Մերիլին Մոնրոն համարվում է Հոլիվուդի լեգենդը: 50 տարուց ավելի է, ինչ նա մահացել է, սակայն մարդիկ մինչ օրս էլ չեն դադարում հիանալ նրա տաղանդով և գեղեցկությամբ: Այս հոդվածում մենք փորձել ենք բացահայտել այս շիկահեր  գեղեցկուհու գրավչության 10 գաղտնիքները:  

http://shaheenmiroinsights.files.wordpress.com/2012/01/marilyn-monroe-photo2.jpg1. Շեկ մազեր

Ասում են, որ շիկահեր դառնալու որոշումը Մերիլին Մոնրոյի դերասանական կարիերայում առանցքային դեր է խաղացել: Նախքան Հոլիվուդում հայտնվելը Մերիլին Մոնրոն շագանակագույն գանգուր մազեր ուներ: Մերիլինը սևահեր ժամանակ ևս գեղեցիկ աղջիկ էր, սակայն նա հեռու էր այն սեքս խորհրդանիշի կերպարից, որին վերածվեց մազերը շեկ ներկելուց հետո: Մազերը մեկ անգամ շեկ ներկելուց հետո Մերիլինն այլևս երբեք չվերադարձավ իր նախկին գույնին:

2. Փայլուն մաշկ

Մերիլինի մաշկն առանձնահատուկ փայլ ուներ: Նա կտրականապես հրաժարվում էր հեռացնել այտերի աղվամազերը: Նա պնդում էր, որ նկարահանման հրապարակի լույսերի ներքո դրանք փայլ են հաղորդում մաշկին:  Բացի այդ նա օգտագործում էր հարթեցնող քսուկներ, որոնք լավ վիճակում էին պահում նրա մաշկը:

3. Կարմիր շուրթեր

Կարմիր շուրթերը միշտ էլ այս շիկահեր գեղեցկուհու կերտած կերպարների այցեքարտն են հանդիսացել: Նրա շնորհիվ շիկահերների համար ասես չգրված օրենք լինի իրենց դիմահարդարումն ամբողջացնել ալ շրթներկով: Նրա շուրթերին կարմիր շրթներկը փայլփլում էր՝ էլ ավելի ընդգծելով Մերիլինի բնատուր հմայքը:

4. Երկար թարթիչներ

Մերիլինը մի անգամ ասել է.

Կանայք ընդամենը երկու զենք ունեն` աչքի տուշը և արցունքները, սակայն մենք չենք կարող դրանք միաժամանակ օգտագործել:

Երկար թարթիչները առանձնահատուկ մոգական ուժ էին հաղորդում Մերիլինի հայացքին: Նա ոչ միայն ներկում էր թարթիչները, այլև ժամանակ առ ժամանակ օգտվում արհեստական (այսպես կոչված «դնովի») թարթիչներից:  

http://www.bobcrespo.com/wp-content/uploads/2014/05/Marilyn-marilyn-monroe-979562_1024_768x.jpg

5. Ժպիտ

Մերիլինի արտաքինին փայլ էր հաղորդում նաև նրա պայծառ ժպիտը: Կինոդերասանուհին ասում էր. «Ժպտացե՛ք. չէ՞ որ կյանքը սքանչելի է»: Հոլիվուդյան ժպիտը պահպանելու համար Մերիլինը ատամները լվանալիս չէր բավարարվում հասարակ ատամի մածուկով, այլ օգտագործում էր նաև սոդա: Հանդիսատեսը, տեսնելով Մերիլինի ճերմակափայլ ժպիտը, չէր կարողանում դիմադրել նրա հմայքին:

6. Օծանելիք

Թե՛ Մերիլինի, թե՛ նրա կերտած կերպարների անբաժան մասը օծանելիքն էր: Մերիլինի հայտնի աֆորիզմներից մեկից դատելով՝ կարելի է ենթադրել, որ նա անգամ գիշերն էր օծանելիք ցանում: 

Ինչո՞վ եմ ես պառկում քնելու: Ինչպե՞ս թե ինչով: Իհարկե մի քանի կաթիլ «Շանել №5» օծանելիքով:  

Այս օծանելիքն ամբողջովին համապատասխանում էր Մերիլինի կերպարին: Նա ասում էր, որ չկա օծանելիք չսիրող կին,  պարզապես կան կանայք, ովքեր դեռևս չեն գտել իրենց օծանելիքը:

7. Սեփական կանացիության գիտակցում

Մերիլինն ի բնե օժտված էր կանացիությամբ: Նա գնահատում էր դա և փորձում էր ընդգծել: Նա մի անգամ ասել է. «Կանացի գրավչությունը ուժեղ է այն դեպքում, եթե այն բնական է ու տարերային»:

https://pleasurephoto.files.wordpress.com/2013/10/marilyn-monroe-1926-1962-circa-1952-photo-by-nickolas-muray-george-eastman-house-getty-images.jpg

8. Գեղեցիկ կառուցվածք

Մերիլինը երբեք դասական մոդելային կառուցվածք չի ունեցել: Նրա քաշը տարբեր ժամանակահատվածներում տատանվել է 53-66 կգ-ի միջև, սակայն նրա կառուցվածքը միշտ կանացի է եղել: Նա չի ձգտել նիհար լինել: Մի անգամ Մերիլինն ասել է.

- Այն աղջիկները, ովքեր իրենք իրենց գեր են համարում այն պատճառով, որ զրոյական համարի հագուստ չեն կրում, պետք է իմանան, որ իրենք գեղեցիկ են, հասարակությունն է այլանդակ:

9. Պրոտեինով հարուստ նախաճաշ  

Դերասանուհին չէր մոռանում առողջ սննդից բաղկացած նախաճաշի կարևորության մասին: Նա առավոտյան տաքացնում էր կաթը և դրա մեւ կոտրում երկու հում ձու: Պրոտեինով հարուստ այս սննդամթերքը Մերիլինին ապահովում էր էներգիայի անհրաժեշտ պաշարներով:  

10. «Ոչ» նախապաշարմունքներին  

«Մերիլինը կարծում էր, որ անկատարությունը գեղեցիկ է, թեպետ նա ինքը շատերի համար կատարելատիպ է դարձել: Այն, ինչ շատերը դիմացինի մեջ թերի ու անկատար են համարում, իրականում որոշ դեպքերում յուրահատուկ է դարձնում նրան: Առաջին հայացքից անկատար թվացող այդ հատկություններով մարդ տարբերվում է մնացած բոլորից: Անմշակ գեղեցկությունը, որը մարդուն տրված է ի բնե, պետք է բարձր գնահատել:  Մերիլինը հիմնականում հենց այդպես էլ վարվում էր, միայն թե նա իրեն հատուկ խորամանկ հնարքներով ընդգծում էր իր բնատուր գեղեցկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել