավոր ավանդույթները փոխվում են»,-ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ դրանք պայմանավորված են տարբեր հանգամանքներով, օրինակ՝ խորհրդային իշխանության տարիներին եկեղեցի գնալն արգելված էր. «Եվ բնականաբար շատ գրավոր ավանդություններ, որ մենք պետք է պահեինք, ուղղակի եկեղեցու վիճակի պատճառով գրեթե դրանք էլ չէին պահվում: Հոգևորական չկար, եկեղեցիները քիչ էին, բնականաբար ժողովուրդն էլ ստեղծագործում էր, քանի որ ճիշտը չգիտեր»:

Ինչպես տեղեկանում ենք Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի Qahana.am կայքից, ավանդության համաձայն` Սբ Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը:

Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սբ Կույսը նաև պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ վերջինս Սբ Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սբ Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնացել է Վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննեսը վերցրել է մի տախտակ ու տվել Աստվածածնին և խնդրել, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել