ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 6-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպեց հանրապետության լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Պաշտպանության նախարարը նշեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում հակառակորդը, գերագնահատելով իր ուժերը, հատուկ ստորաբաժանումների դիվերսիոն խմբերով մի քանի հարձակում իրականացրեց մարտական հերթապահություն իրականացնող հայկական դիրքերի ուղղությամբ եւ սդրբեջանական զինված ուժերը շարունակում են հայկական ուժերի դիրքեր ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը, ինչպես նաև հայկական ուժերի և խաղաղ բնակավայրերի գնդակոծությունները` տարբեր տրամաչափի զենքերից. « ՀՀ պաշտպանության նախարարության, զինված ուժերիգլխավոր շտաբի անձնակազմի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ զոհվածների հարազատներին և մտերիմներին: Իհարկե, ոչ մի սփոփիչ խոսք չի կարող ամոքել հայրենիքի ծառայության ժամանակ զոհվածների ծնողների ու հարազատների ցավն ու կսկիծը, հավասարության ոչ մի նշան չի կարող դրվել կարեկցանքի և անդառնալի վշտից հորդած արցունքների միջև: Բայց և հավատացեք` յուրաքանչյուր զինծառայող նաև իմ որդին է, իմ կրտսեր եղբայրը, և այս դժվար պահին ինչպես դուք, այնպես էլ ես կարեկցանքի և հատկապես հասարակության աջակցության կարիքն ունենք »: 

Նախարարը կոչ արեց, որ չկորցնենք մեր սթափությունը, չթուլացնենք մեր զգոնությունը, չմոռանանք, որ մենք դեռևս ապրում ենք զինադադարի պայմաններում. «Հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձ արեց կրկին ստուգելու հայի ոգու ամրությունը, բայց նրանք չեն գիտակցում, որ այսօր մեր զինված ուժերը համալրված են հաղթանակած բանակի այն հրամանատարներով, ովքեր իրենց փորձն են փոխանցում անկախ պետությունում ծնված հայրենիքի արժանի որդիներին»:

Նախարարը տեղեկացրեց, որ վերջին մի քանի օրերին մեր ստորաբաժանումները կանխել են հակառակորդի մի քանի տասնյակ դիվերսիա, որոնք բնականաբար իրականացվում են նրանց հատուկ պատրաստություն անցած ստորաբաժանումների միջոցով. «Ես պարզապես փաստեր չեմ արձանագրում, այլ ներկայացնում եմ մեր հրամանատարների և զինվորական ծառայություն իրականացնող բոլոր տղաների գործունեությունը, որի վկան եք բոլորդ: Եթե մենք այսօր հեռվում նստած տրվենք ԶՈՒ գործունեությունը վերլուծելուն, ապա մենք կկորցնենք մեր ապագան: Մենք չենք կարող հասարակական կարծիքի ճնշման տակ բացահայտել մարտական խնդիրները, շատ փաստեր կան, որոնք ամբողջովին պարզ չեն, բայց դրանք էլ կարճ ժամանակ անց կպարզվեն: Գիտակցեք, որ այս պահին էլ առաջնագծում կանգնած են մեր հրաշալի տղաները, որոնք մարտնչում են բոլորիս խաղաղ կյանքի համար:Իսկ այն զինվորներն ու սպաները, ովքեր իրենց գլուխը հողին դրեցին հանուն հայրենիքի, նրանք մեր հաղթանակների պահապաններն են, մենք նրանց չենք կորցրել, այլ գտել ենք, գտել ենք մեր հասարակության իրական հերոսներին, որոնց անունները պետք է հնչեն ամենուր` դպրոցներում ու համալսարաններում, ԶԼՄ-ներում»:

Սեյրան Օհանյանը նշեց, որ հակառակորդի այս պահվածքն առաջացրել է նաև համաշխարհային հանրության անհանգստությունը. «Մենք մեր դիրքորոշումը հստակորեն ներկայացրել ենք միջազգային համապատասխան ատյաններին: Հայկական զինված ուժերն իրականացնում են իրենց առաքելությունը` պաշտպանելու սեփական բնակչությանը և սահմանները:Հակառակորդը միջազգային պարտավորությունների խախտումներով ապակողմնորոշում է ոչ միայն միջազգային հանրությունը, այլև իր ժողովրդին` տարածելով ամենատարբեր ապատեղեկատվություն, ատելություն սերմանելով հայի հանդեպ: Ցավում եմ, որ նրանց ղեկավարությունը չի գնահատում զինվորի արժեքը»:

ՀՀ զինված ուժերում այս տարին հայտարարվել էր փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի տարի, ինչպես նշեց Սեյրան Օհանյանը, կարողացան արձանագրել հաջողություն. «Այս ութ ամիսների ընթացքում զինված ուժերում արձանագրվել է ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում դիտավորությամբ կատարված մեկ մահվան դեպք: Դժբախտաբար, այդ մեկ մահը կանխել չի հաջողվել, բայց զինված ուժերում իրականացվող բարեփոխումների և հրամանատարների համառ և տքնաջան աշխատանքի շնորհիվ մենք հասանք ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանքով կորուստների գրեթե բացառմանը»:

Ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, պաշտպանության նախարարն ընդգծեց. «Ես պատասխանատու եմ ժողովրդիս առաջ: Թույլ տվեք անկեղծանալ. այսօր ես հպարտ եմ ՀՀ զինված ուժերով: Այս զգացումն ինձ տվել են այն բոլոր շարքայիններն ու սպաները, ովքեր ավելի քան գիտակցում են իրենց կյանք արժեցող ու կյանք խլող գործի արժեքը: Բանակն արդեն 20 տարուց ավելի իր բոլոր ստորաբաժանումներով կայացած և թրծված կառույց է: Բանակը մշտապես զբաղված է ինքնապատրաստությամբ, մենք անաչառ քննության ենք ենթարկում ինքներս մեզ: Օրըստօրե ձգտում ենք կատարելագործվել: Բանակի կայունությունն ամենօրյա ջանք է պահանջում: Մենք չենք բավարարվում ձեռք բերածով, քանզի մեր գործում հատկապես կատարելությունը սահման չի ճանաչում: Ոչ մի շքանշան, ոչ մի պատվո աստիճան չի կարող փոխարինել այն գնահատանքին, որը տրվում է հարազատ ժողովրդի կողմից: Ինձ համար այս 100 օրը բանակային իմ կյանքի հերթական մի փոքրիկ ժամանակահատվածն է, հայ ժողովրդին մատուցած իմ ծառայության մի փոքրիկ մասը: Այս օրերի ընթացքում ևս մենք կատարեագործեցինք մեր պաշտպանությունը... »:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել