Tert.am-ը գրում է.

Խորվաթիայի մայրաքաղաքում Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Երեկ՝ օգոստոսի 6-ին, մրցագորգը տրամադրվել էր 55, 66, 84 և 120 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշներին:

55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Եվրոպայի գործող չեմպիոն Գևորգ Ղարիբյանը պայքարը սկսեց 1/16-րդ փուլից: Այստեղ նա 8:0 հաշվով առավելության հասավ կոլումբացի Տորո Դիտչերի նկատմամբ: Այնուհետև 1/8-րդ փուլում, 12:3 հաշվով վստահ հաղթանակ տոնելով, պայքարից դուրս թողեց Մոնղոլիայի պատվիրակ Պունտսագ Էրդենեբիլեգին: Սակայն քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը 0:9 հաշվով զիջեց Իրանի ներկայացուցիչ Բեհրուզ Մալեկին: Վերջինս էլ հաջորդ փուլում 0:8 հաշվով տանուլ տվեց Ադրբեջանի պատվիրակին և չհասավ եզրափակիչ: Ինչի պատճառով Գևորգ Ղարիբյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

66 կգ քաշային կարգում հանդես եկող այս տարվա Եվրոպայի չեմպիոն Հրանտ Կալաչյանը 1/16-րդ փուլում 15:11 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ստեֆան Կլեմենտին: 1/8-րդ եզրափակիչում մեր ըմբիշի մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչ Ռուհին Միխայլովն էր, որի հետ գոտեմարտն ավարտվեց 4:4 հաշվով: Եվ միայն վերջինը միավոր վաստակելու համար հաղթանակը շնորհվեց Ադրբեջանի ներկայացուցչին, որն էլ հասավ մինչև եզրափակիչ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ադրբեջանցու հետ գոտեմարտում Կալաչյանը դարձավ մրցավարական ակնհայտ կողմնապահության զոհ: Նա իրավունք էր ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար, սակայն սփոփիչ գոտեմարտում Կալաչյանը 8 :10 հաշվով զիջեց մոլդովացի Դանիել Ցատարագային ու կորցրեց մեդալ նվաճելու վերջին հույսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել