Արարողակարգային փուլը ավարտվեց: Արդյունքը այն է ինչ ասվել էր սկզբում, մեր լինելության, խաղաղության երաշխիքը նույնն է` ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ: Մնացածը հիմա կդառնա քննարկման առարկա` "ըստ բաժանարար գծերի": Սահմանի այն կողմին կփորձեն իրենց քաղաքացիներին համոզել, որ այս անգամ իրենք մեզ "հաղթել են", իսկ ընդիմությունն էլ կասի` ոչ, պարտվել ենք: Նույնը, ցավոք կլինի մեր մոտ: Շատ կուզեմ, որ մենք այդ առումով տարբերվենք: Գոնե, անվտանգության հարցերում լինենք միակամ` ինչպես դա եղավ ԱԺ ԲՈԼՈՐ խմբակցությունների հայտարարության ժամանակ: Հենց այդ միասնությունը չնսեմացնելու համար, հետո չասվի թե այն ժամանակ պետք էր, հիմա` ոչ: Հենց այդ միասնությունը նաև ստիպեց թշնամուն զերծ մնալ նոր արկածախնդրությունից: Այդ միասնությունը թույլ տվեց մեր բանակին նոր կորուստներ չկրել և ստիպեց թշնամուն համակերպվել իրողության հետ` հասկանալով, որ ոչ թե արտագաղթ չի լինի, հնարավոր մարտական գործողությունների ժամանակ, այլ միակամ զենք ենք բռնելու: Ու դառնալով հիմնականին` բանակին: Մեր զինվորները այս օրերին զգացին թիկունքի ջերմ, սրտանց աջակցությունը ու ԲՈԼՈՐԻ կողմից: Լավ կլինի, որ այդ մոտեցումն ու քայլերը շարունակական լինի: Զինվորը ոչ միայն սահմանային լարվածության ժամանակ պետք է դա զգա, այլ` ՄԻՇՏ:
Հ.Գ. Ասածս չի նշանակում թե իշխանությունը լավն է ու նրան ընդիմախոսներ չպետք լինեն: Ընդհակառակը` մեզ ընդիմություն է պետք, որը կարողանա իշխանությանը ստիպել աշխատել ժողովրդի և ոչ սեփական բարեկեցության համար, բայց դա այլ ծիրում է, որը առանցքային այս հարցերի հետ կապ չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել