Tert.am-ը գրում է.

Իտալական News.panorama.it կայքն անդրադարձել է Եվրոպայի հետ Ադրբեջանի հարաբերություններին և այդ հարցում Իտալիայի դիրքորոշմանը։ Այդ համատեքստում հեղինակ Աննա Մացցոնեն նաև անդրադառնում է ԼՂ հակամարտությանը։ Հոդվածը ստորև ներկայացնում ենք թարգմանաբար։

Ադրբեջանի նախագահը թվիթել է, որ պատրաստ է պատերազմել Հայաստանի դեմ և ասում է, որ Իտալիայի կառավարությունն իր հետ է: Ինչո՞ւ մինչ այժմ ոչ ոք դա չի ժխտել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արժանացել է առաջին «դիկտատոր 2.0» մրցանակի: Աննախադեպ է, որ մի պետության ղեկավարը սպառնա պատերազմ հայտարարել մեկ այլ պետության թվիթի միջոցով: Բայց մարդը սատանայից մի քիչ ավելի գիտի, և նրա թվիթերի էջը միայն անգլերեն է` միջազգային հանրության, այլ ոչ թե իր հպատակների (Ադրբեջանում «քաղաքացի» հասկացություն գոյություն չունի) հետ խոսելու համար:

Համաձայն նրա, վերջերս Հռոմ կատարած իր այցի ժամանակ գտել է նոր «ընկերներ»,որոնք պատրաստ են աջակցել իր դիրքորշմանը Լեռնային Ղարաբաղի հարցում, չնայած այդ կապակցությամբ ԵՄ մոտեցումներին: Արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոգերինին առայժմ լուռ է այս առնչությամբ` զարմանք առաջացնելով Բրյուսելում, որտեղ հարց է առաջացել, թե ում կողմից է Իտալիան: Հարցը փոքր նշանակության չէ, հաշվի առնելով, որ Մատեո Ռենցին նամակով դիմել է Ժան ԿլոդՅունկերին` ԵՄ արտաքին հարցերի հանձնակատարի բարձր պաշտոնի համար ներկայացնելով հենց Ֆեդերիկա Մոգերինիի թեկնածությունը: 

Բայց փորձենք հասկանալ, թե խոսքը ինչի մասին է: Հայաստանի և Ադրբեջանի միջև «սառեցված պատերազմը», որտեղ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է վեճի կենտրոնը, մի կտոր հող հարավկովկասյան լեռների միջև` բնակեցված մեծամասամբ քիստոնյա բնակչությամբ, որն իրեն խորապես հայ է զգում:

Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմը սկսվել է 80-ականների վերջին և ավարտվել (ավելի ճիշտ` սառեցվել) 1994թ. մայիսին, որի հետևանքն է 1 մլն-ից ավելի փախստականներ և հազարավոր զոհեր: Այդ ընթացքում Խորհրդային Միության փլուզումից հետո 2 երկրները դարձան անկախ հանրապետություններ։

Գոյություն ունի ժողովրդավարական մի հանրապետություն` Հայաստան և մի դաժան բռնատիրություն Ադրբեջան՝ ծպտված որպես հանրապետություն: Քիստոնյա և աղքատ հանրապետություն` Հայաստան, հարուստ և իսլամական հանրապետություն` Ադրբեջան: Բաքուն տեղակայված է գազի և նավթի պաշարների վրա, որը և հանդիսանում է Ալիևների դինաստիայի հաջողության գրավականը, որոնք արդեն տասնյակ տարիներ շարունակ իշխում են երկիրը տեռորի միջոցով, լռեցնելով երգչախմբից դուրս ցանկացած ձայն:

Ադրբեջանում ընդդիմությունը նման է պանդայի` վերացման եզրին գտնվող տեսակի: Նրանք, ովքեր դեռ ողջ են, բոլորը գտնվում են բանտում: Խոսքի ազատությունը երազանք է: Լրատվամիջոցները վերահսկվում են ռեժիմի կողմից, և միջազգային կազմակերպություններն ամեն օր դատապարտում են մարդու և քաղաքացիական ամենատարրական իրավունքների ոտնահարումները: Նույն Եվրոպան շատ անգամ դեմ է արտահայտվել Ալիևների ռեժիմին:

Օրերս Քեթրին Էշթոնը մամուլի հաղորդագրություն է հրապարակել, որտեղ ասվում է. «Սարսափելի է այն փաստը, որ ևս մեկ մարդու իրավունքների կարևոր պաշտպան Ռասուլ Ջաֆարովը ձերբակալվել է Ադրբեջանում»,- և ավելացնում, - «շարունակում ենք անհանգստանալ տարածաշրջանի անվտանգության իրավիճակով և հիշեցնում ենք Լեռնային Ղարաբաղի հետ կապված 2014թ. օգոստոսի 3-ի մեր հայտարարությունը: Մենք վստահ ենք, որ քաղաքացիական հասարակությունը կենսական դեր ունի հիմնարար ազատությունների պաշտպանության գործում, մասնավորապես` հակամարտությունների ժամանակ: Սա էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բառոզոյի ուղերձը նախագահ Ալիևին` իր 2014թ. հունիսի 14-ին Ադրբեջան կատարած այցի ժամանակ»:

Բառոզոյի կողմից վերջերս վերահաստատած ԵՄ դիրքորոշումը վերջին տարիների ընթացքում չի փոխվել: Եվրոպական հանձնաժողովի նախագահը Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոն որակել է անընդունելի և նշել, որ հրադադարից 20 տարի անց «խաղաղությունը մնում է դեռևս անհասանելի»` կոչ անելով «Հայաստանին և Ադրբեջանին սկսել բանակցություններ խաղաղության համաձայնության հասնելու համար»:

Եվրոպան ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Ադրբեջանի կողմից է, և իր ակտիվ ներդրումն ունի Մինսկի խմբի շրջանակներում (ԵԱՀԿ հաստատություն, որը համանախագահում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը և այն ներառում է այլ պետություններ, այդ թվում` Իտալիան), որպեսզի հակամարտության կարգավորման լուծում գտնի ոչ թե զենքի, այլ` բանակցությունների միջոցով: Ամեն ինչ պարզ է: Եվրոպական մոտեցումը բյուրեղյա պարզություն ունի, ինչպես նաև ռուսականը, ֆրանսիականը և ամերիկյանը: Վլադիմիր Պուտինը հրավիրել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին Սոչի` բանակցությունների նոր փուլի համար, որպեսզի կանխի սահմանի երկայնքով վերջին օրերի բախումները, որոնք լի են նոր պատերազմի հանգեցնելու վտանգով, ինչն էլ ավելի կապակայունացնի տարածաշրջանը:

Սակայն, ըստ Ադրբեջանի ռեժիմի Իտալիան (որը ստանձնել է Եվրամիության վեցամսյա նախագահությունը) լքել է Եվրոպայի ընդունած չեզոք դիրքորոշումը Ալիևների կողքին գտնվելու համար: Ադրբեջանի նախագահը վերջերս այցով եկել էր Հռոմ: Բաքվի հետ Իտալիան ունի այրվող բաց հարց` TAP-ը, (Տրանսադրիատիկ մեգագազամուղ), որը ադրբեջանական գազը պետք է հասցնի Պուլիայի ափեր:

Սակայն իր հռոմեական արձակուրդների ժամանակ Ալիևը Իտալիաի կառավարության ղեկավար Մատեո Ռենցիի հետ բացի TAP-ից հանդիպել է մեկ այլ նպատակով ևս (պայմանագիր, որն ի դեպ ստորագրվել է Նախորդ վարչապետ Էնրիկո Լետտայի կողմից իր կառավարության անկումից մի քիչ առաջ), այն է` կորզել Իտալիայի հետ համատեղ քաղաքական հայտարարություն` հետագայում այլ երկրներում գովազդելու համար, որտեղ ադրբեջանական ռեժիմը մուտք չունի և վայելում է շատ վատ համբավ։

Մեր դիվանագետները սկսում են աշխատել համատեղ տեքստի վրա, բայց Ալիևը սովոր չէ սպասել: Իտալիայից մեկնելուց անմիջապես հետո Հռոմում Ադրբեջանի դեսպանության պաշտոնական կայքում տպագրվում է համատեղ հայտարարության նախագծի ադրբեջանական տարբերակը՝ ներկայացնելով այն որպես վերջնական հայտարարություն:

Տեքստում ասվում է, որ «Իտալիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»: Ինչը թարգմանաբար նշանակում է, որ Իտալիան «անսպասելիորեն» փոխել է իր դիրքորոշումը ԵՄ և ԵԱՀԿ-ի հետ կապված:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել