«Ալեքս Գրիգ» ընկերությունում օգոստոսի 12-ին ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած միջոցառումները տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեցին: Նկատի ունենալով, որ այս ընկերության սեփականատերը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, որ ընկերությունը Հայաստանի ամենախոշոր հարկատուներից է, բայց միեւնույն ժամանակ տարածված կարծիք կա, որ այն ունի ստվերային մեծ շրջանառություն, նման արձագանքը բնական պետք է համարել: Հիշեցնենք, որ վերոնշյալ ընկերության բեռնատար մեքենայով առաքման իրականացման պահին, օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները պարզել են, որ տեղափոխման բեռնագրում «Ալեքս Գրիգ» ընկերությունը նշել է «Արմսվիթ» ընկերությանը մատակարարվող 2500 կգ ընդհանուր քաշով շաքարավազի հումքի մասին, սակայն պարզվել է, որ պահեստում արդեն իսկ բեռնաթափվել էր 5500կգ հումք: Այսինքն, 3000 կգ շաքարավազի հումք չի նշվել, որը, ըստ ներկայացված փաստաթղթերի, պետք է տեղափոխվեր "Ալեքս Գրիգ"-ի ընկերության մանրածախ վաճառքի կետ: Տեղի ունեցածը վկայում է նաեւ, որ առանց բացառությունների բոլոր տնտեսվարողներին ստվերից դուրս բերելու վերաբերյալ կառավարության մոտեցումը ձեւական չէ, ինչպես հաճախ մեկնաբանվում է: Իրադարձությունների ընթացքին հետեւելով, կտեսնենք դա: Նախ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունենում խոշոր գործարարների հետ, առաջարկում նրանց ինքնուրույնաբար դուրս գալ ստվերից եւ դրա համար ժամկետ նշանակում մինչեւ հուլիսի 1-ը: Դրանից հետո, ոմանք փոփոխում եւ բարելավում են հարկային մարմնին ներկայացվող ցուցանիշները: Մյուսները, ըստ ֆինանսների նախարարության մոտ 1200 ընկերություններ, թերեւս մտածեցին, որ սա հերթական արշավն է եւ շարունակեցին աշխատել նույն կերպ: Նրանց նկատմամբ արդեն, վարչապետի խոստացած ժամկետից` հուլիսի 1-ից հետո, սկսվեցին կիրառվել օրենքով նախատեսված լծակները: Այդ մասին նույնպես գործարարների հետ հանդիպման ժամանակ նախազգուշացրել էր Հովիկ Աբրահամյանը: Ֆինանսների նախարարության կողմից անցած մեկ ամսվա ընթացքում մի շարք հաղորդագրություններ են եղել տնտեսվարողների կողմից դուրս գրվող հարկային հաշիվների, իրական շրջանառությունների, թաքցված աշխատողների եւ այլ խախտումների բացահայտման դեպքերի մասին: Բազմաթիվ ընկերությունների պետական բյուջեից թաքցված գումարների վճարման պահանջ է առաջադրվել, որոնց ընդհանուր ցուցանիշը մեկ ամսվա ընթացքում կազմել է 2-3 մլրդ դրամ: Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ բոլոր տնտեսվարողների համար գործել են նույն մոտեցումը եւ նույն սկզբունքները: Ֆինանսների նախարարության ներևկայացրած ռիկսային տնտեսվարողների մեջ են բոլորին հայտնի խոշոր ընկերություններ` արտադրող, ներմուծող, սուպերմարկետներ, շինարարական եւ այլ կազմակերպություններ, որոնք պատկանում են հանրությանը հայտնի մարդկանց: Մարդիկ, որոնց մեջ են նաեւ, թե իշխող կուսակցությունը ներկայացնող, թե իշխանության ղեկին գտնվող անձանց շրջապատի մարդիկ: Այդ մասին, ի դեպ, նույնպես հայտարարել էր վարչապետը, ասելով, որ այս գործընթացում չեն լինելու յուրայիններ եւ դրան պետք է ենթարկվեն նաեւ իր մտերիմները: Այս առումով, ասվածի ամենականառու դրսեւորումը «Ալեքս Գրիգի»-ում հայտնաբերված խախտումն էր: Մնում է միայն հուսալ, որ բոլորի նկատմամբ օրենքի հավասարապես կիրառման մոտեցումը կշարունակվի, ինչը ոչ միայն պետական բյուջե հավելյալ գումարներ կբերի, այլեւ կնպաստի արդար մրցակցային դաշտի ձեւավորմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել