Մոտ մեկ ժամ առաջ Սոչիում կայացել է ՌԴ նախագահ Վ.Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի երկկողմ հանդիպումը:ՌԴ նախագահի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն`քննարկվել են երկու պետությունների երկկողմ ու տարածաշրջանային մի շարք հարցեր: Առանձին քննարկվել է նաև Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Ուշադրության է արժանի մի փաստ. ողջույնի իր խոսքում Ալիևը մասնավորապես նշել է. «Եվ իհարկե, տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերը մեր տարածաշրջանում այն հարցերն են, որոնք միշտ մեր օրակարգում են: Իհարկե նաև կքննարկենք հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը, որն արդեն շատ է ձգձգվել և իր լուծումն է պահանջում»: Այսինքն ադրբեջանական կողմը հարցի հստակեցում ու վերջնական լուծում է պահանջում, և արդեն իսկ հանդիպման սկզբում նշում է այդ մասին: Ադրբեջանական կողմը վճռականորեն է տրամադրված այս հանդիպումներում, և բացառված չէ, որ այս հանդիպումների ժամանակ հստակ պահանջներ կդնի բանակցությունների սեղանին: Դժվար է ասել, արդյոք հստակ տեղաշարժ կարձանագրվի այս հանդիպումների արդյունքում, թե ոչ: Բայց հետաքրքիր է նաև այն, որ Վ.Պուտինը առաջինը նախընտրեց ընդունել Ալիևին, այլ ոչ թե մեր նախագահին: Սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ Պուտինը սկզբում ցանկանում էր հանդիպել Ալիևին`որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու ու անելիքները Ալիևի հետ համաձայնեցնելու նպատակով: Հուսանք,որ այս խաղերը բացասականորեն չեն անդրադառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել