Tert.am-ը գրում է.

Վերջին օրերին հնչող որոշ մասնագիտական ու փորձագիտական կարծիքներ սառը ցնցուղի էֆեկտ են թողնում այն էյֆորիայի վրա, որն առկա է ՌԴ-ի՝ Արևմուտքի նկատմամբ պատժամիջոցների կիրառումից (մինչև 1 տարի ժամկետով 32 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Կանադայից և ԵՄ երկրներից, պարենային ապրանքների ներկրման արգելքը ) ինչ-որ օգուտներ քաղելու շուրջ, որպես բացառիկ շանս Հայաստանի համար՝ գրավելու ռուսաստանյան տարողունակ շուկան: Եվ այս լրատվության համատեքստում խիստ լավատեսական կոչեր են հնչում՝ բարձրացնելու Հայաստանի վերամշակող գործարանների արտադրական հզորությունները, աշխատել 2-3 հերթափոխով:

Ռուսական շուկան գրավելու ժամանակավրեպ էյֆորիա կամ մտածեք, հետո խոսեք

Tert.am-ի հետ զրույցում տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը բառացիորեն ասաց. «Արտադրության ծավալները որքան կան, դրանք իրենցով հնարավոր չէ, որ հիմա միանգամից իրացման առումով թռիչք ունենանք, որովհետև այն, որ Ռուսաստանը արգելել է եվրոպական ապրանքների մուտքը, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը էնպես ճոխ հնարավորություններ ունի, որ գյուղմթերքով ողողի ռուսական շուկան: Ու դրա վերաբերյալ ու շուրջ հայտարարությունները կարող էին ավելի լուրջ լինել. մտածող էին թող ի սկզբանե մտածեին՝ երկրի ներսում արտադրությունը ու արտահանումը խթանելու համար: Եվ ոչ թե սպասեն, որ մի հատ վատ դեպք տեղի ունենա (ռուսական սանկցիաները), որ մեկին չթողնեն արտահանի, դրանով պայմանավորված, իբր թե, մեր բախտը բերեց»

Tert.am-ի հետ զրույցում տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Թաթուլ Մանասերյանը հայտարարեց, որ հաշվի առնելով առկա գյուղատնտեսական հումքը և այն, որ վերամշակող գործարանները կարող են վերամշակել այն, ինչ կա, նկատեց. «Եթե կան մարդիկ, որոնք գործի շահերից ելնելով ոգևորություն են ապրում, կարող եմ ասել, որ իրականում Հայաստանը վաղո՜ւց պետք է ռուսաստանյան շուկա մուտք գործելու մասին մտածեր, և սա ուղղակի առիթ է կարևորելու այն ու խորհելու, որ երբ Ռուսաստանը պատժամիջոցներ կիրառեց վրացական գինիների նկատմամբ, մենք չօգտվեցինք այդ իրավիճակից և պատշաճ ձևով չներկայացվեցինք ռուսական շուկայում: Նույնը՝ հանքային ջրերի մասով: Այսինքն՝ բաց թողնված հնարավորությունները բազմաթիվ են»:

Հայաստանի գյուղատնտեսության մասին պետք է մտածել երկարաժամկետ սցենարներով

Ըստ տնտեսագետի՝ գյուղատնտեսության մասին մտածում են երկարաժամկետ սցենարներով, ոչ թե մեկ-երկու-երեք տարվա կտրվածքով:

«Հայաստանը կարող է և պետք է իր շահն ու տեղն ունենա Ռուսաստանում, քանի որ մեր ապրանքները պետք չէ համեմատել եվրոպական սննդամթերքի հետ՝ հաշվի առնելով այն, որ մենք այսօր խնդիր ունենք եվրոպական շուկա մտնելու հենց այդ ստանդարտներին չհամապատասխանելու պատճառով: Այսինքն՝ մենք, էսպես, թե էնպես, պետք է մրցունակության խնդիր լուծենք։ Եվ վերջապես, մենք պետք է պետական մոտեցում ունենանք պարենային ռազմավարության տեսանկյունից և ոչ թե մեկ տարվա սանկցիաներից»,- ասաց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ, օրինակ, ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանը նույնպես,արձանագրելով, որ գյուղատնտեսական տարին այլևս ավարտված է, Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ այս պահին, եթե նույնիսկ միայն Ռուսաստանի չէ, Չինաստանի շուկաներն էլ բացվեն Հայաստանի առաջ, ակնհայտ է, որ այս տարի մենք պատրաստ չենք մեծ քանակությամբ վերամշակված գյուղմթերք, պահածոներ ու հյութեր արտահանել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել