Ամենուր խուճապ...Դադարեցրեք, հայեր: Յուրաքանչյուրիս համար սարսափելի դժվար է, սա մեր ճակատագիրն է, բայց մենք ենք ընթացքն ու ավարտը թելադրողները: Հանդիպում եմ մարդկանց բարձրագոչ հայտարարությունների և զարմանում. բանակից որևէ ինֆորմացիա չունենալով` քննարկում են հարցեր և կերտում չեզոք հայրենասերի կերպար: Հայրենիքը գործոն չէ կայանալու համար, հայրենիքը` մենք ենք, հայեր: Հավատացեք, հիմա պիտի հոգեպես կոտրվեի, քանի որ ամեն օր տեսնում եմ հորս անարցունք հայացքը, մամայիս աղեկտուր լացը, եղբորս երեք տղաների սպասողական հայացքները. 17 տարի շարունակ եղբայրս իր ընկերների և զինվորների հետ ամուր է պահում մեր Ղարաբաղը: Լացելու փոխարեն հպարտանում եմ, որովհետև աչքիս առաջ ունեմ հայրենիքին նվիրյալ մարդ: Դադարեք անտեղի հոդվածներ հրապարակել ու ցավեցնել մարդկանց. շատերի եղբայրներն ու հայրերն են սահմանում, սիրած տղաները, ի վերջո` մեր ազգի տղամարդիկ: Եթե նորահայտ հայրենասիրական պրոպագանդայով եք ցանկանում զբաղվել, ապա սխալ ժամանակ եք ընտրել` սերը հայրենիքի հանդեպ կիսատ-պռատություն չի ճանաչում. ով նրա համար չի անում ամեն ինչ `չի անում ոչինչ. ով նրան ամեն ինչ չի տալիս, նա մերժում է նրան ամեն ինչ: Մեր հավատն ու ուժն է պետք միաբանել ու հավատալ, որ զորեղ ենք, կարող ենք և անպարտելի ենք: Հայեր, մեր միաբանության առաջ աշխարհն էլ ծնկի կգա, մեր արյան կանչն ու հոգին ուրիշ են, մեր` միմյանց սատար կանգնելու, ոգևորելու և քաջալերելու բացառիկությունը ոչ մի ազգ չունի: Մենք կորուստներ ունեցանք, բայց և մեր ԱԶԱՏՆ ապացուցեց իր ԱԶԱՏ անունով`հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է, իսկ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԸ միմիայն մերն են և վերջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել