Tert.am-ը գրում է.

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր կարծիքն է հայտնել սահմանային լարվածությամբ պայմանավորված երկրում տիրող ներկա իրավիճակի, հայ ժողովրդի հայրենապաշտպան ոգու, համախմբվածության շուրջ՝ համոզմունք հայտնելով, որ մեր Հայրենիքի սրբությունն ու պահպանությունը անկախ կյանքի պայմաններից ու նրա բերած մարտահրավերներից երբեք չի խամրել մեր ժողովրդի հոգում։ «Մեր գենը երբեք տեղի չի տվել ու երբեք էլ տեղի չի տա նրանց հանդեպ, ովքեր կփորձեն կամ ավելի ճիշտ՝ կսխալվեն՝ փորձելով խաթարել այն: Մենք հյուրընկալ և հյուրասեր ժողովուրդ ենք, եթե մեր տուն այցելում են խաղաղության ոտքերով, ընդունում ենք խաղաղության ավետիսով, բայց եթե այցելում են պատերազմի ռազմակոշիկներով, ճաշակում են այն, ինչ բերել են իրենց հետ»,-Tert.am-ին տված հարցազրույցում ասաց հոգևորականը։

-Զինադադարի քսան տարիների ընթացքում կարծես թե հայությունն այսքան մոտ չի եղել պատերազմին, որքան այսօր է: Իսկ այդ ընթացքում երկրում ազատամարտիկների ինչ-որ տեղ չգնահատվածությունը, սոցիալական խնդիրները, թվում էր, թե սպանում են ժողովրդի՝ հայրենիքի համար պայքարելու ոգին: Դուք այսօր ի՞նչ իրավիճակ եք արձանագրում այդ առումով: 

- Թույլ տվեք ասել, որ զինադադարը սոսկ ֆորմալ, թղթի վրա եղած անվանական բնույթ է կրել այս ամբողջ ժամանակահատվածում: Մեր սահմանապահ հերոս զինվորներն ու ժողովուրդը մշտապես եղել են գնդակոծության և պատերազմի ուրվականի ներքո: Դժբախտաբար կյանքի զավեշտ իրականությունն այն է, որ ճակատամարտում ու պատերազմում հաղթելն ավելի դյուրին է քան խաղաղության մեջ հաղթանակ տանելը, որի բեռը մեր ամենօրյա կյանքում շատ հաճախ մեզ հուսալքում, ընկճում և անորոշության է մատնում: Իհարկե, ցավալի է, որ շատ հաճախ մենք չենք կարողանում ըստ արժանվույն գնահատել մեր ունեցածը, ինքներս մեզ և սա ոչ միայն մեր օրերում այլ ընդհանրապես, այսուհանդերձ, ես խորապես և մշտապես համոզված եմ եղել, որ Հայրենիքի սրբությունն ու պահպանությունը անկախ կյանքի պայմաններից ու նրա բերած մարտահրավերներից երբեք չի խամրել մեր ժողովրդի հոգում, մեր գենը երբեք տեղի չի տվել ու երբեք էլ տեղի չի տա նրանց հանդեպ, ովքեր կփորձեն կամ ավելի ճիշտ կսխալվեն փորձել խաթարել այն: Դա հայ, և հատկապես քրիստոնյա հայ լինելու բարձրագույն որակն է, որտեղ քաջությանը վախկոտություն չկա խառնված: Դա ձեռքբերովի չէ և ոչ էլ զգեստ փոփոխելու նման, այլ մեր արյունն է և բնական հոգեվիճակը, որից ո՛չ սուրը, ո՛չ հուրը և ո՛չ էլ այլ հարված կարող են մեզ բաժանել: Դա մեր կյանքն է ու ապրելու եղանակը: Միայն թե այս վերջին օրերի այս ինքնաբուխ համախմբվածությունը հետո պատճառ չդառնա ավելի մեծ հուսախաբության կամ հուսահատության՝ այսինքն միայն զգացմունքով չառաջնորդվենք, այլ այն պատճառ ու առիթ հանդիսանա մեր կյանքը վերագնահատելու և նաև դառնա սխալների ու մեղքերի վերասրբագրելու շրջան: 

-Ինքներդ շատ եք առնչվում Սփյուռքի մեր հայրենակիցների հետ, ներկա իրավիճակի շուրջ ի՞նչ տրամադրություններ են նրանց մոտ: 

-Ինչպես վերն ասացի, այս պայմաններում է փաստվում մեր մեկությունը, անկախ մշակութային ազդեցություններից ու ընկալումներից: Այս օրերին մտահոգության հետ միասին սփյուռքի զանազան համայնքներից, գոնե իմ ծանոթներն ու բարեկամները ապրում են նույն զգացումներով ինչ Հայաստանում կամ Արցախում: Սա է մեր ցեղի հրաշք հոգին: Անշուշտ, մեր նկարագրի մի մասն է կազմում նաև վտանգի և կորուստի զգացումի պահին միայն դառնալ համահավաք, միակամ ու միասիրտ: Դա էլ թերևս ներբնական ենթագիտակցական մի դրսևորում է, որը թելադրված է եղել պատմության հարվածներից, ըստ այդմ էլ մեր լավագույն որակները, ինքնաճանաչողության հստակ գիտակցությունը արտահայտվում են համընդհանուր սպառնալիքների և վտանգների ժամանակ: Հիմա սա լավ է կամ վատ չեմ կարող ասել, բայց դա մենք ենք: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել