Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնող ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ պատրաստվում է նամակ հղել ԵԽԽՎ նախագահին, ԵԽ գլխավոր քարտուղարին, Մարդու իրավունքների հանձնակատարին՝ ուղարկելով այն կադրերը, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է Կարեն Պետրոսյանին ուղղակի նվաստացնում ադրբեջանցի գեներալը։ «Մեր պատվիրակությունը ոչ միայն անմիջականորեն հակազդելու է ադրբեջանական անհեթեթություններին, այլ նաև լրջագույն խնդիրներ է բարձրացնելու ԵԽ վեհաժողովում»,–հավելեց պատգամավորը։

-Տիկին Զոհրաբյան, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովն անցած շաբաթ հայտարարեց, որ իրենք սահմանին լարվածության և հրադադարի ռեժիմի խախտումների առնչությամբ պետք է բարձրացնեն ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությանը լիազորություններից զրկելու հարցը, որը նախկին նախաձեռնության ժամանակ հետաձգվել էր մինչև սեպտեմբերյան նստաշրջան: Եվ, առհասարակ, իրենք բոլոր կառույցներում առաջարկելու են Հայաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառել: Հայկական պատվիրակությունն ինչ-որ կերպ պատրա՞ստ է հակադարձելու ադրբեջանցիներին:

-Սա առաջին դեպքը չէ, որ ադրբեջանական պատվիրակությունը հանդես է գալիս անհեթեթագույն առաջարկներով և կեղծ «հիմնավորումներով»: Այո, նախորդ նստաշրջանում նրանք երեք նմանօրինակ նախաձեռնություններ փորձեցին ներառել օրակարգ, երեքն էլ այս կամ այն կերպ առնչվում են Հայաստանին:

Նրանց երեք նախաձեռնությունները ԵԽԽՎ բյուրոն հետաձգեց մինչև սեպտեմբերյան նստաշրջան։ Ասեմ, որ մենք ևս ունենք լուրջ նախաձեռնություններ, որոնց մասին հիմա չեմ ցանկանում խոսել, բայց բնական է, որ մեր պատվիրակությունը ոչ միայն անմիջականորեն հակազդելու է ադրբեջանական անհեթեթություններին, այլ նաև լրջագույն խնդիրներ է բարձրացնելու ԵԽ վեհաժողովում։

-Ենթադրում եմ, որ դա վերաբերում է Ադրբեջանի վերջին դիվերսիոն գործողություններին ու Կարեն Պետրոսյանի «հանկարծամահ լինելուն»:

- Բնականաբար նաև դրան կվերաբերի: Ասեմ, որ վաղը պաշտոնական նամակով և կից՝ տեսասկավառակով, պաշտոնապես դիմելու եմ ԵԽԽՎ նախագահին, ԵԽ գլխավոր քարտուղարին, Մարդու իրավունքների հանձնակատարին՝ ուղարկելով այն կադրերը, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է Կարեն Պետրոսյանին ուղղակի նվաստացնում ադրբեջանցի գեներալը՝ խախտելով Ժնևյան կոնվենցիայի բոլոր կանոնները: Ինչպես նաև՝ սկավառակով ուղարկելու եմ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գործակալության ռեպորտաժը, որտեղ սահմանային ադրբեջանական գյուղի բնակիչներն իրենց հարցազրույցներում փաստում են, որ Կարեն Պետրոսյանը դիվերսանտ չէ և հաստատում են, որ պարզապես մոլորվել և անցել է սահմանը։

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել