762698Disabilityinfo.am-ը գրում է.

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հավաստմամբ` Կառավարության պահանջով երկու ամիս է` մշակվում է թանգարանների մասին օրենքը: Աշնանը օրենքը կդրվի հանրային քննարկման: Նախատեսո՞ւմ է արդյոք օրենքը թանգարանների հարմարեցում և ֆիզիկական մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար. այս հարցին նախարարը պատասխանեց.

«Իհարկե, անշուշտ, մենք հիմա, որտեղ նորակառույց շենքեր են, անպայման դա նախատեսում ենք, օրինակ` Սարյանի տուն-թանգարանը հիանալի նախատեսել է այդ պայմանները վերանորոգումից հետո: Հիմնական խնդիրը կապված է գործող հին շենքերի հետ, որտեղ որևէ հնարավորություն չի լինում այդ հարցերը լուծել, թեպետ ժամանակավոր լուծումներ էլի տրված են: Գլոբալ այդ խնդրի լուծումը կարող է լինել պարտադիր տեխնիկական պահանջ բոլոր նորակառույց կամ կապիտալ վերանորոգվող շենքերի պարագայում»:

Թե ինչպես են համագործակցում քաղաքապետարանի կամ որևէ այլ կառույցի հետ` մշակույթի օջախների հիմնանորոգման հարցում, նախարարը պարզաբանեց.

«Ոչ թե մշակույթի նախարարությունը, այլ քաղաքաշինության նախարարությունն ուներ բյուջետային ուղղություն, որտեղ առանձին ուղղություն կար` մշակութային կառույցների հիմնանորոգման համար նախատեսված գումարներ, որոնք ըստ էության կասեցվեցին տնտեսական ճգնաժամի տարիներին, և ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկավ կա՛մ մասնավոր ներդրողների վրա, եթե այդպիսիք կային, կա՛մ սոցիալական ներդրումների հիմնադրամի վրա: Միևնույն ժամանակ մարզային իշխանությունները հրատապ ծրագրերի մեջ սեփական նախաձեռնությամբ մտցնում են նաև այդ օջախները: Տարբեր մարզեր այցերից հետո կան նաև ՀՀ Նախագահի հանձնարարականները` այս կամ այն դպրոցի վերականգնման մասով: Այսօր երաժշտական դպրոցները վերանորոգվում են, բայց այդ ծավալը դեռևս բավարար չէ, որպեսզի մենք համարենք, որ այդ խնդիրները լուծում ենք:

Տենդենցը կա և մոտ ապագայում մենք հույս ունենք, որ առանձին տողով այդ խնդիրը կներառվի քաղաքաշինական ծրագրերում, և գոնե տարվա կտրվածքով մենք կունենանք որոշակի քանակի երաժշտական դպրոցներ, որոնք կվերանորոգվեն»:

Հասմիկ Պողոսյանը նմանատիպ հարցերի կարգավորման գործում կարևորում է նաև համայնքների ակտիվությունն ու ներգրավվածությունը տարվող աշխատանքներում.

«Թալինի երաժշտական դպրոցի տնօրենը նամակ էր գրել մեզ և Կառավարությանը այն մասին, որ իրենք ստեղծել են հիմնադրամ դպրոցի շենքը կառուցելու համար, որովհետև դպրոցը քաղաքապետարանին հարող տարածքում էր տեղակայված: Իսկ այն չունի համապատասխան ենթակառուցվածք: Ստեղծել են հիմնադրամ, ունեն հովանավոր, ով պատրաստ է ֆինանսավորել և՛ նախագծային, և՛ շինարարական աշխատանքների 50-60 տոկոսը: Օժանդակություն էին խնդրում Կառավարությունից մյուս մասի համար: Այսպիսի ծրագրերին մենք անմիջապես դրական ենք արձագանքում, որովհետև դա նաև համայնքի սրտացավ մոտեցումն է, ինչը շատ կարևոր հանգամանք է: Միևնույն ժամանակ մենք արձանագրում ենք իրավիճակներ, երբ կարելի է պետության միջամտությունից հետո մնացած մի թեթև հատված շտկել, այնուհանդերձ այդ հատվածն էլ չի շտկվում, երևի մտածում են` դա էլ պետք է պետությունն անի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել