21-րդ դարը դեռ նոր է ընթացք հավաքում, բայց արդեն գրանցել է մի քանի «տեղական» մակարդակի պատերազմներ և «ժառանգել է» նախորդ դարի բազմաթիվ ընթացիկ հակամարտություններ: Պատերազմ սկսող մի քանի երկրների «հռետորաբանությունը» ներսի և դրսի համար. 
ԱՄՆ /ներսի համար/- Սիրելի հայրենակիցներ, մենք /այսինքն՝ կառավարությունը/ շարունակելու է ձեզ սպասարկել նույն ձևով, ինչ այժմ: Ձեր նկատմամբ կառավարության և տեղական կառավարությունների բոլոր պարտավորությունները կկատարվեն անխաթար, ձեր աղբը ժամանակին կհավաքվի, ձեր պարենային և արդյունաբերական սպասարկումը չի նվազի, ձեր հանգստի ու ժամանցի բոլոր հնարավորությունները կմնան բարձր մակարդակի վրա, բայց մենք, որպես մարդու իրավունքի առաջատար երկիր, կգնանք օգնելու մեր կարիքն ունեցող «....» երկրի ժողովրդին և հուսով ենք, որ մեր երկրի հասարակությունը : /Դրսի համար/-ԱՄՆ-ը իր մարդասիրական պարտքն է համարում օժանադակելու «.... » երկրի ժողովրդին՝ բռնատիրությունը վերացնելու և մարդու իրավունքների վերանկանգնման սրբազան գործին: 
Ռուսաստան,- /ներսի համար/ Սիրելի հայրենակիցներ, նյութապաշտ արևմուտքի գաղութարարները կարծում են, որ թուլացել է ռուսական ոգին: Ռուսական ուղղափառ քաղաքակրթությունը թույլ չի տա, որ ոգու սովը իշխի մոլորակի վրա, թույլ չի տա, որ ճնշված ժողովուրդները շարունակեն ճնշվել և և զոհ գնալ նյութապաշտ արևմուտքի գաղութարարների ինտրիգների հետևանքով իրենց կորցրած ռեսուրսների ավերակների վրա: Ռուսական հանելուկային հզոր ոգին հակակշիռն է նյութապաշտ արևմուտքի կեղտոտ նկրտումների, և միավորելով մեր ուժերը՝ մենք կկարողանանք դեմ կանգնել նյութապաշտ կայսրությունների կեղտոտ խաղերին: Մեր հասարակությունը պատրաստ է դիմանալ սովին, աղքատությանը, ապրել արարման ոգով և ինքն իրեն զոհաբերել՝ հանուն մարդկության ոգեղենության: Սա է ռուսական ուղղափառ քաղաքակրթության բացահայտ ու թաքնված ուժը, սա է անպարտելի ռուսական ոգին, հզոր Ռուսաստանի հիմքերի հիմքը, և մենք պատվով կկատարենք մեր առաքելությունը: /Դրսի համար/,- Դուք կարծու՞մ եք, որ ռուսական արջը նահանջե՞լ է: Դուք սխալվում եք, և ինքներդ շուտով կհամոզվեք, որ սխալվել եք: Ռուսաստանը բոլոր ճնշվածների հովանավորն է, Ռուսաստանը քաղաքակրթության զարգացման սնուցող ակունքն է, և եթե դուք դրանում կասկածում եք՝ դուք ստիպված կլինեք դա ընդունել: 
Թուրքիա /ներսի համար/,-մենք անելու ենք այս ու այս, քանի որ այդպես է պահանջում թյուրքական /տարբերակ՝ իսլամական/ գերազանցության հեռանկարը: Թուրքիան պե՛տք է վերադարձնի իր երբեմնի աշխարհակալությունը, և նա դա կանի: /Դրսի համար/,-Թուրքիան առաջնորդվում է ՄԱԿ-ի սկզբունքներով և օգնում է աշխարհում արդարության ու խաղաղության հաստատմանը՝ ձեռք ձեռքի տված մարդու իրավունքների պաշտպանության երկրների հետ: 
Քաղաքակրթական, արդարության, մարդու իրավունքների այս ողջ հռետորաբանությունը ի սպաս է դրված աշխարհակալական նկրտումներով պատերազմները և զենքի արտադրությունը սպասարկելուն: Պարզապես պատերազմակիր երկրների մի մասը պատերազմն օգտագործում է նաև իր հասարակությանը սպասարկելու համար, մյուս մասը՝ իր հասարակությունը զոհաբերում է բուն պատերազմին և դրա գաղափարին, այլ կերպ ասած՝ դրանց հասարակությունները սպասարկում են պատերազմներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել