Քանի որ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն իմ Ֆեյսբուքյան ընկերներից է, հուսով եմ, որ կկարդա իմ այս գրառումը: Անցյալ շաբաթ, Շանթ Հարությունյանի և իր համախոհների դատական նիստերից մեկի ժամանակ, ամբաստանյալ Վարդան Վարդանյանն ահազանգեց, թե ինչպիսի վատ պայմաններում են այսօր գտնվում կալանավորները, ինչպես են տասը և ավելի կալանավորների տեղավորել մի նեղլիկ և սանիտարահիգիենիկ պայմաններ չունեցող խցում: Գաղտնիք չէ, որ ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված են և տարիներ շարունակ մարդու իրավունքների պաշտպանության անվան ներքո դրամաշնորհներ են ստանում թիվ ու հաշիվ չունեցող կազմակերպություններ: Նրանցից միայն մեկ-երկուսի գործունեությանն ենք ականատես, որոնք ներկա են լինում դատական նիստերին, ահազանգում են մարդու իրավունքների խախտումների մասին: Շատ կցանկանայի, որ պարոն Մանուկյանը մանրամասն ուսումնասիրի և հանրությանը հաշվետվություն ներկայացնի, թե իր ղեկավարած նախարարությունում գրանցված բազում-բազմաթիվ կազմակերպություններն այսօր ինչով են զբաղված, իրենց որ առաքելության համար են ստանում դրամաշնորհներ, կոնկրետ ինչ են արել, որոնց մասին մենք՝ լրագրողներս ու քաղաքացիներս, իրազեկված չենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել