Ըստ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածած հաղորդագրության, 2014թ. հուլիսի 31-ին բանկի խորհուրդը հաստատեց Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագրի իրականացման համար 37 միլիոն դոլարի չափով Հայաստանին վարկի տրամադրումը: Ծրագրի նպատակն է՝ իրականացնել դեռևս խորհրդային տարիներից ժառանգած էլեկտրահաղորդման համակարգի հիմնանորոգումը՝ ներառյալ կառավարման և տվյալների փոխանակման համակարգի ընդայնումը և բարձրավոլտ երկու ենթակայանների արդիականացումը: Բանկում վստահ են, որ այդպիսով կկրճատվեն էլեկտրահաղորդման կորուստները, կբարելավի ենթակայանների հզորությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարման որակը և հուսալիությունը քաղաքային և գյուղական համայնքների սպառողների համար, որն իր հերթին շահավետ է թե՛ տնտեսապես, թե՛ սոցիալապես:
Եթե հաշված շաբաթներ առաջ Համաշխարհային բանկի կողմից տրամադրված նախորդ վարկը պիտի օգտագործվեր բաշխիչ ցանցերի գործունեության ոլորտում, որպիսի պարագայում այդ վարկի ներգրավման փոխարեն կարող էր օգտագործվել ցանցերի բազմամիլիարդանոց շահույթը, ապա այս պարագայում պատկերը լիովին այլ է:
Բանն այն է, որ այս դեպքում միջոցները նախատեսվում է ուղղել բարձրավոլտ էլեկտրացանցերին, որոնք և իրականացնում են էլեկտրաէներգիայի հաղորդումը: Սակայն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն աշխատում է չնչին շահույթով, որը հազիվ կես մլն դոլար է կազմում: Սա նշանակում է, որ այս վարկը իր առկա շահույթների հաշվին մարելը թվում է բավականին խնդրահարույց: 
Ու վաղ թե ուշ այս կազմակերպությունն է բռնելու դեպի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ճանապարհը՝ պահանջելով իր մատուցած ծառայությունների սակագների բարձրացում: Իսկ նրա հետևից կգան և համակարգի մյուս կառույցները:
Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ մեր կառավարությունը չի տեսնում պետության առջև ծառացած խնդիրների ավելի հետաքրքիր և արդյունավետ լուծման տարբերակներ, քան վարկ վերցնելը և դրա մարման հոգսերով ապագա սերունդներին ծանրաբեռնելը: 
Եվ հետաքրքիր մի փաստ՝ էներգահամակարգի այն ձեռնարկությունները, որոնք պատկանում են պետությանը, աշխատում են առանց շահույթի կամ չնչին շահույթով, իսկ օտարերկրյա սուբյեկտներին պատկանողները՝ գերշահույթով: Սակայն սա արդեն այլ հրապարակման նյութ է: 
Իսկ առայժմ՝ երբ գա վարկերը մարելու ժամը, չասեք՝ չասացինք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել