Tert.am-ը գրում է.

Երևանի մի քանի մանկապարտեզներում հայտնված վերամշակված հավի միսը երեխաների համար ընդհանրապես չի պատրաստվել։ Այս մասին Tert.am-ին հայտնեց 101 մանկապարտեզի ավագ մանկավարժ Լուսինե Սարգսյանը։ 

«Անգամ հարյուր գրամ չի եփվել»,-ասաց նա և չբացառեց, որ իրավապահների չկանխելու դեպքում թռչնամիսը կարող էր հայտնվել երեխաների սննդում: Հարցին, թե հնարավո՞ր չէր անզեն աչքով նկատել, որ թռչնամիսը օգտագործման համար պիտանի չէ, Լուսինե Սարգսյանը պատասխանեց. «Դա, երևի, անհնար էր, որովհետև նորմալ փաթեթավորված էր, ժամկետի մեջ էր և սպիտակ, սովորական հավեր էին»,-ասաց նա։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունից ավել վաղ հայտնել էին, որ ստացել են օպերատիվտեղեկություններ այն մասին, որ «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր-տնօրեն և անհատ ձեռներեց Էդվարդ Մխիթարյանը Երևանի Դուշանբեի 11/8 հասցեում կազմակերպել է հավի մսի մշակման և փաթեթավորման գործունեություն, որտեղ քացախի, կալիումի պերմանգանատի և այլ քիմիական նյութերի միջոցով մշակվում է անհայտ ծագում ունեցող, փչացած, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս: Պարզվել էր, որ Էդվարդ Մխիթարյանը ոչ պիտանի հավի միս է մատակարարել Նոր Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին: 

118 մանկապարտեզի փոխտնօրեն Անահիտ Սարգսյանը նշեց, որ թեև չգիտեն, թե ով է ահազանգը ներկայացրել, սակայն հենց հավի միսը ստացել են, անմիջապես իրավապահները եկել են: «Ընդամենը հինգ րոպեի տարբերությամբ: Ոչ մի գրամ միս չենք օգտագործել: Անզեն աչքով հնարավոր չէր դա նկատել, որովհետև ժամկետի մեջ էր, իսկ փաթեթավորումը նորմալ էր»,-ասաց նա: 

Մանկապարտեզի փոխտնօրենը նշեց, որ առաջին անգամ էին այդ մատակարարի ծառայությունից օգտվում։ Երկու մանկապարտեզներն էլ փաստեցին, որ հայտարարված մրցույթով է ընտրվել մատակարարը։ 

Տեղեկացնենք, որ այս գործում ներգրավվել են նաև գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության ծառայության մասնագետները։

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել