Հոգնած ու, ինչպես միշտ, սոված, բարձրացա երթուղային: Նստեցի նախավերջին շարքի ազատ աթոռին ու սկսեցի մտածել… բա հիմա ո՞վ է լինելու իմ պատմության հերոսը… գուցե կանգառում կանգնած կապուտաչյա այն երիտասարդը, որի պատճառով բաց թողեցի առաջին երթուղայինս` ինքս ինձ համոզելով, թե իբր տեղ չկա ու կանգնելու հավես էլ չկա, թե` կանգառում կողքիս նստած փափլիկ տիկինն ու իր աղջիկը… մտորում էի, որքան հետաքրքիր է ուսումնասիրել տարբեր մարդկանց, նրանց հագ ու կապը, շարժուձեւը…

իմ պատմության հերոսուհինՀանկարծ երթուղայինը կանգ առավ հերթական կանգառում, ու գանգրահեր, բարակիրան մի աղջիկ` քանոնը ձեռքին, բարձրացավ երթուղային … գույնզգույն մեխակների փոքրիկ փունջ ուներ… «երեւի համերգից է գալիս»,- մտածեցի ես… Սիրում եմ քանոն նվագող աղջիկներին… Չեմ սիրում մեխակներ. չնայած իրենց անուշ հոտին, նրանք ինձ միշտ տխուր դեպքեր են հիշեցնում…

- Ներեցեք, ի՞նչ է Ձեր անունը:

- Ի՞նչի:

- Ասեք, կասեմ:

- Անահիտ:

- Ուզում եմ Ձեր մասին պատմություն գրել:

- Ո’չ, պետք չէ….

Նրա փոխարեն ցանկացած ուրիշ մեկը կասեր այո, իսկ նա ասեց ոչ…

Երթուղայինը կանգ առավ, ինչպես միշտ շնորհակալություն հայտնեցի վարորդին ու իջա: Անձրեւ էր մաղում, տարօրինակ տխրություն էր իջել վրաս, ասես ինչո՞ւ ասաց ոչ… բա հիմա ո՞վ պետք է լինի պատմությանս հերոսը …

Անձրեւի կաթիլները կամաց-կամաց անէացրին, սրբեցին տարան իմ գանգրահեր հերոսուհուն…

«Չեմ սիրում մեխակներ,- մտածեցի ես, – նրանք ինձ միշտ տխուր դեպքեր են հիշեցնում…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել