ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՓԱՌՔՆ Ու ՕՐՀՆՈւԹՅՈւՆԸ ՄԵՐ ԱԶԳԻ ՍՈւՐԲ ՀԱՅՐ ԳՐԻԳՈՐ ԼՈւՍԱՎՈՐՉԻ ՏԵՍԻԼՔՈւՄ

«Գրիգոր Լուսավորիչ՝ հայ ազգի ու Հայաստանի սուրբ հայրապետ, Աստված լսեց քո խնդիրքը և իմ բերանով հայտնում եմ քեզ յուր կամքը՝ հայ ազգը երբեք չպետք է ջնջվի աշխարհիս երեսից, նա, իրավ է, շատ չարչարանք պիտի տեսնի, շատ նեղություն պետք է քաշի, շատ արյուն ու արտասուք պետք է թափի, բայց չպետք է ջնջվի։ Ազգերը պետք է գան ու գնան, մինչ հայը յուր Աստծով ու քո անունով, յուր իջման տեղով, յուր խաչով, ժամով ու պատարագով անսասան պիտի մնա իբրև առաջին քրիստոնյա ազգ։ Շատերը պետք է գան, երկպառակություն պետք է անեն, եղբորը եղբորից բաժանեն, բայց չարերը պետք է խափանվեն, աշխարհիս բոլոր կողմերը ցրված հայերը քո անունով պետք է միանան, իրենց հավատքն ու սուրբ կարգերը պետք է պահեն, և այդ բոլորը պետք է լինի։ Ահա քեզ նշան, քո թափած արտասուքը լցված է մի կանթեղի մեջ, որ առանց շղթայի կախված է երկնքից։ Կանթեղն անպատրույգ կվառվի երկնքի ու երկրի մեջտեղում։ Դա է հայի ճրագը։ Քանի այն վառ կմնա, այնքան ժամանակ հաստատ կլինի հայ ազգը և հայի Մայր Աթոռը։ Այդ կանթեղը տեսանելի կլինի միայն հայերին, իսկ հայերից էլ՝ միայն արժանավորներին»:

ՍՈՒՐԲ ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎԻ ՏԵՍԻԼՔԸ

 Եվ բեմի ձախ կողմում տեսա քառակողմ ու բարձր մի աթոռ: Ինչ-որ տեղից փչող անուշ օդից կտավը վերացավ, եւ ահա աթոռի վրա հայտնվեց արծաթե մի մեծ սկուտեղ: Սկուտեղի վրա ծալ-ծալ դրված էր բեհեզյա մի նափորտ եւ նրա մոտ` ոսկե մի գունդ ու քառակուսի կտրված մի մագաղաթ՝ սկզբից մի քիչ, որպես ճարտար գրչի ձեռքով գրված ոսկեգեղմ գրով սքանչելիորեն շողշողուն, իսկ ոսկեգեղմ գրից հեռու երեւում էին մի քանի տող եղծյալ գրեր` ջնջվածի պես, որոնց ո՛չ ձեւերն էին երեւում, ո՛չ գրատեսակը: Եվ միայն մագաղաթի վերջում՝ ջնջագիր տողերից հեռու դարձյալ տեսնում էի մեկ ու կես տող գրված ոսկենախշ տառերով, առավել սքանչելի՝ մագաղաթի առաջին տողերի գրերի նման: Եվ մինչեւ այն կիսատ տողի մեջտեղը դարձյալ ոսկեգույն էր, նրանից դենը՝ կարմրադեղով:

Սուրբ Սահակի տեսիլքի մեկնությունը Աստծո հրեշտակի կողմից, որ պարզորեն ցույց տվեցմարդկային կյանքի եւ աշխարհի վերջի մասին՝ ըստ յուրաքանչյուր գլխի եւ աոանձին տների 

Եվ մագաղաթը հատվածաձեւ, որ քեզ երեւաց` սկզբում մի քանի տող գրած ոսկեղեն գրերով, նշանակում է Սուրբ Հոգու շնորհած արժանավոր այն մարդկանց ձեռնադրությունը, որոնք երանելի Գրիգորի տոհմից, արժանապես պիտի հաջորդեն քեզ քահանայապետության աթոռին: Նրանք ընտիր մարդիկ են, կյանքի գրքի մեջ գրանցված ոսկեշող գրով: Եվ քանի որ երեւացին մագաղաթի մեջտեղում, ոսկեգիր տողերից հեռու խանգարված մի քանի տող ջնջված գրերով, իմացիր, որ սուրբ Գրիգորի աթոռին ոմանք քահանայապետ են նստելու ո՛չ ըստ հրամանի սուրբ առաքյալների եւ ո՛չ ըստ երեքհարյուր տասնեւութի ժողովի կանոնի են ձեռնադրվելու այդ երկնային պատվի համար, այլ այս աշխարհական փառքի համար այդ պատվին են ձգտում հանդգնությամբ: Նրանք առավելապես արծաթասեր են, քան աստվածասեր: Եվ քանի որ այդ քահանայությունն անպետք է ու Բարձրյալին ոչ հաճելի, ուստի նրանք ջնջված են երկնքի բարության մատյանից եւ տրված դատաստանի, իրենց անձանց եւ ժողովրդին՝ այրվելու գեհենում եւ մատնվելու կորստյան: Իսկ մյուս մեկ ու կես տողը, որ քեզ երեւաց սքանչելի ու ոսկեգիր մագաղաթի ստորին եզրին, հաստատ իմացի՛ր, որ անապատի պիղծի* երեւալուն մոտ դարձյալ պետք է թագավոր ելնի Արշակունյաց տոհմից, եւ պիտի նորոգվի հայրապետության աթոռը սուրբ Գրիգորի շառավղի կողմից: Եվ քանի որ նրանք արհամարհված ու գետնին ընկած չէին կոխկրտվելու համար, այլ պարզ տեսքով էր գունդը, եւ ծալված պատվականությամբ՝ նափորտը, որ առավել եւս հաստատ երեւաց քեզ, եւ սքանչելատեսիլ ոսկեգիր տողով ու կիսատողով ծանոթացրեց վերին այն ազդեցությունը, որ արդարության գոռոզացած թշնամու ժամանակում արդար քահանայապետ է նստելու սուրբ Գրիգորի տոհմից, եւ քահանայացած առաջինը մեռնելու է՝ կրելով բազում չարչարանքներ կորստյան իշխանի* սուտ առաքյալներից եւ վախճանվելու է խաղաղությամբ, ոչ թե սրով: Եվ նրա մյուս զավակը, հաջորդելով քահանայապետության աթոռին եւ երկար ժամանակ դիմանալով տանջահարությունների ու հարվածների, սովի, հալածանքների ու դառն նեղության, անօրեն իշխանի դահիճների սրով է ընդունելու մարտիրոսական մահը: Այն, որ գրածի մի մասը քեզ երեւաց կարմրադեղով, ստույգ ճշգրտությամբ հաստատեց մարտիրոսական վախճանը, որ սրբերին է պատահելու:

            Ինչպես որ դու նայելով տեսար, աստվածային սեղանի շուրջ պարող տղաները բնավ չէին նայում սնոտի հեթանոսական պաշտաման խոտորումներին: Նրանցից ոմանք, կատարելության հասնելով, արժանանալու են մարտիրոսական պսակին: Իսկ ուրիշները տղամարդկանց բազմություններից, եւ ո՛չ միայն տղամարդկանցից, այլեւ կանանց մեջ կան այնպիսիները, որոնք թեպետեւ ո՛չ սրով, այլ Սուրբ Հոգու շնորհներով զորացած, բազում բարեգործություններով վախճանվեցին: Այսուհետեւ բազում եւ խիստ դղրդյուններ են լինելու աշխարհում, թագավորների հարձակումներ միմյանց վրա, սովեր ու սասանություններ, բազում նեղություններ, որոնք կորստյան որդու* գալուստն են նշանակում, որը գալու եւ նստելու է, ըստ գրվածի՝ սուրբ տեղում` իրեն ձեւացնելով աստված: Եվ Տեր Հիսուսը նրան պետք է սատակեցնի Իր բերանի շնչով: Եվ այն ժամանակ արդարները կատարյալ վարքով ու առաքինությամբ վարձրանալու են դեպի հավիտենության կացարանները եւ այնտեղ միշտ լինելու են Տիրոջ հետ: Այդ ժամանակ էլ կատարվում է Տիրոջ խոսքը` ուղղված նրանց, որ ասում է. «Ուր որ Ես եմ, այնտեղ էլ Իմ պաշտոնյան պիտի լինի»: Եվ դու գրի՛ առ այդ տեսիլքը, որ քեզ հայտնվեց բարձրերից, որովհետեւ դրանից ոչ մի խոսք չպետք է վրիպի, մինչեւ որ ամեն ինչ կատարվի»:

*__________

կորստյան որդի, կորստյան իշխան, անապատի պիղծ՝ ի նկատի ունի հակաքրիստոսին (նեռին)

ԱՍՏՎԱԾԱԾԻՆԸ ՏԵՍԻԼՔՈՎ ՀԱՅՏՆՈՒՄ Է ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1985 թվականին, հուլիս ամսին, երկու հավատացյալ եղբայրներ Երեւանից մեկնեցին Արցախ. նրանք ծագումով արցախցի էին, բայց ծնվել էին Երեւանում: Եվ յոթ օր ծոմ պահելուց հետո Գանձասարի վանքում աղոթք արեցին եւ խնդրեցին Աստծուն, թե Տեր, հայտնիր մեզ, ի՞նչ է սպասվում ապագայում մեր հայրենիքին, մանավանդ Արցախ աշխարհին: Եկեղեցիները փակված են, հավատացյալների բանակը՝ սակավացած: Եվ այս աղոթքին ի պատասխան՝ Աստված տեսիլք տվեց նրանց: Եղբայրները նախ տեսան ողջ Արցախը մռայլ գույների մեջ: Ժողովուրդր մուգ զգեստներով էր ու տխուր: Եվ հանկարծ, շողշողացող լույսերի մեջ երկնքից իջավ Աստվածածինը եւ աջ ձեռքի ցուցամատով հերթով ցույց էր տալիս զանազան բնակավայրեր: Եվ ուր մատով ցույց էր տալիս, այնտեղ փոքր ի փոքրե արյուն էր թափվում: Եվ հետո տեսիլքի մեջ երեւաց Գանձասարը, որ պայծառանում էր եւ այնքան պայծառացավ, որ արեւի պես սկսեց լուսավորել ամբողջ Արցախ աշխարհը: Եվ ամեն մի բլուրի վրա մի ոսկե խաչ կար, որն իր հերթին լուսավորում էր իր մոտակա տարածքը: Իսկ տեսիլքի վերջում երեւաց, որ ամբողջ Արցախի ժողովուրդը զգեստափոխված է, ամենքն էլ սպիտակ զգեստներով էին եւ փառաբանում էին Աստծուն: Եվ շատ լուսավոր մի տեսարան էր իջել ամբողջ Արցախի տարածքի վրա, եւ ողջ Արցախի տարածքով երկնքում գրվեց ՀԱՅԱՍՏԱՆ-ՀԱՎԱՏՔ:

Եվ երբ եղբայրները վերադարձան Երեւան ու տեսիլքը պատմեցին Գուրգեն սարկավագին, որ այդ ժամանակ ծառայում էր Սբ. Էջմիածնում, նա մեծ ուրախությամբ ու ոգեւորությամբ մեկնեց, թե՝ նախ որոշ չափով արյուն պիտի թափվի Արցախում, որից հետո Գանձասարը պիտի բացվի, եւ պիտի Գանձասարից օրհնությունը տարածվի ամբողջ Արցախով մեկ: Հավատքը վերելք պիտի ապրի, եւ Արցախը պիտի միանա Հայաստանին կամ պիտի դառնա Հայաստանի մի մասը: Եվ տեսիլքը ուրախությամբ մեկնելուց հետո Գուրգեն սարկավագը իր կարծիքն հայտնեց, թե գուցե տասնյակ տարիներ հետո միայն այս ամենն իրականանա: Քանի որ այդ օրերին ո՞վ կմտածեր, թե երեք տարի անց շարժումը պիտի սկսվեր: Գուրգեն սարկավագի մեկնությունը լսելով՝ եղբայրներից փոքրը, որպես տեսիլքին շարունակություն, ժպտալով ասաց նրան՝ «դու էլ Արցախի առաջնորդը պիտի լինես»:

 «Երբ քսան-երեսուն տարի հետո եպիսկոպոս դառնամ, միգուցե եւ Արցախի առաջնորդը լինեմ»,- Պատասխանեց սարկավագը: Սակայն Աստված նախօրոք է տնօրինում ամենայն բարին, եւ ահա տեսիլքից ընդամենը երեք ամիս անց՝ սարկավագին աբեղա ձեռնադրեցին: Իսկ երեք տարի անց էլ, երբ եպիսկոպոս ձեռնադրեցին՝ արդեն շարժումը սկսվել էր: Այդժամ Գուրգենը, որ վերանվանվել էր Պարգեւ եւ արդեն եպիսկոպոս էր, հասկացավ, որ տեսիլքում զգուշացվածը շատ արագ էլ պիտի կատարվի եւ ոչ թե տասնյակ տարիներ հետո: Եվ արյուն պիտի թափվի, եւ պատերազմ պիտի լինի, եւ պիտի պատերազմում Արցախը հաղթի եւ միանա Հայաստանին: Եվ իսկապես էլ, ամեն բան ըստ Աստվածածնի տեսիլքի, արագ ընթացավ: Եվ Պարգեւ եպիսկոպոսը առաջնորդ կարգվեց համայն Արցախ աշխարհին:

 ՊԱԻՍ ԱԹՈՍԱՑՈՒ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՄԱՍԻՆ*

 Մի խումբ կիպրոսցիներ այցելեցին ծեր մենակյաց Պաիս Աթոսացուն: Նրանք կամենում էին խոսել նրա հետ՝ ազգային հարցի մասին:

    - Դուք որտեղի՞ց եք,- հարցրեց ծերունին:

    - Կիպրոսից, հայր սուրբ:

    - Դե, եւ ինչպե՞ս եք այնտեղ ապրում:       

   - Ինչպե՞ս ենք ապրում, հայր: Խժռեցին մեզ թուրքերը:

 - Դե չեմ տեսնում, որ անձամբ ձեզ խժռել են,- ժպտալով ասաց նրանց ծերը, ապա հրավիրելով նստել, ավելացրեց,- մի վախեցեք թուրքերից, նրանք կցրվեն: Այցելուները տարակուսեցին, իսկ նա շարունակեց. - Այո, ասում եմ ձեզ, Թուրքիան կփլուզվի: Դուք այժմ սատկած ոջիլ եք հիշեցնում, բայց կգա ժամանակը, երբ թուրքերի համար շատ ծանր կլինի: Քրդերը եւ հայերը կստեղծեն իրենց սեփական պետությունները եւ անկախություն կստանան: Մնացյալ փոքր ժողովուրդները, քանի որ չեն պահպանի միջազգային նորմերը, քաղաքակիրթ ձեւով կկլանվեն մեծերի կողմից: Իսկ մեզ՝ հելլեններիս կվերադարձնեն Կոնստանդնուպոլիսը, ոչ թե, որ մեզ շատ են սիրելու, այլ որովհետեւ մենք կպահպանենք զսպվածությունը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել