Գլանակի տևողությամբ առավոտյան վերընթերցումներ...

«... Անգլիական հյուպատոսարանի թարգմանիչը գրում է. «Հյուպատոսի հանձնարարությամբ գնացել էի Շամիրամ, որ հետևեմ իրադարձություններին:

Ճանապարհը բռնված էր զինվորական սայլերով, այս ու այնկողմ շարժվող կանոնավոր զորքերով և, մանավանդ, անկիրթ քուրդ խուժանով: Հրամանատար Ֆերիգ փաշայի վրանը Շամիրամից մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող մի բլրի վրա էր: Հենց ներս մտա, վալին սկսես շան լկտի փոլիտիկոսի բառերով հայհոյել հայ ավազակներին, որոնք արդեն սպանել ու  վիրավորել էին բազմաթիվ զորքեր ու ձիավորներ:

Դուրս եկա վրանի տակից` մի քիչ նայելու շրջակայքին, պայծառ արևի տակ անգամ շատ քիչ բան կարելի էր տեսնել: Հեծելազորի շարժումներից բարձրանում էր փոշու ամպ: Ախթալից  հասած նշանավոր գազան չերքեզ Ալա բեյը 400 սուվարիերով կտրել էր Շամիրամը Նեմրութի փեշերից և Գրգուռի ստորոտներից: Հարավային դիրքերը բռնել էին կանոնավոր զորքը, ժամդարմները, քրդերը և այլն, ընդամենը 3000 օսմանցի…

 Թուրքերը արձակեցին փոքրիկ թնդանոթի մի քանի հարվածներ միայն: Կռիվը մղվեց հրացանի անուլ և անդադրում կրակով: Գնացի զինվորական հրամանատարի միրալա Սայիդ բեյի վրան: Նա ասաց. «Այս ստահակները (հայդուկները) առյուծի պես են կռվում»: («Ավո-«Գևորգ Չաուշ, էջ 236-238):

 Բիթլիսից թուրքերի նոր ուժեր բերեցին, բայց մութն արդեն ընկել էր: Գևորգը մի ռումբ պայթեցրեց, որ հայդուկների հավաքվելու պայմանանշանն էր: Շամիրամում թուրքերը կորցրին մոտ 70, իսկ հայերը` 1 հոգի:

«Ֆրանկֆուրտ ցայտունգը» գրում է. «Օգոստոսի 13-ին կռիվ տեղի ունեցավ 40 հոգանոց հայ խմբի և ոստիկան զինվորների միջև»: Օգոստոսի 19-ին Կ.Պոլսից «Ռեյտեր» գործակալությանը հայտնեցին, որ «վերջին օրերս տեղի ունեցած կռիվնեռրի ժամանակ Բիթլիսի նահանգի Շամիրամ գյուղի միայն մի քանի տներ են քանդվել: Հայ խումբը կարողացեավ Նեմրութ հասնել»:

 Հատված` «Ինձ բահ տվեք…» (Գևորգ Չաուշ) փաստագրական վեպից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել