Տարբեր հասարակություններում ընտանիքը հանդիսանում է սերունդներին նյութական, հոգևոր, մշակութային արժեքներ փոխանցող կարևորագույն ինստիտուտ: Հայ ժողովրդի համար պետականության բացակայության և օտար տիրապետության պայմաններում ազգային արժեհամակարգի և հայ ինքնության պահպանման գործում դարեր շարունակ ընտանիքը անփոխարինելի դերակատարություն է ունեցել: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ամուսնական սովորույթներն արևմտահայոց մեջ հանդիսանում էին ազգային ինքնության պահպանման կարևոր նախապայման:

Հայկական հարսանիք, Արաբկիր, 1913թ. 

Օսմանահպատակ հայերի ամուսնական սովորույթները եղել են բազմաբովանդակ, երբեմն էլ` միմյանցից խիստ տարբեր, պահպանելով սակայն իրենց կրոնական ու ազգային նշանակությունը: Օրինակ նշանախոսությունը կարող էր որոշ վայրերում տեղի ունենալ օրորոցից կամ մանկական տարիքից, իսկ մեկ այլ վայրում իրականացվեր միայն չափահաս դառնալուց հետո: Նշանախոսությանը հաջորդում էր նշանադրության արարողությունը, որին մասնակցում էր նաև քահանան, ով օրհնում էր այդ կապակցությամբ բացված սեղանը: Հարսանիքը հայոց մեջ սովորաբար նշվում էր շաբաթ օրը, երբ տղան իր հարազատների հետ գնում էր հարսին իր տուն բերելու: Հայոց մեջ երեխաներին վաղ տարիքից նախապատրաստում էին ամուսնությանը: Ծնողները իրենց զավակներին պարտավորված էին զգում սովորեցնելու զանազան արհեստներ, ինչը կարևոր նախապայման էր ապագա հարսնացուի և փեսացուի համար: Այս ավանդույթը պահպանվել էր նաև օսմանահպատակ հայերի շրջանում: Օրինակ աղջիկները սովորում էին ձեռագործ, ասեղնագործություն, կար ու ձև, խմոր հունցել, հաց թխել և այլն, ինչը ամուսնության ժամանակ հաշվի էր առնվում և համարվում էր ամուր ընտանիքի, երեխաների ճիշտ դաստիարակության անհրաժեշտ պայման: Աղջիկը, որոշակի տարիքի հասնելուց հետո, սկսում էր ամենայն պատասխանատվությամբ պատրաստել նաև իր օժիտը: Նա կարում և ասեղնագործում էր սպիտակեղենը, հելյունագործում սեղանի, մահճակալի և բարձի ծածկոցներ, շյուղերով գործում զանազան հագուստներ, ծաղկամանների, ջրամանների, սկահակների տակ փռվող գեղեցիկ ժանյակներ և այլն:

Ամուսնացող տղան նույնպես պարտավոր էր տիրապետել արհեստի, որպեսզի կարողանար բարեկեցիկ կյանք ապահովել իր ապագա ընտանիքի համար:

19-րդ դարում Օսմանյան կայսրությունում լուսանկարչական արվեստը մեծ տարածում գտավ շնորհիվ նաև հայ լուսանկարիչների: Նրանց հավաքածուներում պահպանվել են Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերի հարսանեկան արարողությունների, նորապսակ զույգերի և սովորույթների լուսանկարներ: Այսպիսի լուսանկարները հարուստ տեղեկություն են պարունակում արևմտահայերի հարսանեկան ծեսերի մասին:

 Ոսկի Ռեյիսյան և Յերանոս Թոփալյան, Կ. Պոլիս, 1875թ. 

wedding-001

 Նիկոլաս և Մաքրուհի Տեր-Ղազարյան-Գաբրիելյաններ, Ակն, 1880թ.

wedding-01

 Հովհաննես և Թագուհի Թարխանյան-Հակոբյաններ, Կ.Պոլիս, 1886թ.

wedding-02

 Անդրանիկ Գուլդուրյանը հարսնացուի հետ, Մարզվան, 1890-ականներ

wedding-03

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել