Անձնագիրը ներկայացնելիս հաճախ ենք բարդութավորվում ու միանգամից ասում. «Անձնագրիս նկարը չնայես, ահավոր ա» :) : Գրեթե միշտ տարբեր ոճերով հանդես եկող հայտնիներն էլ առանձնապես գոհ չեն իրենց անձը հաստատող հիմնական փաստաթղթի լուսանկարից ու իրենք էլ մեզ պես խուսափում են այն ցույց տալ: Այնուհանդերձ, եղան հայտնիներ, ովքեր ոչ միայն գոհ են, այլև յոթ փակի տակ չեն պահում իրենց անձնագրերը: Ճանաչիր հայտնիներին` ըստ իրենց անձնագրային լուսանկարի:
Լիլիթ Հովհաննիսյան.
 «Անձնագիրս վիզաների համար եմ սիրում»
- Հիշո՞ւմ ես անձնագիրդ ստանալու օրը, ի՞նչ զգացողություններ ունեիր:
- Ոչինչ չեմ հիշում, մենակ հիշում եմ, որ նկարս շատ էի հավանել:

- Գումար դրե՞լ են անձնագրիդ մեջ:
- Հիշում եմ, որ շատ նվերներ եմ ստացել. գումարի տեսքով էլ եմ ստացել, սակայն անձնագրիս մեջ չեն դրել: Ի տարբերություն Վահրամենց ընտանիքի, մեր ընտանիքում սիրում են նվերներ անել :) :
- Գո՞հ ես քո լուսանկարից:
- Նախ` ասեմ, որ անձնագիրս փոխել եմ, և սա իմ երկրորդ անձնագիրն է: Նկարվելիս առաջին անգամ թափանցիկ շրթներկ էի քսել, ինձ ասում էին, որ Մաշա Ռժևսկայային եմ նման, ես էլ շատ էի ուրախանում: Այնուհետև սկսեցի չհավանել այդ նկարը, որովհետև այնտեղ շատ տարբեր էի: Անձնագիրս փոխել եմ, որովհետև մաշվել էր և ուրախ եմ, որ այլևս չեմ տեսնի հին լուսանկարը: Այստեղ այժմյան Լիլիթին եմ նման. միայն բավարարվում եմ նրանով, որ ինձ չեն շփոթում:
- Անձնագրիդ հետ կապված ի՞նչ հիշվող դեպք է եղել:
- Մի քանի ամիս առաջ, երբ գնացել էի նոր անձնագիրս ստանալու, այդ սենյակ պարբերաբար ինչ-որ մարդիկ էին մտնում ու որևէ բան խնդրում: Որոշ ժամանակ անց անձնագրավարուհին այլևս չդիմացավ և ասաց. «Ասեք` Լիլիքին ենք ուզում տեսնել, եկեք տեսեք էլի»: Այնտեղ ինձ անընդհատ հարցեր էին տալիս Վահրամից, մեր հարսանիքից ու հարցնում էին` թե ինչու եմ այդքան նիհար: Այդ ժամանակ հայրս ինձ հետ էր, երբ նրան հարցրին` արդյոք իմ հայրն է, պատասխանեց. «Ոչ, ես նրա հետ ոչ մի կապ չունեմ», որովհետև հիմա էլ սկսելու էին իրեն հարցեր տալ :) :
- Քո սիրած փաստաթուղթը:
- Քիչ փաստաթղթեր ունեմ: Անձնագիրս էլ միայն վիզաների համար եմ սիրում (երգչուհու վիզաներին կարող ես ծանոթանալ մեր հերթական համարներից մեկում): :
Սիլվա Հակոբյան.
«Հիմնականում անունս են սխալ ասում»
- Հիշո՞ւմ ես անձնագիրդ ստանալու օրը, ի՞նչ զգացողություններ ունեիր:
- Հիշում եմ, որ դրան անհամբեր էի սպասում: Անձնագիրը ապացույց է, որ չափահաս ես ու ավելի շատ իրավունքներ ունես. օրինակ` երկրից դուրս գալ:
- Գումար դրե՞լ են անձնագրիդ մեջ:
- Իհարկե, մեր տան բոլոր անդամներն առանձին-առանձին են գումար դրել, ինչպես նաև` բարեկամները:
- Գո՞հ ես քո լուսանկարից:
- Ասեմ, որ փոխել եմ անձնագիրս, քանի որ այնքան էի երկրից դուրս եկել, որ դրանում այլևս տեղ չկար: Առաջին անձնագրիս լուսանկարը Լոնդոն գնալու համար էի արել, իսկ այս երկրորդը` վիզայի համար. կարող եմ ասել` հավանում եմ:
- Անձնագրիդ հետ կապված ի՞նչ հիշվող դեպք է եղել:
- Հիմնականում անունս են սխալ ասում տարբեր երկրների օդանավակայաններում, օրինակ` Սիլվիա, Սելվիա և այլն. ես էլ միշտ ուղղում եմ:
- Քո սիրած փաստաթուղթը:
- Անձնագիրս և բանկային քարտս:
Վահրամ Պետրոսյան.
«Անձնագիրս թողել էի անցակետում»
- Հիշո՞ւմ ես անձնագիրդ ստանալու օրը, ի՞նչ զգացողություններ ունեիր:
- Անձնագիր ստանալիս մեծ լինելու զգացողություն ունեի: Չնայած, ի տարբերություն մեր դասարանցիների, ինքնուրույն քայլեր շատ էի անում. այդ տարիքում 35-40 տարեկան ընկերներ ունեի: Հիշում եմ, որ մեր դասարանի տղաների հետ էի գնացել անձնագիր ստանալու. այդ օրը շատ ենք ծիծաղել:
- Գումար դրե՞լ են անձնագրիդ մեջ:
- Ոչ անձնագրիս, ո°չ էլ դիպլոմիս մեջ գումար չեն դրել: Մեր տանը այդ ընդունված սովորությունը չի արվում, փոխարենը, երբ փողի կարիք եմ ունեցել, բարեկամներս օգնել են:
- Գո՞հ ես քո լուսանկարից:
- Ես այնքան էլ երիտասարդ չեմ ու փոխել եմ անձնագիրս: Առաջինի լուսանկարում դեմքիս բշտիկներ կային, սակայն Լիլիթն այդ նկարը հավանում էր: Ես ավելի շատ այս մեկն եմ նախընտրում:
- Անձնագրիդ հետ կապված ի՞նչ հիշվող դեպք է եղել:
- Քանի որ մազերս այստեղ շատ կարճ է, միշտ օդանավակայանում հարցնում են` իմ անձնագի՞րն է: Վերջերս էլ, երբ Հայաստան էինք վերադառնում, ինքնաթիռում մեր հետևում նստած կինը հիստերիայի մեջ էր, քանի որ կորցրել էր անձնագիրը, քարտերը: Ես սկսեցի ծիծաղել նրա այդ վիճակը տեսնելով, իսկ Լիլիթը սաստեց ինձ` ասելով. «Մի օր էլ քեզ հետ նման բան կլինի, նոր կիմանաս»: Ու հենց այդ նույն օրը` ընդամենը մի քանի ժամ անց, ես անձնագիրս թողել էի անցակետում:
- Քո սիրած փաստաթուղթը:
- Սիրում եմ բանկային հաշվիս քարտը, չնայած որ վրան լուսանկար չկա:
Շուշաննա Թովմասյան.
«Ստորագրելիս ձեռքս դողաց»
- Հիշո՞ւմ ես անձնագիրդ ստանալու օրը, ի՞նչ զգացողություններ ունեիր:
- Հա, շատ լավ եմ հիշում: Անհամբեր սպասում էի, քանի որ թղթերը հանձնելուց հետո ասել էին, որ երկու օրից կարող եմ ստանալ: Անձնագրի մեջ ստորագրելիս էլ ձեռքս դողաց ու լավ չստացվեց` չնայած դրանից առաջ տանը պարապել էի :) :
- Գումար դրե՞լ են անձնագրիդ մեջ:
- Հենց դուրս եկա անձնագրային կետից, արդեն սկսեցին գումար դնել անձնագրիս մեջ: Հիշում եմ, որ 1000-ից էր սկսվում ու հասնում մինչև 10.000-ի:
- Գո՞հ ես քո լուսանկարից:
- Չէ, գոհ չեմ: Ինչ-որ նոր օրենքի պատճառով այժմ նկարը փակցնելու փոխարեն այն տպում են անձնագրի վրա, ինչի պատճառով նկարը մի տեսակ մաշված ու շաղված է երևում:
- Անձնագրիդ հետ կապված ի՞նչ հիշվող դեպք է եղել:
- Կոնկրետ դեպք չի եղել: Անձնագրիցս օգտվում եմ միայն այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կա: Միայն հունվարին Սանկտ Պետերբուրգ գնալիս այն 24 ժամ ձեռքումս էր:
- Քո սիրած փաստաթուղթը:
- Սիրում եմ ծննդականիս պատճենը. ընդհանրապես «քսերոքսները» շատ եմ սիրում, քանի որ բնօրինակը չէ: Սիրում եմ նաև սոցիալական ու բանկային հաշվիս քարտերը:
Նյութը՝ esyas.am-ից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել