1920 -ական թվականների ջազային խմբի նշանավոր ղեկավար Պոլ Ուայթմենը ծրագրել էր Նյու Յորքի Քարնեգի համերգասրահում ջազ երաժշտության համերգ տալ, մի բան, որ այդ օրերի համար շատ նոր ու համարձակ նախաձեռնություն էր։ Նա գիտակցում էր, որ պետք է կատարի այնպիսի մի գործ, որ անմոռանալի մնա։ Ջորջ Գերշվինը երաժշտական կոմեդիաների համար բազմաթիվ լավ երգեր էր գրել։ Ուայթմենը զանգահարեց Գերշվինին և պնդեց, որ կոմպոզիտորը մինչև հաջորդ երեքշաբթի ջազային մի նոր երաժշտություն գրի։ Գերշվինը առարկեց, բայց, ինչպես ես եմ անում` անմիջապես աշխատանքի անցավ։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նա գրեց իր «Երկնագույն ռապսոդիան»։ Ֆրեդ Գրոֆե անունով մի մարդ կատարեց գործիքավորումը, Ուայթմենը կատարեց այն, և նոր գլուխ ևս գրվեց ամերիկյան երաժշտության պատմության մեջ։ Դա մոտավորապես 1924-ին էր։ Գերշվինը քսանվեց տարեկան էր, ես` տասնվեց։ Ամեն առավոտ, իմ լարովի ձայնարկիչի վրա, ես դնում եմ   ձայնապնակը, կատարում եմ գեղամարզանք, հագնվում ու դուրս գալիս տնից։ 1928-ին ես առաջին անգամ եղա  Նյու Յորքում։ Այնտեղ էր նաև Ջորջ Գերշվինը, բայց անշուշտ մենք չհան դիպեցինք։ 1928 թվականին ես ոչ ոքի չհանդիպեցի։ Բայց  1935 թվականին, երբ ես վերադարձա Եվրոպա կատարած իմ առաջին ուղևորությունից, ես հանդիպեցի Ջորջ Գերշվինին` Նյու Յորքում կայացած մի  մեծ հավաքույթի ժամանակ և հարցրի նրան. «Ինչպե՞ս գրեցիր այդ գործդ։ Դա երիտասարդության,  հույսերի ու վշտի երաժշտություն է։ Կարո՞ղ ես նորից նման մի բան գրել»։ Գերշվինը փորձեց  բացատրել ինձ, թե դա ինչպես էր իրեն հաջողվել, և ասաց, որ չի հավատում, որ երբևիցե ինքը կկարողանա նման մի գործ նորից ստեղծել։ Մի քանի տարի հետո նա մահացավ հանճարեղությունից և ուղեղի ուռուցքից։

        /Թարգմանությունը` Շաքե Վարսյանի/։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել